Փարիզում ևս 500 փողոց հետիոտնային կդառնա։ Քաղաքի բնակիչները որոշումը կայացրել են հանրաքվեով։ Փարիզեցիների 66 %-ը կողմ է քվեարկել նախաձեռնությանը, 34 %-ը՝ դեմ։ Որոշման ընդունումից հետո Փարիզում հետիոտնային կլինի փողոցների 1/10-ը։
Քաղաքապետարանը որոշումը հիմնավորում է Ֆրանսիայի մայրաքաղաքում ավտոմեքենաների թիվը կրճատելու և օդի որակը բարելավելու ցանկությամբ։ Փարիզն իր «կանաչ զանգվածով» զիջում է եվրոպական մյուս խոշոր քաղաքներին։ Այգիներն ու ջրային գոտիները Փարիզի տարածքի 26%-ն են կազմում։
Եվրոպական այլ մայրաքաղաքներում այդ ցուցանիշը 40%-ից բարձր է։ Նմանատիպ հանրաքվե Փարիզում անցկացվել է նաև 2023-ին։ Այդ ժամանակ փարիզեցիների մեծ մասը քաղաքում էլեկտրական սկուտերներն արգելելու որոշմանը կողմ է քվեարկել։




