ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Մոսկվան կձգտի փաթեթային ու ամբողջական լուծման գնալ, ոչ թե ժամանակավոր հրադադար հաստատել․ փորձագետ

2024-ի ամռանն Ուկրաինան վերահսկողության տակ վերցրեց Ռուսաստանի Կուրսկի շրջանի մոտ 1300 քառակուսի կիլոմետր տարածքը, որը ապագայում կարող էր սակարկության առարկա դառնալ բանակցությունների համար։ Այսօր ՌԴ փորձում է վերադարձնել այդ  հատվածը, և արդեն հայտարարվում է, որ Կուրսկի շրջանում ռուսական զորքերը հետ են գրավել ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք և 14 բնակավայր։ Փորձագետնրի համոզմամբ՝ այս ռազմական գործողությունները կամրացնեն Մոսկվայի դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ։

Մի կողմից խաղաղություն հաստատելու շուրջ բանակցություններ, մյուս կողմից՝ ակտիվ ռազմական գործողություններ։ Ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու  ջանքերին զուգահեռ Ռուսաստանի ՊՆ-ը հաղորդում է Կուրսկի մարզի Սուջա շրջկենտրոնը և հարակից երկու գյուղերը՝ Մելովոն և Պոդոլը գրավելու մասին։ Սուջան ուկրաինական վերահսկողության տակ էր անցել 2024թ․ ամռանը։

Շատ փորձագետներ կարծում են, որ բանակցությունների նախապատրաստման այս ընթացքում ՌԴ նախագահը բանակի ղեկավարության առաջ խնդիր է դրել հնարավորինս կարճ ժամկետներում ազատագրել Կուրսկի շրջանը։ Ռուսական լրատվամիջոցները կադրեր են տարածել, որոնցում երևում է, որ Պուտինը ժամանում է Կուրսկի մարզի հրամանատարական կետերից մեկը խորհրդակցություն անցկացնելու համար։

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Պուտինին զեկուցել է, որ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Կուրսկի մարզի 86%-ն արդեն ռուսական վերահսկողության տակ է։

Քաղաքագետ Արա Պողոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ կա որոշակի ըմբռնում, թե ինչ սահմանագծով է հրադադար հաստատվելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ ամերիկյան ջանքերի շրջանակներում։

«Այս փուլում, ես կարծում եմ, որ Ռուսաստանի թիվ մեկ խնդիրը Կուրսկի մարզի ամբողջական ազատագրումն է, ինչից հետո Ռուսաստանը արդեն պատրաստ կլինի քննարկելու հրադադարի պայմանները։ Այդ քննարկումները չեն կարող ներառել, կարծում եմ, այնպիսի հարցեր, որոնց ի սկզբանե ՌԴ դեմ է եղել և, որոնց  պատճառով սկսվել են այս գործողությունները։ Դա, մասնավորապես, վերաբերում է ցանկացած ձևի խաղաղապահ ուժի տեղակայմանը, ցանկացած ՆԱՏՕ-ական երկրի՝ կլինի ԵՄ թե Թուրքիայի զորքեր, կարծում եմ, որ Ռուսաստանը դեմ կլինի»։

ԱՄՆ–ի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը պայմանավորված է եզակի օգտակար հանածոների շուրջ գործարքով, հիշեցնում է Արա Պողոսյանը, քիչ հավանական համարելով ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայումը ՌԴ սահմանի մոտ։ Հակառակ դեպքում իրավիճակը կարող է ավելի լարվել, ասում է փորձագետը․

«Չեմ կարծում, որ ԱՄՆ–ը  պարտադրի, որ խաղապահ ուժերի տեղակայումը լինի առանցքային հարց, ավելին ասեմ՝ եթե սա տեղի ունենա, կնշանակի ՌԴ ռազմավարական պարտություն, որովհետև խորքում իր գործողությունների իմաստը այն էր, որ ՆԱՏՕ-ի երկրները կամ ՆԱՏՕ-ական զորքերը չմոտենան Ռուսաստանի սահմաններին, գոնե ուկրաինական կողմից»։

Քաղաքագետ Դավիթ Սարգսյանը Ռուսաստանի մարտավարական մոտեցումներին է ուշադրություն դարձնում։ Մոսկվան, ըստ նրա, արդեն մեկ տարի է, ինչ որդեգրել է դանդաղ առաջ շարժվելու մոտեցումը։

«Ռուսական կողմը դանդաղ առաջ է շարժում և ամբողջովին իր վերահսկողության տակ է փորձում վերցնել, օրինակ, Լուգանսկի և Դոնեցկի՝ ռուսական նարատիով ասած՝ հանրապետությունների տարածքները, ամբողջովին փորձում են այդ երկու ուկրաինական շրջանների տարածքները գրավել, և դա պատերազմի հիմնական նպատակներից մեկն էր։ Առաջխաղացումը շարունակվում է այն նույն ուղղություններով, որոնք հենց վերջին շրջանում նկատվում է։ Դա հենց Զապոռոժիեի ուղղությունն է, որտեղ Ռուսաստանը շարունակում է դանդաղ, բնակավայրը բնակավայրի հետևից վերցնել։ Խերսոնի ուղղությամբ են մարտերը շարունակվում։ Կուրախովում նրանք վերջերս վերցրեցին։ Եվ Ռուսաստանը հիմնականում կիրառում է նույն մարտավարությունը։ Այսինքն, նրանք, բնակավայրը վերցնելուց առաջ, շրջանցում են այն երկու կողմից և փորձում են շրջափակման մեջ վերցնել այդ բնակավայրը, և վերջում նրանք թողնում են դուրս գալու ճանապարհ, և արդեն ամենավերջում ուկրաինական կողմը ստիպված դուրս է գալիս այդ ճանապարհով»։

Փորձագատների կարծիքով՝ տարածքների գրավումը Մոսկվային հնարավորություն կտա ավելի ամուր դիրքերից նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Քաղաքագետ Դավիթ Սարգսյանի դիտարկմամբ՝ Մոսկվան թերևս չի համաձայնի ժամանակավոր հրադադարի, այլ կձգտի փաթեթային տարբերակով և ամբողջությամբ լուծել խնդիրը՝ իր վերահսկողության տակ վերցրած տարածքներով հանդերձ։ Իսկ Ռուսաստանն այսօր վերահսկում է Ուկրաինայի տարածքի գրեթե 20 %-ը։

Կարդացեք նաև

Back to top button