
Հայաստանում գործող10 քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) դատապարտյալների և կալանավորների բժշկական սպասարկումը կատարում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը: «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված քննարկմանը կառույցի ներկայացուցիչը պնդել է, որ ազատազրկված որևէ անձ մեկուսարանում դեղորայքի խնդիր չունի։ Քրեակատարողական հիմնարկներում վերահսկող դիտորդները հակադարձել են՝ դատապարտյալների ահազանգերը հիմնականում այդ խնդրի առնչությամբ են։
Ազատազրկված որևէ անձ ՔՀԿ-ում դեղորայքի խնդիր չունի՝ ասում է ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման բաժնի պետ Նաիրա Բաբայանը՝ ի պատասխան այն հայտարարությունների, թե դատապարտյալները դեղորայքի խնդիր ունեն կամ չեն ստանում այն դեղամիջոցը, որը նշանակել է բժիշկը։
Սակայն քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկող հասարակական դիտորդների խմբի անդամ Անահիտ Մկրտչյանը պնդում է, որ դատապարտյալների ահազանգերը հիմնականում այդ խնդրին են առնչվում։
«Անձանց քաղաքացիական հիվանդանոցում նշանակվում է այնպիսի դեղորայք, որը անվանմամբ չի համապատասխանում ՊՈԱԿ–ի կողմից տրամադրվող դեղերին։ Սա անհամաձայնություն է առաջացնում։ Դատապարտյալը միգուցե իր բժշկական գիտելիքներով չի ընկալում, որ դեղանյութը և ազդեցությունը նույնն են։ Նա պահանջում է այն դեղորայքը, որը նշանակվել է բժշկի կողմից»։
«Այդ աշխատանքները մշտապես են տարվում։ Ցանկացած նշանակումից հետո, երբ հիվանդին տրամադրվում է փոխարինող տարբերակը, մանրամասն բացատրվում է։ Առանց բացատրության փոխարինող դեղեր չեն տրամադրվում»։
Նաիրա Բաբայանն ասում է, որ ՊՈԱԿ-ը պատշաճ բուժօգնություն է տրամադրում, շեշտում է, որ սպասարկման ծավալներն ու որակը վերջին տարիներին աճել են:
«Սպասարկումն իրականացվում է 10 ՔԿՀ-ներում՝ 24/7 ռեժիմով: 24 ժամ այնտեղ ներկա են միջին բուժաշխատողները, իսկ ավագ բուժաշխատողները, բացի Դատապարտյալների հիվանդանոց ստորաբաժանումից, որը ստացիոնար է եւ հերթապահության ռեժիմ է գործում, մյուսներում ավագ բուժաշխատողներն աշխատում են ժամը 9-ից միչև 6-ը: Այնտեղ անձը դիմելիության սկզբունքով է սպասարկվում: Եթե միաժամանակ մի քանի անձ է դիմել բուժօգնություն ստանալու համար, բժիշկն է գնահատում, թե նրանցից ում խնդիրն է ավելի հրատապ»։
Անահիտ Մկրտչյանի գնահատմամբ՝ ամուր վստահության կամուրջ չկա դատապարտյալների և բուժանձնակազմի միջև, ինչն ամրագրվել է նաև ՄԻՊ-ի զեկույցներում։
«Գուցե պատճառները փոքր-ինչ սուբյեկտիվ են, քանի որ բոլոր դատապարտյալներն էլ նախընտրում են օր առաջ տեղափոխվել իրենց ցանկացած քաղաքացիական հիվանդանոց: Մեծ մասի դժգոհությունը կապված է հենց այդ ցանկության հետ, որովհետև ՔԿՀ-ում միայն առաջնային օգնություն է տրամադրվում»:
«Դատապարտյալների հիվանդանոցը ևս հիվանդանոց է՝առողջապահության նախարարության չափորոշիչներով առաջնորդվող։ Ու այնտեղ գնալու համար պետք է ստացիոնար բուժման ցուցում։ Սակայն ազատազրկված անձինք դա չեն ուզում ընկալել, և իրենց շահերից չի բխում հասկանալ, որ ցանկացած բուժման պետք է բժշկի ցուցում, այլ ոչ թե ցանկություն»։
Անահիտ Մկրտչյանը մեկ այլ խնդիր էլ է մատնացույց անում։ Դատապարտյալները հաճախ հրաժարվում են բուժօգնությունից, վիրահատությունից, քանի որ այդ իրավիճակներում խնամակալի կարիք են ունենում։
«Այդ օգնությունը որոշ չափով տրամադրվում է խցակիցների կողմից, բայց խնամքի ինստիտուտն ընդհանուր առմամբ անտեսված է։ Առաջարկում եմ, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը հանդես գա առաջարկությամբ, քանի որ օրենսդրական դաշտը բաց է այս առումով»։
Բժշկական օգնության կազմակերպման բաժնի պետ Նաիրա Բաբայանը խոստանում է քննարկել առաջարկը, բայց վստահեցնում է նաև, որ ազատազրկված անձինք առանց խնամքի չեն մնում։




