
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ Գազայի հատված հումանիտար մուտքն արգելափակվել է, քանի որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից մերժվել է անկլավում հրադադարի հաստատման ԱՄՆ ծրագիրը։ Նա զգուշացրել է, որ բանակցելու դժկամությունը «հետեւանքներ կունենա»:
« ՀԱՄԱՍ-ի կողմից ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի ծրագրի մերժման հետ կապված որոշել ենք արգելափակել ապրանքների և մատակարարումների մուտքը Գազա: Եթե ՀԱՄԱՍ-ը չփոխի իր դիրքորոշումը և չազատի մեր պատանդներին, այդ ամենն անհետևանք չի մնա», — ասել է Նեթանյահուն կառավարության ամենշաբաթյա նիստի ժամանակ:
Նա հիշեցրել է, որ Իսրայելը լիովին համաձայն է Ուիթքոֆի ծրագրի հետ, ըստ որի հրադադարը Գազայում պետք է երկարաձգվի մահմեդականների սուրբ ամսվա Ռամադանի (2025 թվականին այն ավարտվում է մարտի 29-ին) և հրեական Պասեքի (2025 թվականին այն նշվելու է ապրիլի 12-ից 19-ը) ընթացքում։ Համաձայն ծրագրի՝ դրա իրականացման առաջին իսկ օրը պաղեստինյան արմատականները պետք է ազատեն պատանդների կեսին և վերադարձնեն մահացածների մարմինները։ Ի վերջո, եթե հնարավոր լինի համաձայնության գալ մշտական հրադադարի շուրջ, ապա ազատ կարձակվեն մնացած պատանդները։
Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելն այս հարցում վայելում է ԱՄՆ-ի և նրա նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը։ «Մենք լիովին համաձայն ենք նախագահ Թրամփի և նրա թիմի հետ: Իսրայելի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի մոտ 59 պատանդ կա: Մենք չենք հրաժարվում նրանցից ոչ մեկից և վճռական ենք բոլորին տուն բերել», — ասել է նա:
Իսրայելի վարչապետը նշել է, որ իրենք կարող են ցանկացած պահի վերսկսել ռազմական գործողությունները, քանի որ մարտի 1-ին ավարտվել է Գազայի հատվածի համաձայնագրի առաջին փուլով նախատեսված 42-օրյա հրադադարի ժամկետը։ Սակայն իսրայելական կողմը դա դեռ չի արել, քանի որ համաձայնել է Ուիթքոֆի ծրագրին։
«Իսրայելն ընդունել է այս ծրագիրը, իսկ ՀԱՄԱՍ-ը շարունակում է մերժել: Նա համաձայն չէ առաջարկվող ծրագրին: Եթե ՀԱՄԱՍ-ը փոխի իր դիրքորոշումը, Իսրայելն անմիջապես բանակցություններ կսկսի ծրագրի իրականացման համար: Եթե ՀԱՄԱՍ-ը կարծում է, որ կարող է շարունակել հրադադարը կամ օգտվել առաջին փուլից՝ առանց մեր պատանդներին ազատ արձակելու, խորապես սխալվում է»,- ասել է Նեթանյահուն։




