
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։ Այս անգամ պատգամավորները օրհներգի 6 տարբերակ են առաջարկել, նաև բանավիճել տեքստում որոշ արտահայտություններ փոխելու հարցի շուրջ։
Հայաստանի օրհներգը դրական ավարտով խմբագրելու որոշումն ընդունելուց հետո ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է դրա՝ վեց տարբերակով գոյություն ունենալու հարցը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի հեղինակած օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացնում է Սիսակ Գաբրիելյանը:
«Օրենքը սահմանում էր, որ օրհներգը կարող է կամ երաժշտական կատարմամբ հնչել, կամ ակապելլա կամ երկուսը միասին։ Մենք այս բոլոր երեք դեպքերի համար առանձին հավելվածներ ենք նախատեսել, այսինքն՝ առանձին հավելված միայն երաժշտության համար, նաև տվել ենք երկար տարբերակի նոտաները, տվել ենք երգչախմբի դեպքում տեքստը։ Նաև այս նույն երեք տարբերակները կարճ տարբերակներով ենք սահմանել»։
Օրինակ մարզական իրադարձությունների ժամանակ, երբ Հայաստանի ներկայացուցիչը հաղթի, կհնչի օրհներգի կարճ՝ նոտաներով տարբերակը՝ ասում է Սիսակ Գաբրիելյանը։ Սա նախագծի առաջին ընթերցման ու քննարկումների գլխավոր արդյունքն է։ Այս ընթացքում միակ պատգամավորը, որ գրավոր առաջարկ է ներկայացրել, «Հայաստան» խմբակցության նախկին, այժմ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն է։ Նա առաջարկել էր օրհներգի «որ ապրել է դարեդար» հատվածը փոխել «որ ապրում է դարեդար» տարբերակով։
Գեղամ Նազարյան․ «Ինչո՞ւ է իմ մոտ հարց առաջանում։ «Որ ապրել է դարեդար»-ը ավարտված գործողություն է, որովհետև առաջին տունն ամբողջովին չի համապատասխանում մնացած 3 տուների բովանդակությանը, առաջին տունն ամբողջովին կտրվել է իր բնօրինակից և դարձել առանձին ստեղծագործություն, մնացած տուներում խոսողն աղջիկն է։ Աղջիկն է ասում՝ վերցրու էս դրոշը, գիշերը չեմ քնել, էս եմ արել, էն եմ արել, առաջին տունում խոսողը հայենիքն է, խնդիր է առաջանում»։
Նազարյանի այս առաջարկը չի ընդունվել։ Մերժումը հիմնավորում է ԿԳՄՍ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը․
« «Ապրել է» ժամանակաձևը հիմնականում ցույց է տալիս ավարտված գործողություն, բայց միևնույն ժամանակ ցույց է տալիս, սկսված, տևականության մեջ գտնվող գործողություն, վաղակատար ժամանակաձևը հայերենում այս երկիմաստությունն ունի։ Եվ երբ այստեղ կողքին դրված է «դարեդար»-ը ու դրան հաջորդող տողում ասում է՝ ապրել է դարեդար և իր որդիքը հենց հիմա են կանչում, արդեն ներկա շարունակական ժամանակը հաջորդ տողում գալիս է շարունակությունը ապահովելու»։

Սա օրհներգի տեքստի շուրջ բովանդակային միակ անհամաձայնությունը չէ։ Գեղամ Նազարյանը հիշում է բազմաթիվ միջոցառումներ, երբ իր շուրթերից ևս հնչել է «նայիր նրան մեր նշան» արտահայտությունը պաշտոնական տեքստի՝ «նայիր նրան մեկ նշան»-ի փոխարեն։ Ասում է՝ մինչ օրս չգիտի՝ ինո՞ւ մեկ նշան, ո՞վ է այդպես որոշել և ի՞նչ նշանի մասին է խոսքը․
