
«Համաս»-ը չորեքշաբթի ուշ երեկոյան միջնորդներին է հանձնել չորս իսրայելցի պատանդների մարմինները։ Ի պատասխան Իսրայելը կազատի 625 պաղեստինցի բանտարկյալների, որոնց ազատ արձակումը պետք է տեղի ունենար անցյալ շաբաթ օրը, սակայն հետաձգվեց «մինչեւ երաշխավորված լինի հաջորդ պատանդների ազատ արձակումը»։
Ցաչի Իդանի, Օհադ Յահոլոմիի, Յիցհակ Էլգարտի և Շլոմո Մանսուրի մարմինները կվերադառնան տուն։ Պաշտոնապես զոհերի անունները, ինչպես հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը, կհաստատվեն միայն իսրայելական դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Իսրայելի կողմից ազատ արձակված բանտարկյալների առաջին խումբն արդեն հասցվել է Արևմտյան ափի Ռամալլա։
Պատանդների ընտանիքները նախապես տեղեկացված են եղել առաջիկա փոխանակման մասին։ «Սպասում ենք, բայց բոլոր անհրաժեշտ հետազոտություններից հետո միայն լիովին վստահ կլինենք, որ դա Ցաչին է»,- ասել են Ցաչի Իդանի ընտանիքի ներկայացուցիչները։
Իսրայելը հայտարարել է, որ չնայած «Համաս»-ի միաժամանակյա փոխանակման պնդումներին, պաղեստինցի բանտարկյալները կհանձնվեն միայն չորս իսրայելական մարմինների նույնականացումից հետո։




