Սիրիայի ծովափնյա Լաթակիա քաղաքում այսօր իրավիճակը հարաբերական կայուն է, «Ռադիոլուրին» հայտնել է Դամասկոսում բնակվող Հակոբ Խաճարյանը։
Այնտեղի հայ համայնքի հետ կապ հաստատել չի հաջողվում, ինտերնետ կապն ու հեռախոսակապը դադարներով է գործում։ Հակոբ Խաճարյանը հայտնել է, որ Լաթակիայում ապրող հայ ընկերների հետ ընդամենը մի քանի րոպե է հասցրել զրուցել, հենց իրենք էլ ասել են, որ այսօր հարաբերական կայուն վիճակ է։

Բախումների հետևանքով երկու հայ է զոհվել, նախօրեին Սիրիայում գործող «Գանձասար» պարբերականն էր հայտնել։ Այս երկրում մի քանի օր է արդեն պարեկային ժամ է հայտարարված։ Լաթակիայի Հայ Առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցին կիրակի նախատեսված պատարագն է չեղարկել։
«Ռադիոլուրի» զրուցակիցն ասում է՝ ամենածանրն այս պահին անորոշությունն է։ «Ես ինքս իմ հայ բարեկամների հետ եմ խոսել, որոնք Լաթակիայում են ապրում, իրենք էլ մեզ նման անորոշության մեջ են, բոլորը տներում են, դուրս չեն գալիս, ինտերնետ կապն ու հեռախոսակապը գրեթե կտրված է, միջոց չունենք իրար հետ կապվելու։ Երկու օր առաջ իրավիճակը ավելի վատ էր, այսօր ավելի հանդարտ է»։
Հակոբ Խաճարյանը հույս ունի, որ հայ կամ քրիստոնյա համայնքին ձեռք չեն տա, բայց ապագայում ինչ կլինի՝ հայտնի չէ։

Երկրի տապալված նախագահ Բաշար այ Ասադի կողմնակիցների և կառավարական ուժերի միջև բախումները հիմնականում Միջերկրական ծովի ափի Լաթակիա, Տարտուս ու Ջաբլա քաղաքներում են։ Այստեղ են հիմնականում բնակվում սիրիացի ալավիները։ Հենց այս համայնքից է Ասադների ընտանիքը։
Հալեպահայ գրականագետ Հարութ Վարդանյանը «Ռադիոլուրին» պատմում է՝ Սիրիայում նոր իշխանության հաստատումից շուրջ 90 օր անց երկիրը դեռ շատ տկար է ու ստեղծված իրավիճակը կուտակված լարվածության արդյունքն է։
Մի քանի օր շարունակվող բախումների հետևանքով առնվազն 1000 մարդ է զոհվել, Մեծ Բրիտանիայում գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով զոհերից ավելի քան 700- ը խաղաղ բնակիչներ են։

«Չեմ կարծում, որ հայերը մեծ վտանգների են ենթարկվում, որովհետև անմիջական կապ չունեն ալավի ջոկատների հետ, բայց, իհարկե, կարող են տուժել, եթե զուգահեռաբար իրենք անցնեն այն ճանապարհներով, որտեղ բախումներ են»,- պատմում է Հարութ Վարդանյանը։
Նա հայտնել է, որ «Գանձասար» պարբերականը կոչ է արել առանց անհրաժեհության մարդիկ տնից դուրս չկան, դադարեցվեն են նաեւ եկեղեցական արարողությունները, որպեսզի մարդիկ տնից դուրս գալու կարիք չունենան։




