
Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար Ասադի զինված կողմնակիցների միջև երկրի արևմուտքում բախումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը մեկ օրում 830-ից հասել է 973-ի, հայտնում է լիբանանյան Al Nahar թերթը, որի տեղեկություններով՝ մահացածների թվում կան նաև կանայք և երեխաներ։
Զոհվածների մեծ մասը ալավիներ են, որոնք կազմում են Սիրիայի բնակչության 12%-ը։
Անվտանգության ուժերը վերականգնել են վերահսկողությունը Լաթակիա և Տարտուս նահանգների առափնյա շրջանների նկատմամբ, սակայն լեռներում բախումները շարունակվում են։
Ինչպես Reuters-ն է գրում՝ ՄԱԿ-ում դիվանագետներն ասել են, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը խնդրել են Անվտանգության խորհրդին երկուշաբթի փակ դռների հետևում հանդիպել և քննարկել Սիրիայում իրավիճակը:
Մարտի 9-ին Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի գրասենյակը հայտնել է, որ պետության ղեկավարը ստեղծել է անկախ կոմիտե՝ հետաքննելու հանգամանքները, որոնք երկրի արևմուտքում գտնվող ափամերձ նահանգներում հանգեցրել են իրավիճակի սրմանը :




