ԱՄՆ-ն, ՌԴ-ն ու ԵՄ-ն հրաժարվում են անօրինական ներգաղթյալներ ընդունելուց։ Միգրացիոն քաղաքականության խստացումից հետո արդեն ականատես ենք լինում արտաքսումների։ Եթե Ռուսաստանում վաղուց են սկսել այդ գործընթացը, ապա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միգրացիոն հոսքերը կրճատելու մասին հայտարարել է հենց պաշտոնավարման առաջին օրերին։ Այսօր արդեն այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում նաև ԵՄ-ն։
Աշխարհի շատ երկրներում այսօր ամենազգայուն թեմաներից մեկը միգրացիոն քաղաքականության խստացումն է։ Այդ երկրներում կարծում են, որ ներգաղթի պատճառով վնաս են կրում, մեծ միջոցներ են հատկացնում միգրանտների կարիքները հոգալու համար, ուստի անհրաժեշտ է նրանց առջև փակել դռները։ Առաջինն այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա վարչակազմը սկսել է իրականացնել անօրինական միգրանտների՝ ԱՄՆ պատմության մեջ խոշորագույն արտաքսումը։ Որպեսզի գործը հեշտացվի և արտաքսումը ձերբակալություններով ու կալանավորումներով չուղեկցվի, գործարկվել է մի հավելված, որի միջոցով միգրանտները կարող են կամավոր հեռանալ երկրից։
ԱՄՆ սահմանային վերահսկման և մաքսային դաշնային ծառայության բջջային հավելվածը կոչվում է CBP Home։
Այս տարբերակով հայրենադարձվելով՝ միգրանտները հետագայում իրավունք կունենան արդեն օրինական ճանապարհով այցելելու ԱՄՆ։

«Եթե նրանք դա չանեն, մենք կգտնենք նրանց, կարտաքսենք, և նրանք երբեք չեն կարողանա վերադառնալ»,- բացատրում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը:
ԵՄ երկրները ևս հայտարարում են միգրացիոն օրենսդրությունը խստացնելու մտադրության մասին։ Ըստ Foxnews-ի՝ ԵՄ-ն նախատեսում է ավելացնել արտաքսումները։ Եվրահանձնաժողովն ապաստանի մերժում ստացածների արտաքսումն արագացնելու ծրագիր է ներկայացրել։ Այն նախատեսում է ավելացնել ճնշումն այն միգրանտների նկատմամբ, որոնք չեն ցանկանում համագործակցել իշխանությունների հետ և կեղծ տեղեկություն են տրամադրում։ Ի թիվս այլ սահմանափակումների՝ նրանց սպառնում է սոցիալական նպաստների կրճատում:
Առաջարկը նպատակ ունի ԵՄ բոլոր 27 անդամ երկրների համար ընդհանուր մոտեցում սահմանելու, որպեսզի մի երկրի իշխանությունները կարողանան կատարել մեկ այլ երկրի արտաքսելու հրամանը։
Նախատեսվում է ստեղծել նաև «վերադարձի կենտրոններ»՝ ԵՄ-ից դուրս։ Այսինքն՝ ԵՄ երկրներին հնարավորություն է տրվում մերժված ապաստան հայցողներին տեղավորելու միության սահմաններից դուրս՝ հատուկ արտաքսման կենտրոններում:

Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյսերը ողջունում է Բրյուսելի այս առաջարկը։
«Մեզ անհրաժեշտ է եվրոպական մակարդակով արտաքսման արդյունավետ համակարգ»։
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ներկայում արտաքսման ենթակա հինգ միգրանտից միայն մեկն է լքում ԵՄ-ն։
Բրյուսելի ներկայացրած օրինագիծը դեռ պետք է դիտարկվի և ընդունվի Եվրախորհրդարանում:
Եթե ԵՄ երկրները նոր են նման օրինագիծ մշակում, ապա Ռուսաստանում տարեսկզբից արդեն գործում է միգրացիոն քաղաքականության խստացման մասին օրենքը։ Այդ երկիրը վերահսկվող անձանց ռեգիստրում արդեն ներառել է 700 հազար օտարերկրացու, որոնք 3 ամսից ավելի է, ինչ երկրում են առանց համապատասխան թույլտվության։
Այդ օտարերկրացիները որոշակի սահմանափակումներ ունեն՝ ասում է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։ Նա ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, որ պետք է սահմանափակել այն օտարերկրացիների թիվը, որոնք ապօրինի են Ռուսաստանում։

Ռուսաստանի իշխանությունները վերահսկվող անձանց ռեգիստրի օգնությամբ հույս ունեն օրինականացնելու օտարերկրացիների՝ երկրում գտնվելը՝ հստակեցնում է նախարարը։ Դրա համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 30-ը ներկայանալ ՆԳ մարմիններին և օրինականացնել ներկայությունը։ Դրա համար նրանք պետք է անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնեն, ինչից հետո միայն տվյալ անձը կհեռացվի վերահսկվող անձանց ռեգիստրից։
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական կայքում փետրվարի սկզբից սկսել է գործել ռեգիստրը։ Այն ներառում է Ռուսաստանում ապօրինի գտնվող այն անձանց, որոնք ավելի քան երեք ամիս առանց արտոնագրի, աշխատանքի թույլտվության, ժամանակավոր կացության թույլտվության կամ բնակության թույլտվության գտնվում են ՌԴ-ում։
2024 թվականին Ռուսաստանից ավելի քան 80 հազար միգրանտ է արտաքսվել։




