ԿարևորՔաղաքական

Ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար մեր պետությունների միջև սահմանի անքակտելիությունն ունի կենսական նշանակություն․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի առաջին այցն է Հայաստան։

Նա նշել է, որ նախարարի հետ քննարկումների ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության կարևորությունը։ «Վերջին տարիներին գրանցվել են մի շարք շոշափելի հաջողություններ։ Կարող ենք արձանագրել, որ 2024 թվականին երկկողմ առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է նախորդ առնվազն 5 տարիների ցուցանիշը, և սա կարևոր արդյունք է»,- ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ այսօր շարունակվել են քննարկումները առևտրաշրջանառությունը երեք միլիարդ դոլարի հասցնելու հնարավորությունների շուրջ։ Այս համատեքստում ընդգծվել է նաև, որ առկա հնարավորությունները լրացվել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքմամբ։

Նախարարը նշել է, որ Իրանն ունի մասնակցություն Հայաստանի տնտեսական ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործում, որոնք ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունեն։ Մասնավորապես՝ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի 32 կիլոմետրանոց հատվածը, որի շինարարությունը վստահվել է իրանական ընկերությանը, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր բաղադրիչներից է։

«Այսպիսով, կարող ենք փաստել, որ Իրանը ոչ միայն առաջին պետություններից էր, որ ողջունեց մեր խաղաղության նախաձեռնությունը, այլև գործնականում ներգրավված է այդ նախագծի կյանքի կոչման մեջ»,- ընդգծել է նախարարը։

Գործընկերոջ հետ, ՀՀ օրակարգային հարցեր քննարկելու զուգահեռ, բնականաբար անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին։

ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ միջպետական սահմանի սահմանազատման և խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացների վերջին զարգացումները։ «Վերստին ընդգծել եմ Հայաստանի հանձնառությունը՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման գործում, որի կարևոր հանգրվաններից կարող է դառնալ խաղաղության համաձայնագրի՝ արդեն իսկ ամբողջությամբ համաձայնեցված տեքստի ստորագրումը»,- նշել է նա։

Նախարարը շնորհակալություն է հայտնել բարեկամ Իրանի կառավարությանը՝ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնությունը ողջունելու և ստորագրումը կարևորելու համար։

«Բազմիցս ընդգծել ենք, որ մենք բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ։ Ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար մեր պետությունների միջև սահմանի անքակտելիությունն ունի կենսական նշանակություն»,-ասել է Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ այսօրվա հանդիպման ընթացքում հնարավորություն է եղել հանգամանալից քննարկել նաև միջազգային օրակարգի մի շարք այլ խնդիրներ։ «Ես վերահաստատել եմ Երևանի պատրաստակամությունը՝ մեր ավանդը բերելու Իրանի և մեր այլ բարեկամ պետությունների միջև երկխոսությանը»,-ասել է նա։

«Հարգելի ներկաներ, իհարկե, այսօր առանձնահատուկ ուրախ եմ Արտաքին գործերի նախարարության հարկի տակ հյուրընկալելու նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։

Հարգելի պարոն նախարար, վերահաստատում եմ, որ Հայաստանը կարևորում է Իրանի հետ բարեկամությունը։ Այդ հարաբերությունները նաև երկու քաղաքակրթությունների միջև ամուր կապի լավագույն դրսևորումն են։ Մենք գնահատում ենք երկու երկրների միջև սերտ փոխգործակցությունը և լիահույս ենք, որ կշարունակենք համատեղ քայլեր ձեռնարկել՝ առկա ներուժի իրացմանն ուղղված ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների։

Շնորհակալություն»։

Կարդացեք նաև

Back to top button