ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայաստանը չի շարունակի «ղարաբաղյան շարժումը»․ Երևանը Բաքվից պատասխան հայտարարության է սպասում

Ինչո՞ւ Ադրբեջանը չի ստորագրում Հայաստանի հետ համաձայնեցրած պայմանագիրը, ինչո՞ւ է գնում իրավիճակի սրման, և ինչպես Երևանը պետք է արձագանքի Բաքվի այդ մարտավարությանը․ այս հարցերը խորհրդարանում ուղղվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ։

Հայաստանի վարչապետը պարզաբանել է նաև, թե նախօրեին ինչ է քննարկել ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամին մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանն այլևս չի շարունակում «ղարաբաղյան պայքարը» և փակում է այդ էջը։ Սա, ըստ Փաշինյանի, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար բավարար չէ, պատասխան քայլ պետք է անի նաև Ադրբեջանը։ Թե որ քայլի մասին է խոսքը, Փաշինյանը պարզաբանել է ԱԺ ամբիոնից։

«Ինչ վերաբերում է պայմաններին և նախապայմաններին, մենք ինչո՞ւ ենք ասում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման հարցը մեզ համար քննարկելի է այն նույն պատճառով, որի մասին քիչ առաջ ասեցի․ կարծում եմ, որ մենք «ղարաբաղյան շարժումը» պետք է չշարունակենք։ Բայց ինչո՞ւ ենք հետաձգում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման հարցով որոշումը։ Որովհետև մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ «ղարաբաղյան շարժումը» չենք շարունակում, այնպես էլ այնտեղ՝ Ադրբեջանում, չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, ասենք՝ օրինակ «արևմտյան Ադրբեջանի» շարժում։ Եւ այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու, այլ՝ կոնֆլիկտային տրամաբանությունն Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին է։ Ես կարծում եմ, որ շատ պարզ տրամաբանություն է»։

Հայկական կողմն Ադրբեջանի Սահմանադրության մեջ տարածքային նկրտումներ տեսնում է, սակայն, Բաքվի օրինակով, նույն՝ Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում, քանի որ համոզված է, որ բոլոր լուծումները Խաղաղության պայմանագրում են։ Առկա մտահոգությունները փարատելու լավագույն ձևը, ըստ Փաշինյանի, Խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է։ «Ես պատրաստ եմ ստորագրել այն»,-հայտարարել է նա ԱԺ ամբիոնից՝ սա համարելով նաև Բաքվում պահվող հայ գերիներին վերադարձնելու լավագույն ճանապարհը։

«Ես իրոք պատրաստ եմ ստորագրել։ Եվ իմ տրամաբանությունն այն է, որ նույնը պետք է հնչի Ադրբեջանից, որովհետև այդ թուղթը 2021-22 թվականներից հետո այսպես թե այնպես համատեղ աշխատանքի արդյունք է։ Այսինքն՝ այդքան աշխատել ենք, որոշումներ ենք կայացրել, համաձայնեցրել տեքստը, որ ասենք՝ չէ, պատրա՞ստ չենք ստորագրել։ Բա եթե պատրաստ չենք ստորագրել, ինչո՞ւ ենք համաձայնել»։

Հարցուպատասխանին նաև իշխանական պատգամավորներն են Հայաստանի վարչապետին հարցեր ուղղել վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին հնչող կրակոցների և իրավիճակի մասին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Լիլիթ Մինասյանը վարչապետին ուղղված հարցում խոսել է նաև հրապարակված տեսանյութերի մասին։

Մենք Ադրբեջանի կողմից տեսնում ենք նախ՝ առաջ քաշված նախապայմաններ, որոնք երբևիցե բանակցային սեղանին չեն եղել, հետո՝ ապատեղեկատվություն, որ կրակոցներ են սահմանին և իբր թե Հայաստանը խախտում է հրադադարը, իսկ վերջին օրերին սահմանամերձ գյուղերի բնակիչները նաև հայտնում են, որ  ոչ իհարկե սահմանին կամ ՀՀ ուղղությամբ, բայց կրակոցներ են լսում անդադար։ Երեկ էլ տեսանյութեր տարածվեցին։ Իհարկե, ՊՆ-ն հայտարարություն տարածել է, որ ՀՀ ուղղությամբ չեն եղել կրակոցները։ ՀՀ արձագանքը ինչո՞ւ է ասիմետրիկ Ադրբեջանի ապակառուցողական դիրքավորմանը։

Սիմետրիկ, թե ասիմետրիկ, իրադրության առանձնահատկությունը հետևյալն է, որ մենք որդեգրել ենք ռազմավարություն և գնում ենք այդ ռազմավարությամբ։ Մնացած ամեն ինչը մենք դիտարկում ենք այս դիտանկյունից և այս ռազմավարության ֆոնին։

Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե ինչպես է Հայաստանն օգտագործելու արցախցիների իրավունքների պաշտպանության համար միջազգային հարթակներում ստեղծված իրավական հիմքերը, վարչապետը հստակ պատասխան չի տվել։

Փոխարենը մանրամասներ է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ունեցած հեռախոսազրույցից։ Ըստ վարչապետի՝ առաջին արձանագրումն այն է, որ երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին շահարկվող թեզը, թե հեռացող վարչակազմի հետ ստորագրված փաստաթուղթը շարունակություն չի ունենալու, հերքվում է։ Փաշինյանի խոսքով՝ այդ օրակարգը շարունակում է նույնքան հրատապ լինել ԱՄՆ գործող վարչակազմի համար։

Հեռախոսազրույցի երկրորդ հատվածում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային իրավիճակին և խաղաղության գործընթացին։

«Պետքարտուղարը նույնպես այդ արձանագրումն արեց, որ կարևոր փուլ է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալը և նախագծի համաձայնեցման բանակցությունները հաջողությամբ ավարտելը։ Երկուսս էլ այն կարծիքին էինք, որ այս արդյունքը չպետք է կորսվի, և խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ պետք է ստորագրվի և վավերացվի, այսինքն՝ ուժի մեջ մտնի երկու երկրներում»։

Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում առանցքում այն թեզն էր, որ որևէ էսկալացիա տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ԱՄՆ-ՀՀ բարձր շփումները։

Կարդացեք նաև

Back to top button