ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Տարածաշրջանի խաղաղությունը Ադրբեջանի դաշտում է»․ Երևանում չեն հասկանում Բաքվի մերժումները

Տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ չորս ամիս առաջ Ադրբեջանին փոխանցված առաջարկների պատասխանները չստանալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոդվածով է անդրադարձել թեմային։ Առաջարկներն անելիս հայկական կողմը համոզված էր, որ դրանք փոխադարձաբար ընդունելի և փոխշահավետ լուծումներ են ։ Վարչապետի  համար այսօր էլ անհասկանալի է, թե ինչու է Բաքուն  մերժում առաջարկները: «Հույս ունեմ՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար»,- հոդվածում գրում է Նիկոլ Փաշինյանը:

Խաղաղության բանակցություններում Ադրբեջանի անկեղծությունը կասկածի տակ է դնում ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև իշխանությունը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում գնդակն Ադրբեջանի դաշտում է։  

«Ադրբեջանի նախագահի ցանկության պարագայում մենք երեկ կարող էինք այդ հարցը լուծել և ստորագրել, բայց հիմա տարբեր  աշխարհաքաղաքական գործընթացներ, խաղեր և «առևտուրներ» են տեղի ունենում, և ադրբեջանական կողմը փորձում է մաքսիմալ «քամել» այդ հնարավորություններից, բայց, իմ կարծիքով, այլևս ոչ իրենք ժամանակ ունեն, ոչ մենք, ոչ էլ աշխարհը էլ պետք է սպասի։ Եթե իրենք իրոք խաղաղություն են ուզում կնքել, այդ հնարավորությունը երեկ կար, այսօր էլ կա»։

Խորհրդարանական ընդդիմությունը թերահավատ է այս պահին խաղաղություն հաստատելու հնարավորության հարցում։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը համոզված է, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանի դեմ ճնշման նոր հնարավորություններ ստեղծել։

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանում չեն շտապում Հայաստանի հետ ունենալ համաձայնություն և ստորագրել փաստաթուղթ։ Չի բացառվում, որ Ադրբեջանը նաև այս իրավիճակում փնտրի ճանապարհներ որոշակի խնդիրներ, հատկապես Սյունիքի հետ կապված ռազմական ճանապարհով լուծելու համար։ Բնականաբար, սա կախված չէ միայն նրա տրամադրվածությունից կամ ցանկությունից։ Շատ բան կախված է, թե ռեգիոնալ և աշխարհաքաղաքական տեսանկյունից ինչպիսի իրադրություն կլինի»։

Տարածաշրջանի կոմունիկացիաների հարցն է այս պահին շահարկվում որպես հնարավոր էսկալացիայի պատճառ։ Դրա մասին իր հոդվածում գրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով բացել Ադրբեջան ուղարկված առաջարկների էությունը։ Ադրբեջանական մեղադրանքներին ի պատասխան, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, հղում անելով այն ակնհայտ փաստին, որ հաղորդակցության ուղիները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փակ են, վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը միակողմանի պարտավորություններ չունի: Մեջբերում վարչապետի հոդվածից․

«Երկու կողմերն են պարտավորվել միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները: Այսօր Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցնողների համար, ո՛չ ճանապարհ, ո՛չ երկաթուղի, ո՛չ խողովակաշար, ո՛չ էլեկտրահաղորդակցության գիծ, ո՛չ մալուխ: Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար»:

Դեռ 2022 թվականին Կառավարությունը շրջանառության մեջ է դրել սահմանային երեք անցակետ բացելու մասին որոշման նախագիծը, որն Ադրբեջանի բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաներին ՀՀ տարածք մուտք գործելու և դեպի Նախիջեւան ու Թուրքիա երթեւեկելու հնարավորություն է ենթադրում: 

Այդ որոշումները չեն ընդունվել միայն Ադրբեջանի մերժողական դիրքորոշման պատճառով, հիմնավորել է վարչապետը, բայց դրանք Հայաստանի Կառավարության կողմից կարող են ընդունվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Թեև դեպի Նախիջեւան մուտքի ենթակառուցվածքներ չկան եւ պետք է կառուցվեն, բայց վարչապետը համոզված է, որ հարցը բավական արագ կարելի է լուծել։

Տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ կոնկրետ առաջարկներ Հայաստանն Ադրբեջանին փոխանցել էր չորս ամիս առաջ։ Վարչապետ Փաշինյանը համոզված էր, որ արվել են առաջարկներ, որոնցից դժվար կլինի հրաժարվել, բայց Բաքուն պաշտոնապես դրանց չի արձագանքել։

Այն, ինչ այս պահին կարող է առաջարկել Հայաստանը, վարչապետը ներկայացրել է հոդվածում։ Մեջբերում․

«Հենց հիմա, զուտ ֆիզիկական ենթակառուցվածքի պատրաստության առումով, օրինակ, բեռնատարները կարող են Լաչին-Կոռնիձոր հատվածով Կոռնիձոր անցակետով մուտք գործել ՀՀ տարածք, մեր ճանապարհներով երթեւեկել մինչեւ Հայաստան-Թուրքիա սահման և Մարգարա անցակետով մուտք գործել Թուրքիա: Նույնը հակառակ ուղղությամբ: Նման տարանցիկ բեռնափոխադրման համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքը հիմա էլ պատրաստ է, մնում է դե յուրե որոշում կայացնել: Մենք պատրաստ ենք նման որոշում կայացնել, եթե Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կա հետաքրքրվածություն»:

