Արդեն100 տարի

Մարդ, որ կարողանում էր թռչունների ձայնից երգեր ստեղծել․ Հուշեր Ալեքսանդր Սպենդիրայանի մասին․ «Գրեթե 100 տարի»

1967 թվականին, ճիշտ այն ժամանակ, երբ Երևանում՝ Նալբանդյան և Թումանյան փողոցների անկյունում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի ապրած բնակարանում բացվեց նրա տուն թանգարանը՝ առաջին երաժշտական թանգարանը Հայաստանում, Հայաստանի ռադիոյի ձայնային պահոցը հարստացավ թանկ հուշերով: Կոմպոզիտորի և նրա ստեղծագործության մասին իրենց   տպավորությունները և հիշատակները ժապավենին հանձնեցին Մարտիրոս Սարյանը, Տաթևիկ Սազանդարյանը, Արտեմի Այվազյանը, Գեղամ Սարյանը և Գևորգ Էմինը:

 «Երիտասարդ Մոցարտ»՝ այսպես էր կոչում, ընտանիքի հետ հնուց մտերիմ հարաբերություն ունեցող մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին Ալեքսանդրին, երբ վերջինս շատ երիտասարդ էր: Ալեքսանդրն էլ շատ էր շոյվում դրանից: Որքան առավել կշոյվեր, երբ լսեր Մարտիրոս Սարյանի՝ իր մասին ասված խոսքը, որ պահվում է Հանրային ռադիոյի պահոցում:

Թիֆլիսը Սպենդիարյանի համար բացառիկ նշանակության քաղաք էր: Հենց այստեղի հանդիպումները ընտիր հայության հետ, նրա մեջ կտրուկ բարձրացրին ազգային ինքնագիտակցումը: Ճարտարապետ Մազմանյանը, որ Ներսիսյան դպրոցի աշակերտ էր այն ժամանակ, իր հուշերում գրում է. 

«Ճեմարանի համերգին ելույթ ունեցավ ճեմարանի երգչախումբը՝ կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանի ղեկավարությամբ: Ճեմարանական Կարո Հալաբյանը երգեց Կոմիտասի «Ծիրանի ծառը»: Երգչախումբը Կոմիտասի երգերից կատարեց նաև «Լո-Լո»-ն, «Լուսնակն անուշ»-ը։ Երգեցինք նաև Սպենդիարյանի «Կտրիճ մարտիկները» և Սպիրիդոն Մելիքյանի «Թխկոնդան»-ը: Սպենդիարյանը նստած էր նստարանին, առաջ թեքված և ամբողջությամբ՝ ինչպես սպունգ, կլանում էր երաժշտությունը: Երբեմն խնդրում էր կրկնել և փոքրիկ տետրում նշումներ էր կատարում: Երբ մենք ավարտեցինք, նա շնորհակալություն հայտնեց մեզ և ասաց. «Սա ինձ համար մի նոր  աշխարհ է»:

Սպենդիարյանն այստեղ վերագտավ իրեն իբրև հայկական մշակույթի կրող և վերջնական որոշում կայացրեց ծառա լինել այդ մշակույթին: Բայց Թիֆլիսը Սպենդիարյանի կենսագրության մեջ մնաց առավելապես Հովհաննես Թումանյանի հետ հանդիպման փաստով: Իհարկե խոսքը «Ալմաստ» օպերայի ստեղծման մասին է:

Թումանյանի հետ երկար քննարկելուց հետո, Սպենդիրայանը որոշեց օպերայի վերածել «Թմկաբերդի առումը» պոեմը: Նվարդը՝ Թումանյանի դուստրը, հիշում է «Սպենդիարյանին պոեմը  իսկույն դուր եկավ: Վեր թռչելով տեղից բացականչեց. «Այ սա ուրիշ բան է, ճիշտ իմ ուզածը»:

