
ԵՄ առաջնորդները մշակել են մարտավարություն, որը կօգնի նրանց շրջանցել Հունգարիայի կողմից կարևոր քաղաքական որոշումների արգելափակումը, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։
Ըստ նրանց՝ կա փետրվարի 28-ի նախադեպը, երբ Հունգարիան ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ արգելափակեց անվտանգության երաշխիքների փաստաթղթի նախագիծը և Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը։ Այդուհանդերձ, միության 27 երկրներից 26-ի կողմից համաձայնեցված փաստաթղթի տեքստը կցվեց մյուս բանաձեւերին, որոնք միաձայն հավանության են արժանացել միության անդամ երկրների կողմից։
Չնայած Հունգարիայի մերժմանը, այն «միևնույնն է հրապարակվել է որպես Եվրոպական խորհրդի պաշտոնական կարծիք»: Մարտավարությունը, ըստ երևույթին, աշխատում է, և դիվանագետները Politico-ին ասել են, որ պլանավորում են այն օգտագործել ապագայում:
Հինգշաբթի Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությունը նույնպես կհրապարակվի 26 երկրների անունից, ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը: «Սա նոր նորմ է, և դա օգտակար է, երբ խոսքը վերաբերում է քաղաքական մտադրություններին»,- նշել է նա։
Նախօրեին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հրաժարվել է գագաթնաժողովում աջակցել Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությանը, որով նախատեսվում էր երկրի արագացված անդամակցություն Եվրամիությանը և միլիարդավոր եվրոների ռազմական օգնության տրամադրում։ Փաստաթուղթը հավանության է արժանացել հանդիպման մնացած 26 մասնակիցների կողմից, սակայն պաշտոնական չի դարձել։ Այս հարցերի շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի վերջին կայանալիք ԵՄ առաջնորդների հաջորդ հանդիպմանը։
Օրբանը կարծում է, որ Եվրամիությունը չի կարողանա կատարել Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնություն տրամադրելու իր պարտավորությունները, քանի որ դրա համար պարզապես բավարար միջոցներ չունի։ Նա ԵՄ գագաթնաժողովի որոշումներն անվանել է «դատարկ խոստումներ»։




