
Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում Հայաստանի համար ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել ոչ միայն նիստերի ընթացքում, այլև՝ Վեհաժողովի քննարկումներից դուրս։ Հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների անդամները։ Ըստ հայկական պատվիրակության ղեկավարի՝ քննարկվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։ Իսկ Վեհաժողովում մեր պատվիրակները խոսել են հայ-ադրբեջանական բանակցությունների, խաղաղության օրակարգի, նաև Բաքվի բանտերում պահվող հայ գերիների և նրանց ապօրինի դատավարությունների մասին:
Վիեննայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների ներկայացուցիչները և քննարկել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը հանդիպումից հետո սոցցանցում գրել է, որ «կարևորվել է տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումը և տնտեսական հարաբերությունների զարգացումը»։
Հայաստանի պատվիրակությունից հանդիպմանը մասնակցել են միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները՝ Սարգիս Խանդանյանը, Արթուր Հովհաննիսյանը, Լիլիթ Մինասյանը և Մարիա Կարապետյանը։ Հրապարակված լուսանկարներից դատելով՝ հայկական պատվիրակության կազմում Վիեննայում ԵԱՀԿ ԽՎ-ին մասնակցող «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը հայ-թուրքական հանդիպմանը չի մասնակցել։
Հայկական պատվիրակությունն առհասարակ գրեթե բոլոր քննարկումների ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցություններին։ Աշխատանքային խմբերից մեկում պատգամավոր Մարիա Կարապետյանը խոսել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին և ներկայացրել Հայաստանի պատկերացումները Հարավային Կովկասի ապագայի առնչությամբ։
Պատգամավորը հայտարարել է, որ Հայաստանն առաջարկում է ջանքեր գործադրել և ապաշրջափակել տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները՝ հիմնվելով միմյանց տարածքային ամբողջականության և իրավասության նկատմամբ հարգանքի վրա։ Կովկասը կապի և երկխոսության տարածաշրջան է, հայտարարել է Կարապետյանը՝ առաջարկելով համագործակցություն սկսել տնտեսության, շրջակա միջավայրի և հարևանների հետ փոխկապակցվածության հարցերում, ինչն, ըստ իրեն՝ Հայաստանի տեսլականն է Հարավային երկրների ապագայի համար։ հայ պատգամավորը հույս է հայտնել, որ հարևան պետությունները կարձագանքեն այս հարցում։
Երևան-Անկարա բանակցությունների վերջին զարգացումը տեղի է ունեցել 2024-ի նոյեմբերին․ Հայաստան-Թուրքիա սահմանին կայացել էր երկու երկրների մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում գնահատվել էին տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընթացքում հայ պատվիրակները խոսել են նաև Հայաստանի խաղաղության օրակարգի մեկ այլ բաղադիչի՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մասին։ Թեև ադրբեջանական պատվիրակության անդամները փորձել են այդ քննարկումները տանել արդեն սովորական դարձած վիճաբանությունների և փոխադարձ մեղադրանքների սցենարով, բայց Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանն արձագանքել է։
«Բավականին մտահոգիչ է, որ այն ժամանակ, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցում են խաղաղության ու կարգավորման շուրջ, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն այս քննարկման մեջ նոր տարրեր է ներառում՝ հակամարտության նարատիվներին համահունչ: Սակայն այսօր ես չեմ հակադարձելու համանման նարատիվներով եւ հռետորաբանությամբ, ոչ թե այն պատճառով, որ չունեմ հակափաստարկներ, այլ որովհետեւ ես հավատում եմ խաղաղությանը: Հայաստանը հավատարիմ է խաղաղությանը: Հայերը եւս մեծ տառապանքներ են տեսել Ադրբեջանի պատճառով, որը խախտել է մարդու իրավունքները եւ միջազգային մարդասիրական իրավունքը: Բայց ես, կրկին, չեմ անդրադառնա դրանց՝ հանուն խաղաղության եւ հանուն ապագայի»:
Խոսելով տարածաշրջանային ենթակառուցվածքների եւ հաղորդակցությունների ապաշրջափակման մասին Խանդանյանը հիշեցրել է, որ Հայաստանը սպասում է Ադրբեջանի արձագանքին ավելին վաղ փոխանցված հայկական գրավոր առաջարկների վերաբերյալ։
