Վերնատուն

Ուզում ես ժամանակիդ տերը լինել, եղի՛ր քո գրողների արժեհամակարգի կրողը․ «Վերնատուն»

«Գրողների նկատմամբ մեր վերաբերմունքը փոխվել է՝ լավ առումով։ Վերաբերմունք ասելով, ես հասկանում եմ, որ գրողին կարդում են։ Ես այն թեզի կողմնակիցը չեմ, որ գրողները անընդհատ պետք է խոսեն, գրողը պիտի գրի», – ասում է լրագրող, հրապարակախոս Արայիկ Մանուկյանը։

Ինչպիսի՞ն է հասարակության վերաբերմունքը՝ գրողներին, կա,՞ արդյոք, գրողներին ներկայացնելու մշակութային քաղաքականություն։

Արայիկ Մանուկյանն ասում է, որ  հայ հեղինակներից շատերը արժևորված և վերագնահատված չեն, նրանց բոլորի ծննդյան օրերն ու հոբելյանները պիտի նշել․ «Նշել, նկատի ունեմ մշակութային քաղաքականության առումով, ինչպես պիտի վերաբերվել այդ մարդկանց գործին, դրանցից շատերը արժեքային համակարգեր, պետություն և հասարկություն ստեղծող համակարգեր են։ Ինչպե՞ս պիտի նրանց ներկայացնել։ Դպրոցներում Հրանտ Մաթևոսյան,Կոստան Զարյան, նույնիսկ Չարենց չենք անցնում»։

Արայիկ Մանուկյանն ասում է «լավ իմաստով հեղափոխականությունը» պիտի սկսվի դպրոցներից, Հայաստանը միայն կարող է գրավիչ լինել մշակույթով և սա պիտի լինի մշակութային քաղաքականության հիմքում։

«Հրանտ Մաթևոսյանն ասում է ես իմ ժամանակի տերն եմ։ Ո՞րն է քո ջանքն ու քրտինքի կաթիլը դրված այդ ժամանակի մեջ։ Եթե դու դա չես արել, գնա օտար երկրներում նստիր և խոսիր պապերիդ ժառանգության ու թողած վանքերի մասին։ Եթե դու ի սկզբանե Հրանտ Մաթևոսյանից եկած լինես ու լինես այդ արժեհամակարգի կրողը, դու հստակ կհասկանաս թե ինչպես ես դու այդ ժամանակի տերը»։

Կարդացեք նաև

Back to top button