ԿարևորՄիջազգային

Թուրքիայում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 1100 մարդ է բերման ենթարկվել

Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 1100 ցուցարար է բերման ենթարկվել, 123 ոստիկան վիրավորվել է. հայտնել է ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։

«Ցույցերի ընթացքում վիրավորվել է 123 ոստիկան։ Ակցիաների ընթացքում առգրավվել են քարեր, փայտեր, մոլոտովի կոկտեյլներ, կացիններ, դանակներ։ Ոստիկանության վրա հարձակվածների, հանրային գույքը վնասողների և մեր ժողովրդի անվտանգությանը սպառնացողների նկատմամբ շարունակվում են դատավարությունները։ 2025 թվականի մարտի 19-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի գործողություններ կատարելու մեջ կասկածվող 1133 անձ բերման է ենթարկվել։ Նրանց թվում հայտնաբերվել են 12 տարբեր ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչություն ունեցող անձինք»,- գրել է նա X-ում։

Թուրքիայի տարբեր քաղաքներում մարտի 19-ից շարունակվում են Իմամօղլուի հետապնդումների դեմ բողոքի ցույցերը։ Ստամբուլի իշխանությունները խստացրել են բողոքի միջոցառումների արգելքը։

Եվրախորհուրդը դատապարտել է Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը եւ կոչ արել Թուրքիայի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին։

Մարտի 23-ի առավոտյան դատարանի որոշմամբ ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել և բանտ է ուղարկվել։ Նույն օրը ավելի ուշ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցվել են Իմամօղլուի պարտականությունները։ Առաջիկա օրերին Ստամբուլի քաղաքային խորհուրդը, որում մեծամասնություն է կազմում Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցությունը, պետք է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրի։

Կարդացեք նաև

Back to top button