
Երբեմն մարդիկ իրենց իսկ տանը պարզ գործողություններ կատարելու՝ իրար հետ զրուցելու, գիրք կարդալու, հեռուստացույց դիտելու դժվարություններ են ունենում արտաքին աշխարհից եկող աղմուկի պատճառով․ այս խնդիրն Ազգային ժողովում բարձրաձայնել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ ներկայացնելով բազմաթիվ դիմում-բողոքներ։ Խորհրդարանում այսօր հանրային աղմուկի հարցն է քննարկվել․
«Մեզ ուղղված ահազանգերը նախորդ տարի շատ մեծ քանակությամբ են եղել, մի մասը վերաբերել է հանրային սննդի, զվարճանքի կետերից հնչող աղմուկի թույլատրելի մակարդակը գերազանցող բարձրությանը, ընդ որում՝ ոչ միայն գիշերային ժամերին։ Մեզ հասցեագրվել են շինարարական աղմուկի հետ կապված բողոքներ ու որոշակի դեպքերում արձանագրել ենք նաև դասապրոցեսի խաթարման հետ կապված խնդիրներ՝ ընթացող շինարարական աշխատանքների պատճառով»։
Աղմուկը մարդկանց հիմնարար իրավունքներն է խախտում, հետևաբար պետք է զսպվի՝ պնդում է ՄԻՊ-ը։ Աղմկային աղտոտվածությունը նույնքան վտանգավոր է, որքան ջրինն ու օդինը՝ նշում են խորհրդարանային լսումներին մասնակցող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու նախկին նախարար, ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը․
«Հանրության առողջությո՞ւնն է կարևոր, թե՞ անհատի՝ զվարճանալու կամ կոնկրետ իր գործը անելու իրավունքը։ Ինձ համար այդ դիլեմայի պատասխանը շատ պարզ է, բայց մեր մշակութային առանձնահատկությունները, կարծես թե, հակառակի մասին են խոսում։ Երբ ասում ենք՝ չե՞ք մտածում, որ ձեր հրավառությունը տարածքում քնած երեխայի քունն ու առողջությունն է խանգարում, լսում ենք պատասխան, թե՝ ի՞նչ եք ընկել մեր ուրախության հետևից»,- ասում է Արսեն Թորոսյանը։
Լսումների մասնակիցներից ոմանք, սակայն, չեն ընդունում, որ սա է այն ամենակարևոր ու առաջնային թեման, որին իր ժամանակն ու էներգիան պիտի տրամադրի առողջապահության նախարարը։ Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, օրինակ, ուզում է հասկանալ, թե հանրային առողջությանը սպառնացող երևույթների սանդղակում ո՞րերորդ տեղում է աղմուկը, որ արժանացել է նման ուշադրության․
«Ձեր տրամաբանությամբ, եթե կա մեկ հարց, ուրեմն երկրորդը չի՞ կարող լինել։ Աղմուկն էլ է արդիական խնդիր, այո, աղտոտվածությունն էլ է արդիական խնդիր։ Մեր գործընկերներն ասում են՝ աղմուկը, ո՞ր տեղում է գտնվում, ասենք՝ թե գտնվում է 18-րդ տեղում, դրանից ի՞նչ է փոխվում, մյուս 17 հարցերով էլ մեր գործընկերները ամենօրյա ռեժիմով զբաղվում են, էսօր սրա մասին են խոսում»։
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ Թագուհի Թովմասյանը համարում է, որ խնդիրը գոյություն ունի, խնդրի լուծման գործիքակազմը՝ ոչ։
«Ինչպե՞ս եք պատկերացնում պրակտիկորեն աղմուկի դեմ պայքարը, որովհետև մենք գիտենք, որ նույն հրավառությունների մասին նախագիծը օրենք դարձավ ու հնարավորություն չկա, որ մենք կարողանանք վերահսկել»։

Անօրինական հրավառությունները հիմա ավելի քիչ են՝ արձագանքում է առողջապահության նախարարը։ ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը, սակայն, հայտնում է, որ ոստիկանությունը դրանք կանխելու և իրավախախտներին բացահայտելու լուրջ դժվարություններ ունի․
«Խնդիրը բարդ է, երբ իրավախախտումը կատարվում է հրագործական արտադրատեսակների կիրառմամբ, մասնավորապես առաջնային խնդիրը հրավառություն կատարած անձին գտնելու բարդությունն է, հատկապես, եթե հրավառությունը կատարվում է բնակելի տներից, շենքերից կամ հարակից հատվածներից, որովհետև, որպես կանոն, հրավառությունը տևում է 1-3 րոպե, որից հետո անձինք անմիջապես հեռանում են իրավախախտման վայրից, ինչը հնարավորություն չի տալիս կոնկրետ տեղը հայտնաբերել ու պատասխանատվության կանչել»։
2024-ին 1-02 ծառայությունը անթույլատրելի ժամերին հրավառության մասին 64 ահազանգ է ստացել, պատասխանատվության է ենթարկվել 29 անձ։ Հասկանալով այդ ճանապարհով առաջացած աղմուկի վնասակարության աստիճանը և վերահսկողության դժվարությունը՝ ՆԳՆ-ն նոր օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել։ Առաջարկվում է փոփոխել վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը՝ արգելելով հրավառության արտադրատեսակների վաճառքը։
Քաղաքացիների առաջացրած աղմուկի մեկ այլ տեսակ էլ ավտոմեքենաներից հնչող բարձր երաժշտությունն է, ստանդարտին չհամապատասխանող ձայնային ու լուսային ազդանշանները։ ՆԳՆ-ի առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը սրանց ևս անդրադառնում է՝ արգելելով նման սարքավորումների կիրառությունը։ Այս երևույթները կանխող օրենսդրական կարգավորումներ հիմա էլ գործում են, սակայն, ՆԳ փոխնախարարի խոսքով, խստացումներն անհրաժեշտ են վերահսկողությունը արդյունավետ դարձնելու համար։
Արձագանքում է Արսեն Թորոսյանը․
«Դուք ասացիք, որ, այնուամենայնիվ, օրենսդրություն այս պահին կա փողոցում մեքենաների կողմից և՛ բարձր երաժշտություն, և՛ ոչ ստանդարտ խլացուցիչներ օգտագործելու դեմ։ Մենք նաև ուժեղացնում ենք։ Բայց իմ տպավորությամբ, երբեմն մեր պարեկները մի քիչ տարակուսում են՝ մտնե՞լ այդ թեմայի մեջ, թե՞ չէ, ենթադրելով, որ այդ մեքենաների վարորդների հետ տհաճ ու անախորժ միջադեպեր են լինելու։ Ես ձեզ խնդրում եմ ու խրախուսում եմ՝ պարեկներին համարձակություն հաղորդել մեր կողմից, որովհետև նման վարքագիծը հանդուրժելի չէ որևէ քաղաքացու կողմից։ Ավելին, դա կարող է հանգիստ նաև քրեական հանցագործություն դիտվի՝ խուլիգանության հոդվածով»։

Նույն կերպ խնդրահարույց է շինաշխատանքների առաջացրած աղմուկը՝ նշում է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ Նրա խոսքով՝ ստացած բողոքներից տեղեկացել են չնախատեսված ժամանակին, օրինակ, ոչ աշխատանքային օրերին՝ առավոտյան 7։40-ից մեկնարկող շինարարական աշխատանքների մասին, ինչը ևս մեծացնում է համատարած աղմուկը և առաջացնում օրենսդրական փոփոխություններ կատարելու կամ խստացված վերահսկողության անհրաժեշտություն։




