ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

«Բրոնզե Անահիտը» թանգարանում կարող էր կանգել ամբողջ հասակով. հողին ի պահ էին տվել արձանի նաև մյուս մասերը

«Բրոնզաձույլ Անահիտը» Բրիտանական թանգարանում կարող էր կանգնել 2.5 մ հասակով, եթե «չխանգարեին» ժամանակի օրենսդրական փոփոխությունները։

Հայոց դիցուհու արձանի գլուխն ու ձեռքը 2024թ.-ի սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության թանգարանում ժամանակավոր ցուցադրության մաս են։ Բրիտանական թանգարանի հետ կազմակերպված դասախոսություններն էլ թույլ են տալիս պարզել ավելին՝ Սատաղից Լոնդոն դրանց տեղափոխման մասին։

Մշակութային պատմաբան, Լոնդոնի համալսարանական քոլեջի ավագ գիտաշխատող Լուչիա Պատրիցիո Գանինգը եվրոպական թանգարանների պատմությունն ուսումնասիրելիս է հետքարքրվել ինքնատիպ արձանի ճակատագրով։ «Ռադիոլուրի» հետ զրույցում անկեղծանում է՝ «Անահիտի» պատմությունը բարդ է՝ Օսմանյան կայսրությունից Հունաստան, հետո Իտալիայից Բրիտանիա։

«Կար մի իտալացի կոլեկցիոներ՝ Ալեսանդրո Կաստելանի անվամբ։ Նա երկար տարիներ անօգուտ կերպով փորձում էր Բրիտանական թանգարանին վաճառել իր ոսկե և արծաթե հնությունների հավաքածուն։ Մինչև մի օր գրեց, որ ունի  Հռոմում ձեռք բերված անհավանական գեղեցկությամբ մի նմուշ՝ «հռոմեական ոճի արձանի գլուխ՝ Թեսալիայից», որը Բրիտանական թանգարանին կվաճառի, եթե նրանք իր հավաքածուն գնեն ամբողջությամբ»։

Նամակից պարզ է դառնում՝1800-ականների ավարտին, երբ եվրոպական թանգարաններին հասանելի էին հին աշխարհի բացառիկ հնագիտական նմուշներ, Փոքր Հայքի Սատաղ քաղաքից հայտնաբերված արձանով է հավաքորդը շահագրգռում գնորդին։ Բուն տեղանքի մասին, սակայն, իտալացին չգիտեր, ուստի ձեռք բերման վայրն է նշում հունական պատմական շրջան Թեսալիան։ Այն ներկայիս Թուրքիայից բաժանված է ջրային սահմանով, ինչն էլ հավանական է դարձնում, որ նմուշի ճամփորդության առաջին մասը եղել է «ջրային»։

Բրոնզաձույլ արձանի մասերով սկսում է հետաքրքրվել Չարլզ Թոմաս Նյուտոնը՝ մարդ, որը հետո դառնում է Բրիտանական թանգարանի «Հունաստանի և Հռոմի բաժնի» տնօրենը։

«Փաստաթղթերի մի շատ «խճճված» փաթեթ կա։ Նյուտոնը պարտադիր ցանկանում էր ստանալ այս գլուխը, ուստի բազմաթիվ անձնական նամակներ գրեց ինչպես վարչապետին, այնպես էլ թանգարանի հոգաբարձուներին և կառավարությանը՝ խնդրելով գնել այն»:

Հայրենի կառավարությանն ուղղված նամակներից բացի՝ Նյուտոնը նպատակին հասնելու համար հոդված է գրում թերթում, մասնավորապես նշելով․«…Սա հազվագյուտ արձան է, Ֆիդիայի ժամանակաշրջանի մետաղական քանդակի եզակի նմուշ»։ Բրիտանացին դեռևս չգիտեր, որ նմուշն Անահիտ դիցուհու պաշտամունքով հայտնի  Սատաղ բնակավայրում հայտնաբերված մ․թ․ա 4-2-րդ դարերին է թվագրվում։

Հետո Նյուտոնը տեղեկություններ է փորձում հայթայթել բրիտանական հյուպատոսությունների միջոցով՝ ասում է մշակութային պատմաբան Լուչիա Պատրիցիո Գանինգը։

