Միջազգային

Քարնին պատրաստ է բանակցել Թրամփի հետ առևտրային համաձայնագրի շուրջ, եթե հարգվի Կանադայի «ինքնիշխանությունը»

Կանադայի վարչապետի թեկնածու Մարկ Քարնին հայտարարել է, որ պատրաստ է նորացված առևտրային համաձայնագրի շուրջ բանակցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եթե «հարգվի Կանադայի ինքնիշխանությունը»:

BBC-ի փոխանցմամբ՝ Քարնին այս հայտարարությունն արել է Օնտարիոյի Համիլթոն քաղաքում գտնվող պողպատի գործարան կատարած այցի ժամանակ։ Կանադան ԱՄՆ-ից ներմուծման համար փոխադարձ մաքսատուրքեր է սահմանել՝ 29,8 միլիարդ կանադական դոլարի (20,7 միլիարդ դոլար) չափով։

Մինչ այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25% մաքսատուրք էր սահմանել երկիր ներմուծվող ամբողջ պողպատի և ալյումինի համար:

Թրամփի պաշտոնը ստանձնելուց հետո ԱՄՆ-ն և Կանադան ներքաշվել են առևտրային պատերազմի մեջ։ ԱՄՆ նախագահը բազմիցս սպառնացել է բռնակցել իր հարևանին:

Չորեքշաբթի Քարնին դատապարտել է ԱՄՆ-ի մաքսատուրքերի վերջին փուլը՝ անվանելով այն «չհիմնավորված»: «Մենք բոլորս ավելի լավ վիճակում կլինենք, երբ վերականգնվի և վերսկսվի աշխարհի ամենամեծ տնտեսական և անվտանգության գործընկերությունը», — ասել է նա: Կանադան ԱՄՆ-ին պողպատի և ալյումինի ամենամեծ արտասահմանյան մատակարարն է:

Թրամփը մաքսատուրքերի բարձրացումը հիմնավորել է՝ նշելով, որ դրանք անհրաժեշտ են ԱՄՆ-ի ազգային անվտանգության և ներքին արտադրողների պահանջարկը մեծացնելու համար, որը, նրա պնդմամբ, «ճնշվել է» արտաքին մրցակցության պատճառով:

Ի պատասխան՝ Կանադան հայտարարել է մաքսատուրքեր ԱՄՆ ապրանքների, այդ թվում՝ պողպատի և ալյումինի վրա։

Նոր մաքսատուրքերը ներառում են մի շարք ապրանքներ, այդ թվում՝ 12,6 մլրդ դոլար՝ պողպատի, 3 մլրդ դոլար՝ ալյումինի, ինչպես նաև գործիքների, համակարգչային սարքավորումների, ջրատաքացուցիչների, սպորտային սարքավորումների և թուջե արտադրանքի համար:

Փորձագետները նշում են, որ աճող առևտրային վեճը սպառնում է երկու երկրների տնտեսական կայունությանը:

Չորեքշաբթի օրը Կանադայի կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքները 3%-ից հասցնելով մինչև 2,75%՝ երկրի տնտեսությունը խթանելու համար:

Կարդացեք նաև

Back to top button