«Նույնը վերաբերում է սպառազինությունների վերահսկմանը: Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է գրավոր առաջարկ՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկողության վերաբերյալ՝ հիմնված միջազգային իրավունքի եւ չափանիշների վրա: Կրկին, մենք սպասում ենք դրական արձագանքի: Հարավային Կովկասի ժողովուրդները եւ ապագա սերունդներն արժանի են խաղաղության եւ արժանի են ապրելու կայունության պայմաններում: Մենք՝ քաղաքական գործիչներս, այս հարցում մեր պատասխանատվության բաժինն ունենք: Իմ առաջարկն է՝ խոսենք խաղաղության մասին, ոչ թե պատերազմի»:
Ադրբեջանին ուղարկված, բայց անարձագանք մնացած առաջարկների, խաղաղության 17 կետանոց պայմանագրի համաձայնեցված 15 կետերի և ցանկության դեպքում՝ խաղաղության հասնելու մասին խոսել է հայկական պատվիրակության անդամներից Լիլիթ Մինասյանը։ Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Բաքվում ընթացող դատավարություններին՝ ԵԱՀԿ-ին առաջարկելով առաքելություն ուղարկել Բաքու։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ խոսել է Հայաստանի դեմ ծավալվող հիբրիդային պատերազմի մասին։
Հովհաննիսյանը հիշեցրել է, որ Հայաստանը հիբրիդային հարձակումների ենթարկվեց հատկապես 2020 թվականի պատերազմի ընթացքում, դրան հաջորդող շրջանում եւ շարունակում է առերեսվել մինչեւ այսօր: Հայ ժողովրդին անդադար մատուցվում է կեղծ, վախեր առաջացնող տեղեկատվություն։ Պատգամավորն օրինակ է, բերել, որ Հայաստանի տարածքում կասեցվել է մի քանի ռուսալեզու հաղորդումների հեռարձակումը։ Ըստ պատգամավորի՝ Հիբրիդային հարձակումները, հատկապես, ակտիվանում են ընտրությունների նախաշեմին և դա արդեն ապացուցել է ինչպես Հայաստանի այնպես էլ Մոլդովայի եւ Վրաստանի վերջին ընտրությունների իրադարձությունները:
Տարածաշրջանային զարգացումների և խաղաղության օրակարգի մասին հայ պատվիրակները խոսել են ոչ միայն Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում։
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մասնակցելով Իտալիայի Սենատում անցկացված ԵՄ քաղաքականությունների հանձնաժողովի` Հայաստանին նվիրված լսումներին խոսել է այն մասին, որ Հայաստանը կանգնած է հումանիտար և անվտանգային լուրջ խնդիրների առջև։ Ուժի կիրառման մշտական սպառնալիքը բացասաբար է անդրադառնում ցանկացած հասարակության առողջության վրա՝ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը։ Որպես Հայաստանի կողմից առաջարկվող լուծում նա ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և խաղաղության միտված Հայաստանի քայլերը։ Սիմոնյանը որոշ մանրամասներ է բացել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով նախատեսված կարգավորումներից․
«Նախագծի նպատակն է ստեղծել նոր կապեր տարածաշրջանի բոլոր երկրների միջև հիմնված համապարփակ հասանելիության հայեցակարգի վրա։ Դրա սկզբունքներն են, որ բոլոր ենթակառուցվածքները, մայրուղիներն ու երկաթուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխան իրավասության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Յուրաքանչյուր երկիր իր պետական հաստատությունների միջոցով կպաշտպանի ենթակառուցվածքները և կապահովի իր տարածքով անցնող տրանսպորտային միջոցների, բեռների ու մարդկանց սահմանային և մաքսային վերահսկողությունը։ Ամբողջ ենթակառուցվածքը կօգտագործվի միջազգային և ներքին փոխադրումների համար։ Երկրները կօգտագործեն ենթակառուցվածքները փոխադարձության և հավասարության հիման վրա։ Համաձայն այս սկզբունքների՝ սահմանային և մաքսային վերահսկողությունը կդյուրացվի հավաքական համաձայնագրի միջոցով»։
ԱԺ նախագահը հայտարարել է, որ Պարսից կամ Արաբական Ծոցից մինչև Օմանի Ծոց, Միջերկրական ծովից մինչև Սև ծով կձևավորվի անխափան հաղորդակցություն, քանի որ երկաթուղիների և մայրուղիների բացակայող հատվածները վերականգնվում և ապաշրջափակվում են։
«ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը տարածաշրջանային խաղաղության ու կայունությանը նպաստելու գործում և լիահույս է, որ սահմանի բացման շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները կտան իրենց պտուղները»։
Իտալիայի Սենատում Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի ձգտումը՝ դառնալ միջերկրածովյան համագործակցության մեխանիզմների կառուցողական մասնակից և այդ նպատակով պատրաստ է աշխատել բոլոր գործընկերների հետ։




