ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Երևանը կարող է հարթակ դառնալ ԱՄՆ-Իրան բանակցությունների համար․ իրանագետ

Կամ գործարք, կամ ռազմական գործողությունների հավանականություն․ սա այն է, ինչ առաջարկում է Իրանին Միացյալ Նահանգները։ Թեհրանը հերթական անգամ ի պատասխան՝ հայտարարում է, որ հնարավորություն ունի հարվածելու հակառակորդի բոլոր հենակետերին, որտեղ էլ դրանք գտնվեն։

Այս փոխադարձ հայտարարությունների ֆոնին որոշ փորձագետներ պաշտոնական Երևանին առաջարկում են ԱՄՆ-Իրան բանակցությունների համար հարթակ դառնալ։  

ԱՄՆ-Իրան պաշտոնական նամակարգությանը զուգահեռ երկու կողմից նաև հայտարարություններ են հնչում։ Թեհրանն արդեն Օմանի միջոցով պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին։ Դրա բովանդակության մասին ոչինչ չի ասվում, սակայն հիշեցվում է Իրանի պաշտոնական տեսակետը ԱՄՆ հետ բանակցություններ վարելու հարցում։ Դիրքորոշումը հստակ է՝ Թեհրանը չի բանակցի ճնշման կամ սպառնալիքի ներքո, սակայն, ընդհանուր առմամբ, միշտ կողմնակից է հարցերը բանակցությունների միջոցով լուծելու տարբերակին։ Ի պատասխան այդ հայտարարության, ԱՄՆ նախագահ Թրամփն ասել է, որ կա՛մ Իրանի հետ կնստեն և կբանակցեն, կա՛մ այդ երկրի հետ վատ բաներ տեղի կունենան։ Իհարկե Թրամփը շեշտել է, որ չէր ցանկանա, որ այդպես լիներ։

Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Իրանն իր համար կարևորագույն հարցերի ցանկում առաջին տեղերից մեկում է։

«Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա․․․ նախընտրում եմ, որ աշխատենք Իրանի հետ։ Բայց եթե մենք չպայմանավորվենք, ապա Իրանի հետ վատ բան տեղի կունենա»։

Թե ինչ նկատի ունի Թրամփը՝ «վատ բան» ասելով, պարզ չէ։ Սակայն հստակ է, որ բանակցությունների թեման իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն է։

ԱՄՆ նախագահի հայտարարությանն ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ Իրանը չի ենթարկվի ԱՄՆ նախագահ Թրամփի սպառնալիքներին և պատրաստ է վճռականորեն արձագանքելու ցանկացած հարձակման։​

Ըստ Ալիռեզա Թանգսիրիի Իրանը երբեք չի բանակցի իր հրթիռային ծրագրի կամ «դիմադրության ճակատի» հնարավորությունների շուրջ, գրում է իրանական Mehr գործակալությունը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը նաև պարզաբանել է, որ Իրանը ձգտում է խաղաղ հարաբերություններ ունենալ իր հարևանների հետ և որևէ սպառնալիք չի ներկայացնում  տարածաշրջանի երկրների համար։​

Անդրադառնալով Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությանը՝ Թանգսիրին պարզաբանել է, որ այդ որոշումը բարձրաստիճան պաշտոնյաների իրավասության տակ է, բայց եթե նման հրաման տրվի, իր ուժերը պատրաստ են այն իրականացնելու։​

Ի պատասխան Թրամփի սպառնալիքների՝ իրանցի հրամանատարը ասել է, որ չի պատրաստվում վերլուծել դրանք, սակայն լսում է սպառնալիքները, դիտարկում գործողությունները և պատրաստվում է դիմակայել դրանց։​

Նա նաև խոսել է այն մասին, թե ինչ կանի Իրանը, եթե հարձակում իրականացվի որևէ աշխարհագրական կետից։