«Որոնումները երկար տևեցին, բայց նա տեղեկացավ, որ Սատաղում մի գյուղացի, հողը քլունգով փորելու ժամանակ, դեմ է առել ինչ-որ մետաղական իրի։ Այդպիսով նա առաջինը գտել է արձանի ձեռքը։ Ձեռքի փոսը հենց քլունգով հարվածի հետևանք է։ Հետո ավելի շատ փորելով՝ գյուղացին գտել է արձանի գլուխը: Լուրը հասել է գավառապետին, իսկ գավառապետը դրանք տարել է Կոստանդնուպոլսի թանգարան»։

Անահիտի արձանի նմուշներն անհետանում են՝ այդպես էլ Կոստանդնուպոլսի թանգարան չհասնելով՝ պատմում է զրուցակիցս։

«Բրոնզե Անահիտի» տեղափոխման հաջորդ կանգառը դառնում է Հռոմի շուկան, որտեղ, վկայությունների համաձայն, դրանով սկսում է հետաքրքրվել Ֆլորենցիայում օսմանյան դեսպան Փոթիադես Բեյը։

«Այդ ցանկությունը փաստում է, որ Բեյը հստակ գիտեր, թե ինչ կտորներ են դրանք։ Նա հետագայում նամակագրություն է հաստատում Նյուտոնի հետ։ Հետո Նյուտոնը հարցում է ուղարկում Կոստանդնուպոլիս՝ իրենց դեսպանատան քարտուղարին։ Միայն 2 տարի հետո է այդ տղան վերադառնում Նյուտոնի մոտ և ասում՝ ես հանդիպեցի մի մարդու, որի անունն էր Ալիշան»։

Ծնունդով պոլսեցի, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, ականավոր պատմաբան Ղևոնդ Ալիշանը, Բրիտանական թանգարանի արխիվային նյութերի համաձայն, պատվիրակին տեղեկացնում է, որ  ճանաչում է հողը փորելիս արձանը գտած մարդուն, գիտի, որ կան արձանի մյուս մասերը, ինչպես նաև տեղում հայտնաբերված մեկ այլ արձան։

Մինչ ես նկատում եմ, որ հենց Ալիշանն է իր «Այրարատ» աշխատությունում պնդել, որ բրոնզե մասունքը պատկանում է հայոց դիցարանի պտղաբերության և մայրության աստվածուհուն, զրուցակիցս հավելում է։

«Երբ սկսեցին եվրոպական թանգարանների համար հավաքագրումները, հնությունները Եվրոպա բերել հնարավոր էր, քանի որ չկար օրենսդրություն։ Բայց հենց արձանի գլուխը հայտնի դարձավ, օրենսդրական սահմանափակումներ սկսեցին կիրառվել թե՛ Օսմանյան կայսրությունում, թե՛ Իտալիայում։ Այդպես անհնար դարձավ հետ գնալ, պեղել ու հանել իրերը, քանի որ մինչև այդ օրենսդրությունը գրվել էր և 3 անգամ խստացվել։ Նաև այդ ժամանակ Օսմանյան կայսրությունը Կոստանդնուպոլսում կառուցում էր իր սեփական թանգարանը»:

Որտե՞ղ են հունակերպ կերտվածքով, բայց նաև փոքր-ինչ ասիական դիմագծերով, Հայոց դիցարանում լուսնին մարմնավորող դիցուհուն հարիր՝ ճակատի կիսալուսնաձև խոպոպներով արձանի մյուս մասերը։

Զրուցակիցս՝ մշակութային պատմաբան Լուչիա Պատրիցիո Գանինգը, ով այժմ բնակվում է Վենետիկում, հույս ունի ուսումնասիրությունն ամբողջացնել Իտալիայում, այդ թվում Վենետիկի հայկական Սուրբ Ղազար կղզում։ «Բրոնզաձույլ Անահիտի» գլուխն ու ձեռքը Հայաստանի Պատմության թանգարանում ժամանակավոր ցուցադրությունից հետո կվերադառնան Բրիտանական թանգարան։ Ցուցադրությունը հնարավոր է դարձել 2 թանգարանների համագործակցության շնորհիվ։

Կարդացեք նաև

Back to top button