Վերնատուն

Կարևոր է, որ տաղանդավոր մարդը ճիշտ ձեռքերում հայտնվի․ Արաքսյա Մուշեղյան․ «Վերնատուն»

Կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, «Արտիս Ֆուտուրա» մշակույթի և արվեստի պահպանման և զարգացման միջազգային հիմնադրամի նախագահ Արաքսյա Մուշեղյանը խոսում է  կազմակերպության նպատակներից ու գործառույթներից, երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին և հայկական մշակույթը Հայաստանում և արտերկրում ներկայանալի դարձնելու կարևորության և առաջիկա ծրագրերի մասին։

«Մեր խնդիրը երիտասարդ շնորհալի երաժիշտներին ու արվեստագետներին կայանալու հնարավորություն ստեղծելն է։ Շատ կարևոր է, որ տաղանդավոր մարդը ճիշտ ձեռքերում հայտնվի, ով իրեն ճիշտ ուղով կտանի և կկարողանա բացվել որպես երաժիշտ», – ասում է Արաքսյա Մուշեղյանը։

Նա ասում է, որ երկիրը նախևառաջ ճանաչվում է իր մշակույթով, արվեստով և գիտությամբ։ Նշում է, որ վերջին երեսուն տարիներին մի շարք ոլորտներում կադրերի պակաս է զգացվում, քանի որ նրանցից շատերը տարբեր պատճառներով հեռացել են երկրից։ Եվ դա միայն Հայաստանի խնդիրը չէ, պրոֆեսիոնալիզմի պակաս կա նաև նախկին խորհրդային գրեթե բոլոր երկրներում։ Օրինակ՝ չկան պրոֆեսիոնալ կրթություն ստացած մասնագետներ՝ պրոդյուսերներ, հնչյունային ռեժիսորներ և այլն։

«Կարևոր է, որ Հայաստանը ճիշտ ներկայացված լինի դրսում, շատ հաճախ մենք հետաքրքիր նախագծեր ենք անում, որոնք մեր երկրի սահմաններից դուրս չեն գալիս։ Մենք ամեն ինչ անում ենք, որ հայկական մշակույթն ու արվեստը ճանաչելի դառնա դրսում»,– ասում է նա։

Արաքսյա Մուշեղյանը խոսում է համերգի կազմակերպման պրոֆեսիոնալ մոտեցման կարևորության մասին։ Կարևորում է համերգի դրամատուրգիան․

«Նույնիսկ լավ երաժիշտներից ստեղծված համերգը անհետաքրքիր է, եթե սխալ է կազմված։ Նույնիսկ երբ ցանկն ես կազմում, կարևոր է հաշվի առնել էմոցիոնալ վիճակը․ հաշվի առնել, թե ինչպես է լինելու ընթացքը․ ինչ պիտի դու ապրես սկզբում, ինչ՝ վերջում և ինչ ես դու փոխանցելու հանդիսատեսին այդ համերգով», – ասում է Արաքսյա Մուշեղյանը։

Կարդացեք նաև

Back to top button