«Մենք հնարավորություն ունենք հարվածելու թշնամու բոլոր հենակետերին, որտեղ էլ դրանք գտնվեն: Եթե մեզ վրա հարձակվեն աշխարհագրական որևէ կետից, մենք պատասխան հարված կհասցնենք այդ վայրում»։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ ԱՄՆ-Իրան լարված հայտարարությունների ու նամակագրության պայմաններում Հայաստանը կարող է լրջորեն շահել, եթե կարողանա նման  բանակցությունների հարթակ դառնալու նախաձեռնություն դրսևորել։ Ըստ իրանագետի՝ այդ հնարավորությունն օբյեկտիվորեն առկա է, քանի որ Իրանը պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է անուղղակի բանակցել Միացյալ Նահանգների հետ։  

Տելեգրամում Ոսկանյանը գրում է․ «Հնարավորությունը, սակայն, դեռ չի նշանակում դրա հաջող իրացում, ուստի այս հարցում, որպես առաջին քայլ, անհրաժեշտ է համակարգված աշխատող հայկական երկու հատուկ բանագնացների նշանակում, որոնցից մեկը կաշխատի իրանական, իսկ մյուսը՝ ամերիկյան ուղղությամբ։

Սա չափազանց բարդ և ջանադիր աշխատանքի տիրույթ է, որի հաջողության դեպքում քաղվելիք օգուտները մեր պետությանը լիուլի կփոխհատուցեն այն ողջ տքնաջան և դժվարին աշխատանքը, որից խուսափելն այդ առաքելության ընթացքում անհնարին կլինի»։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Հայաստանի համար մտահոգիչ է համարում  Իրանի շուրջ զարգացումները։ Նա կարծում է, որ ԱՄՆ-ը այս պահին Իրանի նկատմամբ հստակ ռազմավարություն չունի։ Եվ եթե Թրամփի վարչակազմը որոշի կարգավորել հարաբերությունները Իրանի հետ, ապա դա կնշանակի բանակցություններ, որոնց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կպահի թե՛ իրանական կողմը, թե՛ ամերիկյան։

ԱՄՆ-Իրան հարաբերությունները ճիշտ հասկանալու համար այսպես ասենք՝ «լակմուսի թուղթ» կարող է լինել հայտնի 907 բանաձևի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումը, ինչի մասին ֆեյսբուքում հիշեցնում է Սարգսյանը։

«Մի զարմացեք, բայց այստեղ չափազանց կարևոր ցուցիչ կարող է դառնալ նաև 907-րդ բանաձևի շրջանցման կամ դրա ուժի մեջ թողնելու հարցը։ Ադրբեջանին տրամադրվող անվտանգային օգնությունը միշտ էլ տրամադրվել է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դեմ։ Սա երբեք չի հերքվել ամերիկացիների կողմից։ Հետևաբար, եթե Թրամփի վարչակազմը օգնություն է տրամադրում Ադրբեջանին, դա նշանակում է, որ Իրանի դեմ որոշակի ակտիվ գործողություններ, այդուհանդերձ, հնարավոր են»։

Սուրեն ՍարգսյանըԱՄՆ-Իրան նամակագրության ու մեսիջների ներքո նկատելի է համարում վերջին օրերին ամերիկյան դիվանագիտական ապարատի ակտիվ աշխատանքը Թուրքիայի հետ՝ տարածաշրջանում հնարավոր էսկալացիան կանխելու համատեքստում։ 

«Ակնհայտ է, որ Սյունիքի դեմ հնարավոր գործողությունների արդյունքում Իրանը ստիպված կլինի իրականացնել որոշակի քայլեր՝ կանխելու իր արտաքին սահմանի կորուստը, ինչը, ի վերջո, կհանգեցնի Թուրքիայի ներգրավմանը։ Այդ զարգացումից միանշանակորեն կօգտվի նաև Իսրայելը»։

Սակայն Սուրեն Սարգսյանը նկատում է, որ որքան էլ Իրանի հարցում Իսրայելն ազդեցություն ունենա Միացյալ Նահանգների վրա, Թրամփը չի շտապում քայլեր ձեռնարկել, որոնք իր կարծիքով չեն բխելու ԱՄՆ շահերից:

Կարդացեք նաև

Back to top button