Անահիտ Պետրոսյանը ծնվել է 1962 թվականին Ստեփանակերտում։ Ավարտելով Գանձակի թեթև արդյունաբերության տեխնիկումը աշխատանքի է անցել Ստեփանակերտի «Ղարմետաքս» կոմբինատում, որն իր արտադրանքով ժամանակին հայտնի էր խորհրդային ամբողջ տարածքում։
1992 թվականին հազարավոր արցախցիների նման Անահիտ Պետրոսյանի ընտանիքն էլ անդամագրվեց հայրենիքի պաշտպանության գործին։ Եղբայրը՝ Աշոտ Պետրոսյանը (մականունը խմբապետ Շավարշ), ինքնապաշտպանական առաջին ջոկատների կազմակերպիչներից մեկն էր, Մարտունու պաշտպանական շրջանի առաջին հրամանատարը։ Մարտունու պաշտպանության ղեկը հենց նա՛ է փոխանցել Մոնթե Մելքոնյանին։
Աշոտ Պետրոսյանը 89-ին գերի էր ընկել, մոտ մեկ տարի ադրբեջանական տարբեր բանտերում անցկացրել, այդ թվում՝ Ակնայի։ Հայկական կողմին հաջողվել էր նրան ազատել գերությունից, բայց առողջությունն արդեն կորցրած։ Երբ Ակնան ազատագրվեց, Աշոտը հենակների վրա էր, դժվարությամբ էր տեղաշարժվում, բայց ցանկանում էր իր աչքերով տեսնել հակառակորդի ընկած ամրոցը, որի բանտի պատերի ներքո փորձում էին կոտրել իր կամքը։ 1993 թվականի հուլիսի 23-ին դեպի Ակնա շտապող ավտոմեքենան ականի վրա է հայտնվում, Աշոտը զոհվում է։ 1992 թվականից, որպես առաջնագծի բուժքույր, բանակում էր նաև Անահիտը։
«Բուժօգնություն ցուցաբերելու համար առաջին անգամ պիտի մասնակցեի գործողություններին։ Երբ իմացան, որ Աշոտի քույրն եմ, բերեցին մի ավտոմատ, ասացին՝ սա մեզ համար բերած եղբորդ առաջին զենքն է, վերցրու ու սրանով կմտնես։ Դա ամենամեծ տպավորությունն էր դիրք գնալուց առաջ»,-պատմում է տիկին Անահիտը։
1995-ից մինչև 2022 թվականը Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում էր աշխատում։ 44-օրյայի սարսափելի օրերին տարիների փորձն օգնում էր չկորցնել սառնասրտությունը, որպեսզի կարողանա օգնել վիրավորներին, որոնց բերում էին առանց դադարի։ Առանց դադարի Արցախի գլխին եկած փորձությունները Անահիտ Պետրոսյանի ընտանիքին էլ ստիպեցին լքել Արցախը։ Բայց Հակարիից հետո էլ տիկին Անահիտի կամքը չկոտրվեց։ Գիտակցում է, որ հանուն որդիների պարտավոր է առաջ գնալ։ Արցախյան գեղեցիկ բարբառով ասում է՝ ոչ մի վախտ դուխս չի ընկնում։ Այս հարցում շատ է օգնում աշխատանքը, որտեղ շրջապատված է հիմնականում արցախցիներով ու արցախյան համ ու հոտով։




