ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

93 տարի առաջ կառուցված Կապանի կայարանի շենքը վերափոխվեց «Թումո» կենտրոնի

Կապանում բացվել է «Թումո» կենտրոն, որը տեղակայված է քաղաքի երկաթուղային կայարանի շենքում։ Շենքը խնամքով վերանորոգվել է` պահպանելով պատմական և ճարտարապետական յուրահատկությունը՝ վերածվելով նորարարական հանգույցի։ Կենտրոնի բացմամբ շուրջ 2000 երեխա հնարավորություն կունենա օգտվել տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում ձեռներեցությունը խթանող ծրագրերից։ 

Կապանում դեռ 1932 թվականին կառուցված երկաթուղային կայարանի շենքն այսուհետ «Թումո» կենտրոն է, ուր հաճախելու է Կապանի և շրջակա բնակավայրերի շուրջ 2000 երեխա։ Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ «Թումո»-ն նախընտրում է իր ծրագրերն իրականացնել  պատմական արժեք ունեցող շենքերում։ Կապանի երկաթուղային կայարանի շենքն էլ է այդ նպատակով վերանորոգվել՝ պահպանելով իր պատմական դիմագիծը և ներառելով արդիական կրթական տարածքներ։

«Իհարկե, ավելի հեշտ է կառուցել նորը, սակայն շատ կարևոր է մեզ ժառանգություն հասած հին կառույցին նոր ոգի, նոր կյանք տալը»,- դեռ 2021թ-ին ասել էր «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, ով հիմա արդեն արդյունքը համարում է իր «երեխան», որը, նրա ձևակերպմամբ, մեծացել է և պիտի զարմացնի»։

«Ես հիշում եմ՝ մի քանի տարի առաջ, երբ Կապան էի եկել, հատիկ-հատիկ նայում էի շենքերը, այս շենքը տեսա՝ կանգնեցի, նաև սիրտս էր կանգնում։ Ասեցի՝ սա է, բոլորն ասացին՝ չի կարելի՝ սեփականաշնորհված է։ Ուզում եմ բոլորիդ ասել, որ ամեն ինչ կարելի է։ Պիտի որոշենք, մտքի մեջ դնենք ու գնանք մինչև ծայր»։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը կարևորում է, որ հենց այս շենքում հիմնադրվեց «Թումո»-ն։ Ժամանակին կայարանը ոչ միայն տրանսպորտային հանգույց էր, այլև տարածաշրջանի տնտեսության ու մշակույթի զարգացման հնարավորություն՝ հիշում է Կապանի համայնքապետը․

«Ինչպես նախկինում, այժմ էլ հանքարդյունաբերությունը մեր տնտեսության գերակա ճյուղն է, ու, համայնքի կայուն զարգացման խնդրից ելնելով, տանում ենք տեղական տնտեսության դիվերսիֆիկացման քաղաքականություն։ Արագ զարգացող այս աշխարհում հատկապես կարևորում ենք գիտելիքահեն տնտեսության զարգացումը։ Իսկ տնտեսությունը զարգացնելու մեծ հնարավորություն է կրթությունը խթանելը։ Հույս ունեմ, որ մեր պատանիները կօգտագործեն այս հնարավորությունը՝ բացահայտելու դեռ չբացհայտված կապանյան ներուժը ու կերտելու Կապանի վաղվա օրը»։

Կապանի «Թումո» կենտրոնի հիմնումը հնարավոր է դարձել «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության և ԵՄ ֆինանսավորած պիլոտային համայնքային ծրագրով: Նվիրատվություն են արել Ջուդիթ Սարյանը և Վիկտոր Զարուգյանը։
Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը սա Եվրամիության աշխատանքի ընդամենը մի մասն է համարում, ընդգծում, որ իրենք աջակցում են խաղաղության հաստատմանն ու հարաբերությունների կարգավորմանը։ Մարագոսն ուրախ է, որ ԵՄ դիտորդական առաքելության դիտորդները նույնպես մասնակցում են «Թումո»-ի բացմանն ու պատեհ է համարում մեկ անգամ ևս կարևորել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության մանդատի երկարաձգումը Հայաստանում։

Վասիլիս Մարագոս․ «Մարդկային կապիտալի, հմտությունների զարգացումը, նորարարության ներդրումը և տարածքային համաչափ զարգացումը մեզ համար առաջնահերթություն է, ու այս համատեքստում մեզ համար պատիվ է Կապանում «Թումո» կենտրոնի բացումը։ Մենք պիտի շարունակենք մեր ներդրումները՝ ուղղված մարդկային կապիտալի, հատկապես երիտասարդների կարողության զարգացմանը, նորարարություններին։ Կարևորում եմ Եվրամիություն-Հայաստան շփումները՝ շարունակելու աշխատանքը հանուն Հայաստանի դիմակայանության»։

Մինչև «Թումո» կենտրոնի բացվելը՝ կապանցիներն օգտվում էին «Թումո» արկղերից։ Կենտրոնն ինքնուսուցման տարածք ունի, տեխնոլոգիաների և դիզայնի ուսուցման անհրաժեշտ պայմաններ շուրջ 2000 այցելուի համար։ Մեղրեցի Մոնիկա Քառյանն արդեն ծրագրել է շաբաթը մեկ օր ընկերների հետ հաճախել «Թումո»-ի Կապանի կենտրոն։ Մեղրիում «Թումո» տուփ ունեն, այնտեղ էլ է հաճախում։ Բժիշկ է մտադիր դառնալ։

«Շատ է ինձ դուր գալիս, տարբեր ծրագրեր ենք սովորում՝ գրաֆիկ դիզայն, կինոների ստեղծում, լուսանկարչություն։ Գուցե ուսանող ժամանակ ծրագրավորումը, համակարգչային գիտելիքներն ինձ պետք գան»։

Ի դեպ, Կապանի կենտրոնում շուտով կսկսվի կինոթատրոնի շինարարությունը, պատասխանատուները՝ վստահ են՝ ուղիղ մեկ տարի հետո հանդիսավոր բացում են անելու։

Կարդացեք նաև

Back to top button