Օրերս դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահն ասել էր, թե սպասում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության պայմանագրին՝ Հարավային Կովկասում բարգավաճում ապահովելու համար։ Այս հարցով Թուրքիայի շահագրգռվածությունը Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զգացել է նաև թուրք պաշտոնակցի հետ Ժնևում հանդիպման ժամանակ։

«Այո, մենք պետք է Թուրքիայի հետ աշխատենք և շարունակենք աշխատելը։ Ցավում եմ, որ Ադրբեջանը հայ-թուրքական սահմանի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը «պատանդ» է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ։ Դա շատ վատ է։ Դա, կարծում եմ, Թուրքիայի համապատասխան պաշտոնյաները նույնպես հասկանում են»։

Ճանապարհների անվտանգության հարցում Հայաստանը չի պատրաստվում զիջել իր «կարմիր գծերը»։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ առաջարկներում ամեն ինչ հստակ է։

«Իհարկե, երկկողմանի, հայելային և երկու կողմերի համար թե՛ իրավունքների, թե՛ պարտավորությունների առումով հավասար պայմաններ»։

Նիկոլ Փաշինյանն իր հոդվածում ևս մեկ անգամ պաշտոնապես արձանագրել է, որ Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որեւէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնել, նույնիսկ չի ակնարկել, որ սեփական տարածքում անվտանգության ապահովումը, այդ թվում՝ միջազգային կամ ադրբեջանական ուղեւորափոխադրումների կամ բեռնափոխադրումների համար, պետք է կամ կարող է արտապատվիրակել այլ երկրի: Վարչապետը գրել է, որ Հայաստանը պարտավորվել է երաշխավորել անցման անվտանգությունը, ինչը և պատրաստ է անել: Մեջբերում հոդվածից․

«Մենք կապահովենք բեռնափոխադրումների անվտանգությունը, բայց եթե ադրբեջանցի վարորդների եւ բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթեւեկել են եւ այսօր էլ ակտիվ երթեւեկում են Հայաստանի ճանապարհներով: Դա կարող են անել նաեւ այլ երկրների բեռնատարներ»:

Ըստ վարչապետի՝ հայկական կողմն առաջարկում է այս փուլում Զանգելան-Մեղրի-Օրդուբադ եւ հակառակ ուղղությամբ, Երասխ-Օրդուբադ-Մեղրի եւ հակառակ ուղղությամբ հաղորդակցության բացումը սկսել երկաթուղային բեռնափոխադրումներից: Ընդ որում, գրավոր առաջարկվել է տարբերակ, որը չի նսեմացնում կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը: Մեջբերում․

«Եթե Բաքվի մտահոգությունը Նախիջեւանի հետ եւ հակառակ ուղղությամբ հուսալի բեռնափոխադրումներ ապահովելն է, այդ հարցը լուծված է: Մնում է Ադրբեջանն ասի՝ այո: Որոշ ժամանակ էլ կտեւի ՀՀ տարածքում Նռնաձոր-Կարճեւան երկաթուղու կառուցումը: Երասխ-Նախիջեւանի հետ սահման հատվածում նույնպես երկաթուղու մի կարճ կտոր պետք է կառուցվի, բայց սա Հայաստան-Ադրբեջան եւ Ադրբեջան-Թուրքիա երկաթուղային կապի համար է անհրաժեշտ, եւ այս աշխատանքն էլ կարելի է արագ անել»:

Ըստ վարչապետի՝ նույն սկզբունքով Հայաստանը պատրաստ է Ադրբեջանից դեպի Նախիջեւան խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների տարանցում տրամադրել: Վարչապետի համար անհասկանալի է, թե ինչու են այս առաջարկները մերժվում Ադրբեջանի կողմից: Հույս ունի՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ ունենալու համար: 

Ինչո՞ւ է հայկական կողմն անընդհատ խոսում էսկալացիայի հնարավորության մասին և միևնույն ժամանակ պնդում, որ դրա հիմքերը չկան։ Այս հարցը պարզաբանում է Հայաստանի ԱԺ նախագահը։

«Մենք միշտ պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ և պատճառ չլինի։ Մենք միշտ պետք է ելնենք ամենաբացասական կանխավարկածից, որ յուրաքանչյուր պահին կարող է յուրաքանչյուր բան տեղի ունենալ և որևէ բան չբացառել։ Վստահ չլինենք, որ ամեն ինչ այսպես է լինելու, այնպես է լինելու։ Էլ չեմ ասում, որ իրադարձություններն այնպես արագ են զարգանում, որ կարող են շատ հետաքրքիր զարգացումներ լինել մոտ օրերս։ Այս թեմայի շուրջ, որ մենք զրուցում ենք, կարող են նորություններ լինել, ինչ–որ փոփոխություններ տեղի ունենալ։ Օրինակ, մեր պատասխանը գնա Խաղաղության պայմանագրի»։  

Անցյալ տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ Խաղաղության պայմանագրի նախագծից հանվել է տարածաշրջանի ապաշրջափակման հարցը, որն առանձին կետով ներառված էր փաստաթղթում։ Հարցն այժմ կողմերը քննարկում են առանձին փաթեթով, վերջին չորս ամիսներին՝ առանց տեսանելի առաջընթացի։

Կարդացեք նաև

Back to top button