ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Պատերազմից տարիներ անց «Եռաբլուրում» դեռ աճյուններ են հողին հանձնվում

ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Գենադի Արամի Մնացականյանի նույնականացումը։ Գենադի Մնացականյանը ծնունդով Սևանից էր, բայց ապրում էր ՌԴ –ում։ Հատուկ բանակում ծառայելու համար նա վերադարձել էր Հայաստան։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Պատվո պահակախումբն է կանգնած։ Քահանան հոգեհանգստյան կարգ է կատարում։ Աղոթքին խառնվում է հարազատների լացի ձայնը։ 44-օրյա պատերազմից անցել է ավելի քան չորս տարի, բայց «Եռաբլուրում» դեռ աճյուններ են ամփոփվում։ Այսօր հայրենի հողին հանձնեցին ժամկետային զինծառայող Գենադի Մնացականյանի դին։

ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է 2020 թվականի պատերազմում նահատակված ժամկետային զինծառայող Գենադի Արամի Մնացականյանի տվյալների նույնականացումը։ Հարազատներն ասում են, որ տարիներ շարունակ  սպասում էին հրաշքի, բայց այն տեղի չունեցավ։

Գենադին ընտանիքի կրտսերն էր։ Դպրոցահասակ էր, երբ նրանց ընտանիքը Սևանից մեկնեց Ռուսաստան՝ մշտական բնակության։ Գենադին կապը չկրտրեց հայրենիքի հետ։ Բանակում ծառայելու համար եկավ հայրենիք ու զորակոչվեց։

Պատմում է հորաքույրը՝ Գայանե Մնացականյանը․ «18 տարին լրացավ, ասում էր՝ ես անպայման պետք է ծառայեմ։ Ես չեմ ուզում փախած մնալ։ Ճիշտը, որ ասեմ, ասում էինք՝ մյուսները ամեն ինչ անում են, որ չծառայեն, դու ինչո՞ւ ես գալիս Մոսկվայից, աշխատանքն ունես, ամեն ինչ ունես, բայց չլսեց, եկավ»։

Հորաքույրն ասում է՝ որոշ առողջական խնդիրներ ուներ, բայց բժշկական հանձնաժողովը գտել էր, որ նա պիտանի է ծառայության համար։ Զորակոչվեց 2020 թ-ին ձմռանը։ Ծառայության անցավ Վայքում։ 44 –օրյա պատերազմի ժամանակ արդեն 8 ամսվա զինծառայող էր։ Պատերազմի դաշտից հարազատների հետ վերջին անգամ խոսել էր հոկտեմբերի 6–ին։

«Հոկտեմբերի 6- ին եմ խոսել հետը։ Ասեց՝  հորքուր ջան, մի մտածի, ամեն ինչ շատ լավ է, մենք ինչ-որ անտառում ենք ու ապահով։ Իմ մասին մի մտածի»։

Երբ արդեն պարզ է դառնում, որ Գենադին անհետ կորել է, ծնողները անմիջապես ԴՆԹ տվյալներ են հանձնում փորձաքննության ու սպասում։ Սպասումը ձգվում է 4 տարի, ոչ մի համընկնում չկա։ Մի օր, սակայն, Գենադիի մայրը բախտակից ծնողներից լսում է, որ կան նոր հայտնաբերված մարմիներ, որոնց տվյալների նույնականացումը հաստատվել է։

«Պատահական հարսս լսում է անհայտ կորածի ծնողների կողմից, որ քննչական կազմը փոխվել է։  Քրոջ տղային ասում է, որ գնա հետաքրքվի։ Երբ քրոջ տղան գնում է,պարզվում է Գենադիի փորձաքննության արդյունքները հաստատվել են դեռ նախորդ տարի օգոստոսին, ուղղակի ծնողները, քանի որ ՌԴ –ում են եղել, ասել են՝ ման ենք եկել ձեզ ու չենք գտել։ Բայց ո՞նց կարող էին չգտնել։ Մենք ապրում ենք Սևանում, մեզ բոլորը գիտեն։ Եղբայրս ու մյուս տղան նորից ԴՆԹ–ի անալիզ տվեցին, վերջնական պարզեցին, որ ինքն է։ Մեզ ասել են, որ ամբողջական մարմին են տվել»։

Օրերս Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Ռադիոլուրին» ասել էր, որ դեռ 82 զոհված զինծառայողների մասունքներ կան չհուղարկավորված։

Հարազատները հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված մարմինները։ 2024 թ–ի դեկտեմբերից մինչև այս տարվա փետրվարի 16-ը վեց զինծառայողների հարազատներ են ընդունել նրանց զոհվելու փաստը ու կատարել հուղարկավորություն։

Կարդացեք նաև

Back to top button