Մարտի 28-ին, ժամը 20:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կոմիտաս-էս էլ ես եմ» երաժշտական-պարային դրամայի պրեմիերան:
Ներկայացման մտահղացումը սկսվել է կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի երաժշտական ստեղծագործությունից։ Դաշնամուրի ու կլառնետի համար գրված ստեղծագործությունը, նա գրել է 44–օրյա պատերազմից հետո Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի հիման վրա։
Ներկայացումը Կոմիտասի կյանքի վեց փուլերն են։ Մարտին Ուլիխանյանն ասում է, ի տարբերություն Սևակի նա այլ կերպ է պատկերացնում Կոմիտասին, նա Կոմիտասին ընկալում է իր երաժշտությամբ։ «Կոմիտասը շատ յուրահատուկ կոմպոզիտոր է եղել, նրա երաժշտության մեջ չկա պաթոս, որը մեր հայ կոմպոզիտորական արվեստի մեջ դժվար է գտնել»,– ասում է նա։
Ներկայացման ռեժիսոր Արսեն Խաչատրյանը պատմում է, որ սկզբում նախատեսում էին կամերային ներկայացում անել, հետո որքան ավելի բացահայտեցին Կոմիտասի կերպարը, ներկայացումն ավելի մեծացնելու և բարդացնելու կարիք եղավ։
«Մենք ուզում ենք Կոմիտասի հանդեպ մեր սերը բացահայտվի։ Ինչքան բացահայտում էինք Կոմիտասին, այդքան պատկերավոր էր դառնում իր կերպարը և սերն ու ակնածանքը նաև՝ պատասխանատվությունն իր անձի հանդեպ մեծանում էր։ Ինքը վառ, «պատեր քանդող» կերպար էր։ Ես և Մարտինը Կոմիտասի հանդեպ թարմ վերաբերմունք ենք ուզում բերել, ուզում ենք մաքրել հին պատկերացումների փոշին», –ասում է ներկայացման ռեժիսոր Արսեն Խաչատրյանը։




