
Եվրախորհրդարանն Ադրբեջանում պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարությանը, համարել է ռազմագերիներ և Բաքվից պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց։ 523 կողմ, 3 դեմ և 84 ձեռնպահ ձայների համամասնությամբ կառույցն ընդունել է հրատապ բանաձև, որով Ադրբեջանին հիշեցրել է ստանձած պարտավորությունները։ Շեշտադրվել է նաև Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու դիվանագիտական ջանքերի հրատապ անհրաժեշտությունը։
Անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինապար պահվող հայ գերիներին, հարգել նրանց արդար դատաքննության իրավունքը, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են այդ երկրում մարդու իրավունքների կոպիտ և հետևողական խախտումների համար․ Եվրախորհրդարանի ընդունած հրատապ բանաձևը 10 կետով ամփոփում է այս օրերին Բաքվում ընթացող դատավարությունների իրավական խախտումները, անդրադառնում ԿԽՄԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունների Բաքվի գրասենյակների հարկադիր փակմանը, ԵՄ-ին ու անդամ պետություններին կոչ անում Ադրբեջանի հետ հարաբերություններում նախապատվությունը տալ ոչ թե առևտրին, այլ մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեմ պայքարին։
Քննարկման նախաձեռնողներից Սլովակիան ներկայացնող Միրամ Լեքսմանը Եվրախորհրդի պատգամավորներին կոչ արեց պատժամիջոցներ սահմանել Բաքվում պահվող հայերի դատավարություններում ներգրավված ադրբեջանցի դատախազների և դատավորների նկատմամբ, նաև շեշտեց՝ մինչ ԵՄ-ն Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերություն է վարում, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ հարևաններին:
«Սա է Ալիևի ռեժիմի իրական դեմքը, որը ճնշում է սեփական քաղաքացիներին և արհամարհում միջազգային պարտավորությունները։ Մինչ ԵՄ-ն ռազմավարական գործընկերություն է վարում, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին և ձախողել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը։ Փոխարենը մենք հաճոյանում ենք կեղեքողին և Ալիևի գործողությունները պարգևատրում առևտրի ծավալների մեծացմամբ։ Դասեր չե՞նք քաղել։ Ժամանակն է դադարել երազել ռազմավարական գործընկերության մասին, առերեսվել իրականությանը և գործել մեր արժեքներին և սկզբունքներին համապատասխան»։
Ժամանակն է, որ մարդու իրավունքները գերադասենք էժան նավթից ու գազից՝ հայտարարեց Պորտուգալիան ներկայացնող Կատարինա Վիեյրան։ Եվրապատգամավորը կարևորեց, որ ԵՄ խորհրդարանը հետևողականորեն անդրադառնում է իրավիճակին, սակայն արձանագրեց նաև, որ ԵՄ միակ կառույցն է, որ քայլեր է ձեռնարկում։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակվեն սովորականի պես և զոհաբերենք մեր արժեքները տնտեսական ու էներգետիկ շահերին։ Սա ոչ միայն կեղծավորություն է, այլև կախվածություն է առաջացնում՝ մեզ խոցելի դարձնելով շանտաժի համար: Ժամանակն է, որ մարդու իրավունքները գերադասենք էժան նավթից և գազից»։

Բաքվից գազ ստանալը նույնքան վա՞տ չէ, որքան Մոսկվայից ստանալը․ ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Բելամին այս հարցադրմամբ դիմեց Էներգիայի հարցերով եվրահանձնակատարին։ Պատգամավորը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դատավարությունները համեմատեց ստալինյան դատավարությունների հետ, նաև նշեց՝ Ադրբեջանն արտաքսել է Արցախում ապրող խաղաղ բնակչությանը։
«Ալիևը արտաքսեց խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով ռումբեր, սպառազինություն և ջիհադիստ վարձկաններ։ Դա անելուց հետո նա դեռ մեղադրում է զոհերին։ Ինչպե՞ս կարող ենք արդարացնել հանցագործներին, որոնք նողկալի գործողություններ են կատարում Եվրոպայում, մինչդեռ գազը դեռ հոսում է: Բաքվից գազ ստանալը նույնքան վա՞տ չէ, որքան Մոսկվայից։ Նույն գազը չէ՞»։
Էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենն ի պատասխան հայտարարեց՝ Ադրբեջան-ԵՄ համագործակցությունը հիմնված է նաև մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի սկզբունքի վրա։ Հանձնակատարի խոսքով՝ ԵՄ-ն կշարունակի կոչ անել Ադրբեջանի կառավարրությանը պահպանելու իր միջազգային պարտավորությունները․
«Մենք տեղյակ ենք, որ իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնել մեղադրյալների նկատմամբ դատավարությունների արդարության և նրանց նկատմամբ վերաբերմունքի մասին: Ձեզանից շատերն էլ այսօր այստեղ նման մտահոգություններ հայտնեցին: ԵՄ-ն կշարունակի կոչ անել Ադրբեջանի կառավարությանը պահպանել իր միջազգային պարտավորությունները: Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանին կոչ անելու՝ կալանավորների համար ապահովել արժանապատիվ և անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները պետք է անհապաղ և անաչառ հետաքննվեն»։
Եվարահանձանժողովի ներկայացուցիչը հայ պատանդներին արձակելու կոչեր չարեց, ընդգծեց միայն տարածաշրջանում խաղաղության հասնելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այդ հարցում հավասարապես կարևոր են Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերը։
Բանաձևը խորհրդատվական նշանակություն ունի և պատրադիր չէ կատարման համար։ Այնուամենայնիվ դրանով ԵՄ երկրներն Ադրբեջանին հիշեցնում են նաև, որ վերջինս ստորագրել է ՄԻԵԴ-ի «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան», «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը։ Դրանց վավերացմամբ Բաքուն պարտավորվել է հարգել մարդու արժանապատվությունը և հիմնարար ազատությունները։
«Կա միջազգային հստակ իրավունք, որ մենք վերադարձի իրավունք ունենք»
Եվրախորհրդարանում քննարկումներին զուգահեռ Երևանում Շվեյցարիայի դեսպանատան առջև տասնյակ քաղաքացիներ պահանջել են արցախցիների անվտանգ վերադարձ և Ադրբեջանում պահվող գերիների ազատ արձակում: Նրանք նամակ են փոխանցել դեսպանատանը։ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում՝ Կանտոնների խորհրդում, մարտի 18-ին կազմակերպվելու է քննարկում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և բռնի տեղահանված հայերի վերադարձի ապահովմանը։ Նամակում նշվում է, որ այդ քննարկումը և համապատասխան բանաձևի ընդունումը կարող են որոշիչ լինել՝ արցախցիների վերադարձի իրավունքը իրացնելու, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի իրացման համար։ Ակցիայի մասնակիցներն ակնկալում են նաև, որ Շվեյցարիան՝ որպես միջնորդ կամ չեզոք կողմ, կաշխատի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մեխանիզմները ներդնելու և իրագործելու ուղղությամբ։




