ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուրբաթ կայցելի Վաշինգտոն, որտեղ կստորագրվի հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիր, հայտնում է Reuters-ը։
Համաձայնագրով Ուկրաինան իր հանքային ռեսուրսներից ստացված եկամուտների մի մասը կփոխանցի ԱՄՆ-ի հետ համատեղ վերահսկվող հիմնադրամին։ Կիևը սա դիտարկում է որպես Թրամփի աջակցությունը շահելու միջոց, քանի որ նա փորձում է արագ ավարտել պատերազմը՝ առանց Ուկրաինայի մասնակցության ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններում։ Իսկ ամերիկա-ռուսական բանակցությունները, որոնք մինչ այժմ բացառել է Կիևը, կշարունակվեն հինգշաբթի օրը:
Չնայած Ուկրաինան ձգտում է ԱՄՆ-ից ստանալ անվտանգության երաշխիքներ, Թրամփն ակնարկել է, որ ԱՄՆ-ը չի տրամադրի լայնածավալ երաշխիքներ։ «Կստիպենք որ դա անի Եվրոպան»,- ասել է Թրամփը։
Զելենսկին ասել է, որ ամենակարևորն այն է, որ ներկայիս նախագծում Ուկրաինան չի ներկայացվում որպես պարտապան, որը պետք է հարյուր միլիարդավոր դոլարներ վերադարձնի նախկին ռազմական օգնության համար: «Գործարքի հաջողությունը կախված կլինի իմ հանդիպումից Թրամփի հետ»,-ասել է Զելենսկին։
Մինչ այդ, Ուկրաինան շարունակում է ենթարկվել ռուսական հրթիռային և անօդաչու հարվածների, ինչը պատերազմը դարձնում է Եվրոպայի ամենաարյունալի հակամարտությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր,- գրում է Reuters-ը։




