
Երուսաղեմի պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակով դիմել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ հորդորելով նրան միջամտել և դադարեցնել պատրիարքության դեմ ձեռնարկված գործողությունները։ Երուսաղեմի Հայոց պատրիարքության սեփականությունը բռնագրավման վտանգի տակ է՝ համայնքային հարկերի պարտքի պատճառով։ Դրանք, Իսրայելի կառավարության պնդմամբ, գոյացել են 1994 թվականից, պատրիարքարանի գնահատմամբ՝ պարտքը վիճելի է և չի հաստատվել դատական գործընթացներով։
Երուսաղեմի Պատրիարքությունը պատմական սեփականությունը կորցնելու վտանգի առաջ է համայնքային հարկերի պարտքի պատճառով։ Ենթադրվում է, որ այն կուտակվել է 1994 թվականից։ Պատրիարքարանը դիմել է վերաքննիչ դատարան։ Եթե դատարանը փետրվարի 24-ին մերժի պատրիարքության վերաքննիչ բողոքը, ապա քաղաքապետարանը կբռնագանձի եւ աճուրդի կհանի Հայոց եկեղեցու ունեցվածքը։
Բացի հայտարարությունից այլ ասելիք չունենք՝ «Ռադիոլուրին» ասում է պատրիարքարանի դիվանապետ Տ. Աղան Աբեղա Գոգչյանը ու խնդրում բավարարվել դրանով, քանի որ փաստաբանները հորդորել են այդպես վարվել։
Հայտարարությամբ հանդես են եկել Երուսաղեմում քրիստոնեական եկեղեցիների հոգևոր առաջնորդները։ Վերջինները Հայոց պատրիարքարանի դեմ ձեռնարկված գործողությունները «իրավաբանորեն կասկածելի և բարոյապես անընդունելի» են որակել։ Մտահոգություն են հայտնել, որ այսպիսով ստեղծվում է «վտանգավոր նախադեպ, որը կարող է սպառնալ Երուսաղեմում քրիստոնեական բոլոր հաստատություններին»։
«Այս գործողությունները խարխլում են կրոնի ազատությունը, որ բոլոր մյուս իրավունքների հիմքն է, քանի որ գույքի բռնագրավումով փորձ է արվում վտանգել Հայոց եկեղեցու գոյությունը՝ զրկելով նրան գործունեության անհրաժեշտ տնտեսական միջոցներից եւ հայ համայնքին՝ իր եկեղեցու հովվական խնամքից»,- ասված է հայտարարությունում։
Փետրվարի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելել էր Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար։ Դիմավորման արարողությանը ներկա էին եղել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Տեր Աղան վարդապետ Գոգչյանը և Սուրբ Հարության տաճարի նախկին տեսուչ Տեր Սամվել ծայրագույն վարդապետ Աղոյանը: Ավելի ուշ Տեր Աղան վարդապետ Գոգչյանն ասել էր, որ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարի այցը պաշտոնական չէր։ ԶԼՄ-ներին փոխանցել էր, որ բարձրաձայնել են Իսրայելում քրիստոնյաների ներկայության հարցը, նրանց հեռանալու հետ կապված մտահոգությունները։ Պետքարտուղարն էլ նշել է, որ շատ քրիստոնյաներ, այդ թվում՝ հայեր, արդեն հեռացել են Սիրիայից, Լիբանանից ու մերձավորարևելյան այլ երկրներից, և ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որ քրիստոնյաների ներկայությունը Իսրայելում հաստատուն մնա։
Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ պատրիարքության շուրջ տեղի ունեցող իրադարձություններին հետևում է հեռվից։ Գանտահարյանը դատական պրոցեսների մասին տեղեկատվություն ստանում է բաց աղբյուրներից, բայց համոզված է, որ կլինեն բողոքարկելու առիթներ, բանակցություններ կամ այլ քայլեր, որոնք կհանգուցալուծեն իրավիճակը։
«Չեմ կարծում, որ գրավում և սառեցում կլինի, անպայման իրավական ուղիներ կգտնվեն։ Պատրիարքությունը և նրա կալվածքները դարավոր ժառանգության համաքիստոնեական նշանակություն ունեցող ու դարերի վրա երկարող հայկական իրավունքներ ունեն։ Հետևաբար, չեմ կարծում, որ հեշտ բռնագանձումներ ու բռնագրավումներ լինեն։ Այնտեղ ոսկերչական իրավունքներով այդ կալվածքները բաժանվել են։ Խոսքը պատմական, դարերի վրա երկարող պատմություն ունեցող ժառանգությունների մասին է»։
Երուսաղեմի պատրիաքարանը երկրորդ հայտարությունն է տարածել, որով տեղեկացրել է, որ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը նամակ է հղել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Նա հորդորել է «միջամտել և դադարեցնել պատրիարքության դեմ քաղաքապետարանի ձեռնարկած գործողություները։ Հայոց պատրիարքը վարչապետին կոչ է արել վերսկսել կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրի լուծումները գտնելու համար:
Նամակում նշվում է, որ հայկական եկեղեցու դեմ ուղղված գործողությունները կարող է վտանգել Հայոց պատրիարքարանի երկարամյա առաքելությունը Սուրբ Երկրում, որն ակտիվ է 7-րդ դարից։




