ԿարևորԿյանքին ասել այո՛Ռեպորտաժներ

Իջել եմ հուշաքարի մոտ ու Մոնթեից ներողություն խնդրել․ Զոհրաբ Ըռքոյան․ «Կյանքին ասել այո՛»

Զոհրաբ Ըռքոյանը ծնվել է 1958 թվականին Հայաստանի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղում։ Արցախյան  շարժմանը միացած ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողն առաջին անգամ Արցախ այցելեց հենց 1988-ին՝ որպես «Գարուն» ամսագրի թղթակից։ Դրանից հետո երբեմնի անծանոթ Արցախը նրա համար դարձավ հայրենիք։ 1989-1994 թվականներին Զոհրաբ Ըռքոյանը մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին։ Նույն ժամանակ հեռարձակումներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով։

1996 թվականի սեպտեմբերից ընտանիքով բնակություն է հաստատել  Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում։ «Մի երկու տարով գնացի, բայց մնացի մոտ քսանհինգ տարի»,-ասում է Զոհրապը։ Երկար տարիներ աշխատել է շրջկենտրոնի  կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունում, միաժամանակ, թղթակցել Արցախի ու Հայաստանի տարբեր լրատվամիջոցների։ Քաշաթաղի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն էր։ Երեք դուստր ունի, որոնցից երկուսը Բերձորում են ծնվել։

44-օրյա պատերազմին առողջական խնդիրների պատճառով Զոհրաբն առաջնագծում չէր, բայց աշխատում էր  շրջանային քաղպաշտպանության շտաբում։  Բերձորի իր բնակարանը տրամադրել  էր Արցախին օժանդակող կազմակերպություններին՝ աջակցելով սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի մատակարարմանը դեպի առաջնագիծ։ Զոհրաբն իր ընտանիքով Քաշաթաղը լքեց 2020-ի նոյեմբերի վերջին։ «Երբ դարպասից դուրս եկա, ոտքերս դողում էին։ Բերձորում  ունեինք Մոնթեի հուշաքարը, իջել եմ  հուշաքարի մոտ ու Մոնթեից ներողություն խնդրել»,-պատմում է Զոհրապը։

Քաշաթաղն այսօր Զոհրապի լուսանկարներում է։ 2024-ի նոյեմբերին եվրոպական երեք քաղաքներում կայացավ նրա համահեղինակած գրքի շնորհանդեսը՝  նվիրված Քաշաթաղի շրջանի պատմաճարտարապետական հուշարձաններին։ Զոհրապի լուսանկարներում  նաև արցախյան բոլոր պատերազմների վավերագրությունն է, որը տարբեր ցուցադրությունների միջոցով փորձում է փոխանցել երիտասարդ սերնդին։ «Ազգը՝ բանակ» խորագրով վերջին  ցուցահանդեսն օրեր առաջ բացվեց Թեքեյան մշակութային միությունում։

Կարդացեք նաև

Back to top button