
Հայաստանն ամբողջովին պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը և այդ հարցում Հայաստանի մոտեցումը գործընթացի սկզբից ցայսօր չի փոխվել, թուրքական NTV հեռուստաալիքին ասել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
«Ակնկալում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում, որը ներառում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և Հայաստանի ցամաքային սահմանի ապաշրջափակում»,- ասել է նա։
Ըստ Ermenihaber- ի՝ Ռուբինյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը առանց որևէ նախապայմանի։
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը, Հայաստանը երեկ, այսօր, վաղը պատրաստ է ամբողջական կարգավորման, ու, եթե Թուրքիան էլ նման քաղաքական կամք ունենա, այդ ամենը շատ արագ կիրականանա, ասել է նա։
Նա նշել է, որ հայկական կողմում Մարգարա անցակետը վերանորոգվել է և բերվել պատրաստի վիճակի ու թուրք գործընկերներից ակնկալվում է նույնը։ Նաեւ ձեռք է բերվել համաձայնություն վերանորոգելու կամ վերակառուցելու սահմանին գտնվող կամուրջը։




