
Շաբաթ օրը՝ փետրվարի 22-ին, ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները ազատել են նախ երկու, ապա ևս երեք իսրայելցի պատանդների։ Նրանք հանձնվել են Գազայի հատվածում գտնվող Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Իսրայելցի զինվորականները հաստատել են, որ ազատված անձինք տեղափոխվել են Իսրայել։
Նախ ազատ են արձակվել Իսրայելի և Ավստրիայի երկքաղաքացիություն ունեցող Թալ Շոհամը (40) և Ավերա Մենգիստուն (39): Շոհամը գերի էր ընկել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։
Օրվա ընթացքում՝ ավելի ուշ ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ևս երեք իսրայելցի պատանդի։ Նրանք Կարմիր Խաչին են հանձնվել Նուսեյրաթ փախստականների ճամբարում։ Ազատ են արձակվել իսրայելցի Էլյա Կոենը (27), Օմեր Շեմ Թովը (22) և Օմեր Վենկերտը (23)։ Նրանք գերեվարվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։ Սպասվում է, որ այսօր ազատ կարձակվի նաեւ իսրայելցի բեդվին Հիշամ Ալ-Սայեդը (36): Նա 10 տարի պատանդ է եղել։
Այս վեց պատանդի ազատումը վերջինն է, որը նախատեսված է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի առաջին փուլով։ Դրա դիմաց Իսրայելը համաձայնել է բանտից ազատ արձակել նախկինում կալանավորված 602 պաղեստինցիների։ Ընդհանուր առմամբ, 25 իսրայելցի պետք է ազատ արձակվի, իսկ ութի մարմինները պետք է հանձնվեն առաջին փուլի շրջանակում, որը կտևի մինչև մարտի 2-ը։
ՀԱՄԱՍ-ի զինյալները շաբաթ օրը հայտարարել են, որ պատրաստ են անցնել գործարքի երկրորդ փուլին և շարունակել պատանդների փոխանակումը բանտարկյալների հետ, հաղորդում է Reuters-ը:




