ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Եվրոպական Միության անդամակցությանը դեռ սպասել է պետք․ խորհրդարանը նոր քննարկման կարիք ունի

Քաղհասարակության նախաձեռնած, 30 օրում 60 000 քաղաքացու ստորագրություն- հավանությունը ստացած, Ազգային ժողովի առաջին ընթերցմամբ քննարկված-ընդունված «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը դեռ տարընթերցումների առիթ է տալիս։

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելուց առաջ նախագիծը քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում։ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը ցանկանում է իմանալ՝ արդյո՞ք օրենքի ընդունումը նշանակում է փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքավորումը, հրաժարվել նախկինում կնքված-խորացած հարաբերություններից ու կառուցել նորը՝ Եվրոպական միության հետ։ Պատասխանում է Արտագին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը․

— Նման իրողություն կստեղծվեր, եթե մենք ներկայացնեինք անդամակցության հայտ։ Այս օրենքը չի հանդիսանում ԵՄ անդամակցության հայտ, համապաստախանում է մեր՝ Եվրամիության հետ առավել մերձեցման ուղղությանը, այս առումով աշխարհաքաղաքական փոփոխությունների կոնտեքստ մենք չենք տեսնում։
— Արձագանք ունե՞ք,- հարցնում է նիստը ղեկավարող Արման Եղոյանը։
— Անկեղծ ասած՝ դժվար է արձագանքել նրան, ինչ հենց նոր լսեցի, որովհետև ստացվում է՝ օրենքը ընդունում ենք, բայց անդամակցության չենք ձգտում։ Ես այդպես հասկացա։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ ենք ընդունում այս օրենքը։ Սրանով իրձ համար ամեն ինչ պարզ է արդեն։
— Մենք սկսում ենք անդամակցության գործընթաց, բայց դա չի նշանակում անդամակցության հայտ ներակայցնել, պարզապես դրա մասին ենք խոսում։

ԵՄ անդամացության հայտ չի ներկայացվի անմիջապես՝ պարզաբանում է ԱԳՆ փոխնախարարը։ Դա կարող է տեղի ունենալ նույնիսկ մի քանի տարի անց։ Այս դեպքում էլ վերապահում ունի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը․

«Նախաձեռնող խմբի իղձն ու նպատակը եղել է հետևյալը․ ՀՀ–ն ձեռնարկում է բոլոր ջանքերը և հնարավորինս սեղմ ժամկետում, որ հայտ ներկայացնի ԵՄ անդամակցության, դրան հասնելու ճանապարհին, բացի գործընկերության նոր քաղաքական փաստաթղթի մշակումը, ստորագրումը, ընդունումը, ի կատար ածումը, նաև պետք է նախաձեռնի Եվրոպական Միության հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրում, ողջ օրենսդրական դաշտի և իրավակիրառ պրակտիկայի համապաստախանեցում Եվրոպական Միության չափանիշներին, որ օր առաջ վրա հասնի անդամակցության հայտը ու ԵՄ անդամակցությունը»։

Առաջին քայլը, այնուամենայնիվ, նախագծին օրենքի ուժ տալը պիտի լինի։ Կառավարությունը մինչ այդ նախագծում փոփոխություններ կատարելու 3 առաջարկ է անում․ համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին՝ հոդվածի տեսք տալ ու համարակալել օրենքի նախագծի միակ դրույթը, ավելացնել երկրորդ դրույթը և հեռացնել նախաբանը։ Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը, սակայն, առաջարկներին հավանություն չի տալիս․

«Նախաբանն է կարևոր, մնացածը ծառայում է, միջոց է այդ նպատակին հասնելու համար։ Եվ այո, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքն ասում է, որ նորմատիվ իրավական ակտը կարող է ունենալ նախաբան։ Հաջորդ փաստարկը․ «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքը» Հայաստանի իրավական ակտերի աստիճանակարգերի մեջ որտե՞ղ է գտնվում․ այն սովորական օրենք է։ Եվ ունենք նաև սահամանդրական օրենքներ, որոնք ավելի բարձր են, քան սովորական իրավական ակտերը։ Նորմատիվ ակտը ավելի բարձր իրավաբանական կարգ չունի, քան այն օրենքը, որը պետք է ընդունվի։ Այսինքն, մենք պարտավոր չենք առաջնորդվել նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով ու օրենքները համապատասխանեցնենք «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին»։

Այս իրավիճակը քննարկելու համար հանձնաժողվի նախագահ Արման Եղոյանն առաջարկեց կես ժամ ընդմիջում անել։ Հանձնաժողովականները, սակայն, քաննարկումն ավարտեցին ու նիստերի դահլիճ վերադարձան երկու ժամ անց միայն։ Արդյունքի մասին Արման Եղոյանն է հայտնում․

«Մենք իրավական տեխնիկային վերբերող մի քանի հարց ունեինք քննարկելու՝ կառավարության կողմից առաջարկված, բայց քանի որ մեր քննարկումը տևեց ավելի երկար, քան օրենքով սահմանված վերջնաժամկետն է այս քառօրյայում օրենքի նախագիծը ընդգրկելու համար, ես առաջարկում եմ նախագծի քննարկումը քվերակության փուլում հետաձգել ու արդեն քննարկել ևս մեկ անգամ՝ արդեն հաջորդ քառօրյային կամ արտահերթ նիստով դիտարկելու համար։ Այս քառօրյային այլևս տեխնիկապես էլ չենք հասցնի նախագիծը ընդգրկել, քանի որ պիտի դա անեինք մինչև այսօր՝ ժամը 12-ը, և եթե նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը չի առարկում, առաջարկում եմ այս ճանապարհով շարժվենք»։

Նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը՝ Արտակ Զեյնալյանը չի առարկում՝ այս շաբաթ կամ հաջորդ շաբաթվա առաջին օրերին քննարկումը շարունակելու պայմանով։ Նախագիծը ԱԺ-ի երկրորդ ընթեցմամբ քննարկմանը կարող է ներկայացվել առավելագույնը 2 ամսվա ընթացքում, սակայն հանձնաժողովի ղեկավարը վստահ է՝ այդքան սպասելու անհրաժեշտություն չի առաջանա։

Կարդացեք նաև

Back to top button