ԿարևորՄիջազգային

Լեհաստանը փորձում է համալրել ռազմական պահեստները, որոնք արդեն դատարկ են․ փորձագետ

ՆԱՏՕ-ն ավերիչ պատասխան կտա Լեհաստանին հարվածելու դեպքում հայտարարում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Վարշավա այցին ընդառաջ Ռյուտեն իր պատրաստակամությունն է հայտնել պատասխանելու դաշինքի անդամ երկրների դեմ սպառնալիքներին, այդ թվում ՌԴ կողմից։ Փորձագետները այդ հայտարարությունը պատահական չեն համարում, նրանք համոզված են, որ Լեհաստանը ձգտում է համալրել զենքի պաշարները։

Լեհաստանի կամ ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկրի վրա ցանկացած հարձակում կարժանանա կոշտ պատասխանի ողջ դաշինքի կողմից, հայտարարում է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Վարշավայում նա վերահաստատել է ՆԱՏՕ-ի հանձնառությունը՝ պաշտպանելու իր անդամներին ցանկացած հնարավոր սպառնալիքից, այդ թվում՝ Ռուսաստանից:

«Մեր արձագանքը կործանարար կլինի։ Սա պետք է բավականին պարզ և հասկանալի լինի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հարձակվել մեզ վրա»:

Ինչ հիմք կա նման հայտարարության, եթե ԱՄՆ և Ռուսաստանը պատրաստվում են հանգուցալուծման հասնել ռուս–ուկրաինական հակամարտության հարցում և խաղաղություն հաստատել։ Քաղաքագետ Հրանտ Մելիքյանը այս հայտարարությունը պայմանավորում է վերջերս անցկացված ուսումնասիրությամբ, որը պարզորոշ ցույց է տվել, որ Լեհաստանի ռազմական պահեստները դատարկ են․

«Վերջերս ռազմական խաղ է եղել որտեղ փորձարկել են Լեհաստանի պաշտպանունակությունը, եթե օրինակ Ռուսաստանը հարձակվի և նման ճակատային պատերազմ  լինի, ինչպիսին վարում է Ուկրաինան։  Եվ ըստ գնահատականների, Լեհաստանը ընդամենը երկու շաբաթ կարող է նման պատերազմին դիմանալ։ Այսպիսով,  Լեհաստանում իհարկե, որոշակի լարվածություն ստեղծվեց  այդ պատճառով և Լեհաստանի պաշտպանության նախարարությունը և ՆԱՏՕ-ն շտապեցին, որպեսզի արձագանքեն, բայց պարզ է, որ նման հայտարարության բովանդակությունը ունի ավելի շուտ քարոզչական բնույթ, քան թե էական բովանդակություն ունի»։

Այս տեղեկությունը չի  բացահայտում իրական պատկերը և ավելի շատ ուղղված է ներքին լսարանին, համոզված է փորձագետը, քանի որ հայտնի չէ, թե իրական վտանգի դեպքում, երբ, օրինակ, մեծ պատերազմ սկսվի, ինչպես կզարգանան իրադարձությունները և ինչպես կարձագանքի ԱՄՆ կամ ՆԱՏՕ-ն ու Լեհաստանը միասին։ Սակայն մյուս կողմից նաև ակնհայտ է, որ ռուս–ուկրաինական պատերազմի պատճառով  ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրների ռազմական պահեստները դատարկ են, ասում է փորձագետը․

«Ուկրաինական ճակատը այս պահի դրությամբ ողջ Արևմտյան ճակատն է, որտեղ ԱՄՆ և Թուրքիան դեռ շատ զենք ու զինամթերք ունեն։ Իսկ ՆԱՏՕ-ի մյուս անդամները զգալիորեն դատարկել են իրենց պահեստները»։

Դեռևս այս տարվա մարտի 18-ին Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան հայտարարել էր, որ Լեհաստանի «Արևելյան վահան» ամրացման նախագծի շրջանակներում  նախատեսվում է հակահետևակային ականներ տեղադրել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին։

Բեյդան հայտարարել էր, որ Լեհաստանը ներկայումս չունի հակահետևակային ականներ, սակայն ունի դրանք արտադրելու կարողություն։

Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը նախկինում «Արևելյան վահանը» Լեհաստանի արևելյան սահմանը և ՆԱՏՕ-ի արևելյան թևը ուժեղացնելու ամենամեծ նախագիծն է համարել 1945 թվականից ի վեր:

Հրանտ Մելիքյան․ «Լեհաստանի իշխանություններն ուզում են ապագայում մեծացնել ռազմական ծախսերը, և պարզ է, որ հանրային կարծիքը զուտ ռազմական ծախսերը բարձարցնելու հարցում դրական է տրամադրված, բայց այն գինը, որ պետք է վճարվի, այնքան էլ չի ընկալվում, և նման հայտարարությունները այդ գինը արդարացնելու համար են արվում։ Լեհաստանը ուզում է մոտակա 4-5 տարվա ընթացքում շատ լուրջ ռազմական ներդրումներ անի, որպեսզի ինքը ապագայում ավելի պաշտպանված և ուժեղ լինի»։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նաև հստակեցրել է, որ Լեհական կործանիչները ապրիլի 4-ից  սկսելու են  հսկել Բալթիկ ծովի օդային տարածքը:

«Օդային պատրուլի նշանակությունը այն է, որ լեհական ԶՈՒ ռազմական փորձ չունեն, որոշակի փորձ ձեռք են բերել Ուկրաինայում, սակայն գործնական փորձի ուսումնասիրություն է հարկավոր, և լեհական ավիացիայի փորձարկումներ են արվում։ Այսինքն, սովորեցնում  են օդին, որպեսզի ապագայում օդաչուները կարողանան ավելի արագ գործել և փորձառություն ունենալ»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը  գնահատում է Լեհաստանի պատրաստակամությունը սահմանի պաշտպանության «Արևելյան վահան» նախագծին աջակցելուն, որը, ըստ Ռյուտեի,  ռուսական հնարավոր ներխուժումից պաշտպանվելու միջոցներից մեկն է ։ 

Կարդացեք նաև

Back to top button