ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Մարդասպանը վատ դիպուկահար էր․ ինչ են պատմում Քենեդու սպանության մասին նոր փաստաթղթերը

Պատմության ու դետեկտիվի սիրահարներին ԱՄՆ Ազգային արխիվի կայքում առնվազն 2182 նոր փաստաթղթեր են սպասում։ Դոնալդ Թրամփը կատարել է նախընտրական խոստումը և հրապարակել Միացյալ Նահանգների 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանության վերաբերյալ «հույժ գաղտնի» փաստաթղթեր, քննչական արձանագրություններ, նամակներ, որոնք 63 400 էջ են կազմում։

Ամերիկյան ու միջազգային լրատվամիջոցները գրում են, որ հրապարակված մեծածավալ նյութերին ծանոթանալու ու եզրակացություններ անելու համար փորձագետներին ժամանակ է պետք։

Ըստ «Reuters»-ի՝ հետազոտողները կասկածում են, թե գաղտանազերծված փաստաթղթերը Քենեդու սպանությանն առնչվող նոր փաստեր ի հայտ կբերեն։ Փաստաթղթերից շատերը մանրամասներ են հայտնում քննիչների աշխատանքի, մարդասպան Լի Հարվի Օսվալդի՝ Խորհրդային Միությունում անցկացրած շրջանի, սպանությանը նախորդած իրադարձությունների մասին։ Լրատվամիջոցը գրում է նաև, որ փորձագետների նախնական գնահատումներով՝ մինչև այս հայտնի փաստական տվյալներից շեղումներ չկան։ Պատմաբան, « Ջոն Քենեդու սպանությունը» գրքի հեղինակ Ալիս Ջորջը «Reuters»-ի փոխանցմամբ ասել է․

«Ես լրջորեն կասկածում եմ, որ որևէ փաստաթղթում մեծ բացահայտումներ կլինեն։ Սպանությունը քննող Ուորենի հանձնաժողովի զեկույցը կազմվել է, երբ հիմնական խաղացողներից շատերը ողջ էին: Շատ ավելի դժվար է գտնել ճշմարտությունը, երբ ներգրավված մարդկանց մեծ մասը մահացած է»։

«Dailymail»-ը փաթեթից մի քանի ուշագրավ փաստաթուղթ է առանձնացրել։ Դրանցից մեկը 1967-ին հրապարակված զեկույցն է՝  Կենտրոնական հետախուզական գործակալության տեղեկատուի և ԱՄՆ բանակի նախկին կապիտան Ջոն Գարեթ Անդերհիլ կրտսերի մասին։ Առաջին հատվածում կասկածներ են հայտնվում այն մասին, որ սպանության մեջ ներգրավված են եղել Կենտրոնական հետախուզական գործակալության խմբեր։

Փաստաթղթում մասնավորապես ասված է․

«Սպանության հաջորդ օրը Գարի Անդերհիլը շտապ հեռացավ Վաշինգտոնից։ Ուշ երեկոյան նա արդեն Նյու Ջերսիում էր՝ ընկերոջ տանը: Շատ հուզված էր, ասում էր, որ սպանության համար պատասխանատու է Կենտրոնական հետախուզական գործակալության խումբը։ Նա վախենում էր իր կյանքի համար և հավանաբար պետք է լքեր երկիրը: Վեց ամիս անց Անդերհիլին սպանված են գտել Վաշինգտոնի իր բնակարանում»։

Գաղտնազերծված փաստաթղթից պարզ է դարձել նաև, որ սպանված նախկին կապիտանը մտերիմ հարաբերություններ է ունեցել Կենտրոնական հետախուզական գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ գրում է լրատվամիջոցը։ Մեկ այլ փաստաթուղթ բացահայտում է, որ Պետական անվտանգության կոմիտեն ուշադիր հետևել է Քենեդու սպանողին Խորհրդային Միությունում գտնվելու տարիներին։ Ուշագրավ է, որ համաձայն նույն փաստաթղթի՝ Օսվալդը վատ էր կրակում։ 1978 թվականին Սերգեյ Չորնոնո անունով մեկը բրիտանական դեսպանատուն նամակ է ուղարկել, որում գրել է, թե անձամբ տեղյակ է՝ Օսվալդը ծրագրում է սպանել նախագահին․

«Պարոն Լի Հարվի Օսվալդը մարդասպան է: Նա կսպանի նախագահ Քենեդուն։ 1963 թվականի օգոստոսի 15-ին Սոֆիայի օդանավակայանում դեսպանատան մեքենայի մեջ  ես Ամերիկայի փոխհյուպատոսին ասացի․ «Պարոն Բլեքշիր, Լի Օսվալդը պատրաստվում է սպանել նախագահին»։  Բլեքշիրը հարցրեց, թե որտեղ է դա լինելու։ Ես ասացի, որ նրանք կհրավիրեն նախագահին, կքննադատեն թերթում, ապա կսպանեն նրան»:

Քենեդիի սպանության վայրը

Մինչ լրատվամիջոցները  շարունակում են հրապարակված փաստաթղթերից նոր դրվագներ առանձնացնել, ամերիկացի լիբերալները  պնդում են, թե դրանցում որևէ նոր բան չկա։ Լրագրող Էդ Կրասենշտեյնն ասում է, որ Բայդենը նույն ֆայլերը հրապարակել է 2023-ին։ Միակ տարբերությունը, լրագրողի պնդմամբ, խորագրերն են․ Բայդենի օրոք փաստաթղթերը հրապարակվել են «Ազատ արձակել․ 2023», իսկ Թրամփի օրոք՝ «2025․ ազատում» անվանումներով։

Թրամփի առողջապահության և մարդկային ծառայությունների քարտուղար Ռոբերտ Քենեդի կրտսերը՝ Ռոբերտ Քենեդու որդին և Ջոն Քենեդու եղբորորդին, ավելի վաղ պնդել էր, որ Կենտրոնական հետախուզական վարչությունը ներգրավված է եղել հորեղբոր մահվան մեջ։ Գործակալությունն այս մեղադրանքը անհիմն էր որակել: Փաստաթղթերի հրապարակումից հետո Քենեդի կրտսերը հրաժարվել է մեկնաբանություններից։

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը X-ում գրել է, որ Թրամփը «առաջարկում է առավելագույն թափանցիկության նոր դարաշրջան», և որ փաստաթղթերը հրապարակվում են «առանց խմբագրումների»:

Թրամփը խոստացել է հրապարակել նաև քաղաքացիական իրավունքների առաջնորդ Մարտին Լյութեր Քինգի և Ռոբերտ Քենեդու սպանության փաստաթղթերը։ Նրանք սպանվել են 1968 թվականին։

Կարդացեք նաև

Back to top button