ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Ջիդդայում ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կառուցողական կետից են մեկնարկել՝ վստահեցնում են կողմերը

Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կառուցողական մեկնարկ են ունեցել՝ Telegram-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ Ըստ նրա՝ Կիևը արդար և տևական խաղաղություն է ուզում, և ԱՄՆ անվտանգության երաշխիքները անչափ կարևոր են։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն BBC-ի հետ զրույցում հույս է հայտնել է, որ բանակցությունները լավ են ընթանալու։

Բանակցությունների առաջին հատվածը տևել է շուրջ 4 ժամ, որից հետո ընդմիջում է հայտարարվել։

«Հույս ունենք գործնական արդյունքների հասնելու»,-Սաուդյան Արաբիայում ընթացող ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից առաջ X-ում այսպիսի գրառում է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Փետրվարի վերջին Թրամփ-Զելենսկի ձախողված համդիպումից հետո Ուկրաինայի նախագահը վստահեցնում է, որ այս բանակցություններում Ուկրաինայի դիրքորոշումը լիովին կառուցողական է։

Ավելի վաղ Ջիդդայում Զելենսկին հանդիպել էր Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ։ Կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի հարաբերությունները, ուկրաինական վերջին իրադարձությունները։ Գահաժառանգը վստահեցրել է, որ աջակցում է խաղաղության հասնելու ջանքերին։

Ըստ Foxnews-ի՝ Էր Ռիադը կարող է միջոցներ ներդնել պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման համար։ Երկու երկրների ղեկավարները նաև պատրաստակամություն են հայտնել քննարկելու նավթի, գազի արդյունահանման շուրջ համագործակցությունը։

Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ հանդիպումից հետո Զելենսկին հեռացել է Ջիդդայից, որտեղ այնուհետև սկսվել են ամերիկա-ուկրաինական բանակցությունները։ Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Ուկրաինան ներկայացնում են նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, արտգործնախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Թեև ուկրաինական կողմը հայտարարել էր, որ իրենց դիրքորոշումը լիովին կառուցողական է, և հույս կա գործնական արդյունքների հասնելու, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մինչև հանդիպումը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ պատերազմին վերջ դնելու որևէ գործարքի շրջանակում Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ։ Ռուբիոն միևնույն ժամանակ նշել էր, որ Ռուսաստանը նույնպես ստիպված կլինի դժվար որոշումներ կայացնել պատերազմն ավարտելու կամ գոնե կանգնեցնելու համար։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ըստ Reuters-ի, Սաուդյան Արաբիայում ընթացող բանակցություններից հետո կայցելի Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Որոշ լրատվամիջոցներ անգամ նշում են, որ հանդիպումը տեղի կունենա մարտի 13-ին։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Մոսկվա էր մեկնել նաև փետրվարի 11-ին և հանդիպել Պուտինի հետ, հիշեցնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Ամերիկա-ուկրաինական բանակցություններին զուգահեռ՝ բավական ակտիվ փոխադարձ հարձակումներ են արձանագրվում ռուս-ուկրաինական հակամարտության գոտում։ Նշվում է Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ներով զանգվածային հարձակումների մասին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղեկացնում է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող 69 ԱԹՍ։

Իսկ ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական ՀՕՊ-ը գիշվա ընթացքում 337 ուկրաինական անօդաչու է խոցել Ռուսաստանի տարածքում, կան զոհեր ու վիրավորներ ։

Բանակցություններին ընդառաջ Մոսկվան հայտարարեց, որ Կուրսկի շրջանում իր զորքերը հետ են գրավել ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք և 12 բնակավայր։

Կարդացեք նաև

Back to top button