Հասարակություն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Սյունիքի մարզում այցելել է ֆրանկոֆոն կենտրոն

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել են նորաստեղծ Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոն։

Ողջունելով դեսպանի այցը Կապան՝ համայնքի ղեկավարը կարևորել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները եւ շնորհակալություն հայտնել բարեկամ Ֆրանսիային մշտապես Հայաստանի կողքին լինելու, ինչպես նաև Սյունիքի մարզի նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրության համար։

Համայնքի ղեկավարի ուղեկցությամբ դեսպանը շրջայց է կատարել ֆրանկոֆոն կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, հետաքրքրվել մատուցվող ծառայություններով, զրուցել աշխատակիցների հետ։

Գևորգ Փարսյանը մանրամասն ներկայացրել է կենտրոնի գործունեությունը՝ ընդգծել, որ Կապան-Սենթ Էթիեն քաղաքների միջև ձևավորված բարեկամական, արդյունավետ հարաբերությունների հաստատման լավագույն օրինակներից է կենտրոնի ստեղծումը՝ վստահություն հայտնելով, որ այն խթանելու է ֆրանսերեն լեզվի ուսուցումն ու տարածումը Կապանում։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և Կապանում ֆրանկոֆոն կենտրոն հիմնելու համար՝ բարձր գնահատել Կապան-Սենթ Էթիեն համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մի շարք հարցեր՝ իրականացվող ծրագրերի ու համագործակցության ընդլայնման նոր ուղղությունների վերաբերյալ։

Կարդացեք նաև

Back to top button