«Փորձե՞լ եք պարզել՝ այդ «մեկ»-ը մեքենագրուհու սխալից է առաջացել, եթե փոխել են, ի՞նչն է հիմնավորումը, մեկ նշանը ընդհանրապես տրամաբանության մեջ չէ։ Ի՞նչ մեկ նշան, ՀՀ-ն ունի առնվազն 3 նշան, եթե խորհրդանիշների մասին է խոսքը»։
Սիսակ Գաբրիելյանն արձագանքում է՝ եթե դուրս գանք փողոց և 10 պատահական անցորդից հարցնենք՝ որն է ճիշտ տարբերակը, մարդկանց մի մասը կողմ կլինի «մեկ նշան», մյուս մասը՝ «մեր նշան» ձևակերպումներին։ Պատգամավորի խոսքով՝ նման շփոթն առաջացել է նաև բանավոր խմբագրումների հետևանքով, իսկ կ տառը ր-ով փոխարինելու մեղավորը, Գաբրիելյանի խոսքով, մեքենագրուհին չէ․
«Որևէ մեքնագրուհի, Աննա կլինի, Մարինե կլինի, թե Կարինե, այդ կ տառը ր չի փոխել, որ նայում ենք ստեղնաշարերի վրա՝ կ-ն ու ր-ն իրար էդքան մոտ էլ չեն, որ շփոթվեր, մի հատ էլ ստորակետ ավելացներ։ Այսինքն՝ հենց նպատակը դա է եղել, որ նայիր նրան երեք գույնով, նվիրական մեկ նշան»։
Քննարկումը լավ առիթ է՝ հանրության ուշադրությունը հրավիրելու հանգամանքին, որ բոլոր մեծ ու փոքր միջոցառումներին պետք է օրհներգի բոլոր բառերը ճիշտ հնչեցնել՝ ասում է պատգամավորը։ Ինչ վերաբերում է Միքայել Նալբանդյանի ստեղծագործությանը, լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանն ասում է՝ այն ի սկզբանե ոչ թե հեղինակային տեքստ, այլ փոխադրություն էր՝ գրված իր դարաշրջանի մոտիվներով և տրամաբանական է, որ դրա որոշ հատվածներ այսօր արդիական չեն։
«Միքայել Նալբանդյանն ինքը փոխադրել է այս երգը, սա Նալբանդյանի հեղինակային ստեղծագործությունը չէ, մենք արդեն իսկ գործ ունենք մի տեքստի հետ, որը Միքայել Նալբանդյանը իր ըմբռնումների և 19-րդ դարի մեր խնդիրների շրջանակում փոխադրել է իտալական հայտնի բանաստեղծությունից։ Այսինքն մենք արդեն ունենք Նալբանդյանի մեկնաբանությունը և բավականին ազատ մեկնաբանությունը»։
Գրեթե մեկ ժամ տևած այս քննարկումների ընթացքում Սիսակ Գաբրիելյանը հասցնում է մեկ այլ խորհրդանիշի՝ դրոշի տարբերակների գույների միջև անհամապատասխանություն նկատել․
«Հիմա այս դահլիճում ես նատեցի, որ զինանշանի վրայի դրոշի գույնն ուրիշ է, կախած դրոշի գույնը՝ ուրիշ, այսիքն՝ տեսականորեն մի տեղ ծիրանագույն է, մի տեղ՝ նարնջագույն, եկեք «Դրոշի մասին» օրենքում սա ֆիքսենք, որովհետև հիմա բոլոր գույները թվայնացված են, իրենք ունեն իրենց թվային անձնագիրը, եկեք ստանդարտ սահմանենք, որ պայմանականորեն, եթե ասում ենք նարնջագույն, հասկանում մենք պայմանական այսինչը»։
Բայց սա այլ քննարկման առարկա է, առաջիկայում այլ նախագծով գուցե պատգամավորները նման որոշում ընդունեն։ Մինչ այդ՝ միաձայն ընդունվում է «Օրհներգի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու որոշումը՝ երկրորդ ընթերցմամբ։ Նախագիծը կքննարվի ԱԺ առաջիկա լիագումար նստում։
Հիշեցնենք՝ նախագծի առաջին ընթերցմամբ խորհրդարանը որոշել էր օրհներգի երկրորդ և չորրորդ քառատողերը տեղափոխել ու այն եզրափակել «Թող միշտ պանծա Հայաստան» տողով։




