ԿարևորՔաղաքական

Խոսվում է Մեծ Եղեռնն ուրանալու մասին, ուզում եմ՝ շատ հստակ լինի, որ Հայաստանում և հայության շրջանում դա անառարկելի ճշմարտություն է․ Նիկոլ Փաշինյան

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով թուրք լրագրողի հարցին, թե ցեղասպանությունն արդեն նախկի՞ն, անցյալ փուլ է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների առումով։  

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը շատ էական է և կարևոր, բայց այդ հարցերի շուրջ ես հիմնականում աշխատանքային ռեժիմով անընդհատ խոսում եմ՝ և Հայաստանում, և արտերկրում մեր հայրենակիցների հետ զրույցում։

Լավ առիթ է, որ նաև հրապարակային խոսեմ։ Այդ քննարկումները և շահարկումները նաև ՀՀ-ում և ոչ միայն ՀՀ-ում լինում են։ Խոսվում է ուրացման, Մեծ Եղեռնը ուրանալու կամ մոռանալու մասին, ուզում եմ՝ շատ հստակ լինի, որ Հայաստանում և հայության շրջանում դա անառարկելի ճշմարտություն է, այսինքն՝ ուղղակի մեր իրականության մեջ հնարավոր չէ դա ժխտել կամ ուրանալ, բոլորիս համար դա անուրանալի ճշմարտություն է»,- ասել է նա։

Խոսելով երկու երկրների միջև հարաբերությունների մասին, նա ասել է․ «Միանշանակ կցանականամ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված լինեն դիվանագիտական հարաբերություններ, սահմանը բաց լինի երկաթուղային, ավտոտրանսպորտային հաղորդակցությունների համար, գործարար կապերը լինեն ուղիղ։ 

Հայաստանի և Թուրքիայի միջև ներկա դրությամբ կա ուղիղ երկխոսություն։ Եթե հաշվի առնենք մեր հարաբերությունների նախընթաց շրջանը, սա շատ կարևոր փոփոխություն է։  Նախկինում զրկված ենք եղել միմյանց տեսակետներն իրար հետ ճշտելու հնարավորությունից»։

Կարդացեք նաև

Back to top button