Քանի որ հայերեն չգիտեր, Թումանյանը թարգմանում էր նրա համար: Սպենդիարյանը ոգևորված քայլում էր սենյակի մի անկյունից մյուսը, ձախ ձեռքը գրպանում, աջով ճակատն էր շփում և ոգևորված ռուսական առոգանությամբ կրկնում «Հե՜յ պարոններ…» և դեմ առնում, մոռանում շարունակությունն ու խնդրում Թումանյանին հուշել. «Ականջ արեք, թափառական աշուղին…»: Գործը հասավ պոեմի հերոսուհու՝ Թաթուլի կնոջ անվան ընտրությանը: Պոեմում նա անուն չունի, բայց օպերայում դա անհրաժեշտ էր: Թումանյանն առաջարկեց Գոհար անունը: Սպենդիարյանը որոշեց՝ Ալմաստ: Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի վարագույրը 1933 թվականի հունվարի 20-ին առաջին անգամ բացվեց հենց այս «Ալմաստ» օպերայի երևանյան   բեմադրությամբ: Հովհ. Թումանյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Մարտիրոս Սարյանը և անշուշտ հրաշալի կատարողները Ալեքսանդր Թամանայանի նախագծած հոյակերտ թատերական շենքում ավետեցին հայկական օպերայի թատերական կյանքի սկիզբը:

«Ալմաստ»-ի առաջին դերակատարներից Տաթևիկ Սազանդարյանը, 1967թ. Հայաստանի ռադիոյի եթերից խոսել է օպերայի գաղտնիքների մասին, որ դեռ բացահայտման կարիք ունեին:

Հանրային ռադիոյի ձայնային պահոցում նաև Գեղամ Սարյանի խոսքն է Ալ. Սպենդիրայանի մասին: Հատկապես «Ալմաստ» օպերայի մասին, որ ցավոք կոմպոզիտորը չհասցրեց ավարտել:  Նա երազում էր «Ալմաստ»-ի առաջնախաղը տեսնել հայկական օպերային թատրոնի բեմում: Բայց չհասցրեց ավարտել 4-րդ գործողության գործիքավորումը:

1928թ. ապրիլին կոմպոզիտորի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ: Բժիշկներ  Ֆանարջյանը, Մելիք Ադամյանը, Բաղրամովը նրա կողքին էին: Ախտորոշումը՝ թոքերի բորբոքում։ Սպենդիարյանը հասկանում էր, որ  հազիվ թե ոտքի կանգնի: Եվ ափսոսում էր, որ իր կյանքի գործը՝ «Ալմաստ»-ը չի հասցնի ավարտել:

Մահից հետո Ալմաստի 4-դ գործողության գործիքավորումը հանձնարարվեց Մաքսիմիլիան Շտեյնբերգին: Առաջին անգամ բեմադրվեց Մոսկվայի Մեծ թատրոնի մասնաճյուղում 1930թ. , ապա՝ Օդեսայում, Թիֆլիսում, Տաշքենդում: Եվ միայն 1933-ին, Երևանում: Իսկ Արտեմի Այվազյանը հիշում է հին, փոշոտ Երևանը և Սպենդիարյանի ներկայությունն այս քաղաքում:

Ռադիոյի ձայնադարանում պահպանված է նաև Գևորգ Էմինի հուշը մեծ կոմպոզիտորի մասին: Ապրում էին Սպենդիարյանի տնից ոչ հեռու: Փոքր երեխա էր, երբ Սպենդիրայանը մահացավ: Նրան տպավորել էր թաղման արարողությունը, այն մեծ իրարանցումը, որ կատարվում էր Երևանում այդ ժամանակ:  

Սրանք հուշեր են, որ արձանագրվել են ժապավենների վրա և պահվում են Հանրային ռադիոյի պահոցում: Կան բազմաթիվ հուշեր ևս, որոնք հանձնված են թղթին: Թերև ամենից տպավորիչը Ավ. Իսահակյանի հուշն է: Վենետիկում գտնվող Իսահակյանը հիշում էր այն օրը, երբ իր սիրելի «Սան Մարկոյի մարմարակերտ պիացիայի մի սրճարանում էր»: Եվ լսում էր քաղաքային նվագախմբին, որ «նվագում էր կլասիկ, մոդեռն երաժշտության գլուխգործոցներ՝ Վերդի, Բրամս, Բիզե, Գունո, Լեոնկավալո… հանկարծ լսում եմ հարազատ, սրտագին ձայներ՝ հայրենիքից եկած: Սիրտս զարկում է ուժգին, … իսկույն կանչում եմ սպասավորին, խնդրում իմանալ, թե ինչ են նվագում: Գալիս է, հայտնում՝ Սպենդիարյան, էսքիզներ…»:

Կարդացեք նաև

Back to top button