
Թվայնացման դարաշրջանում արդյո՞ք անձնական տվյալները պաշտպանված են․ իրավական տարբեր ակտերի նախաձեռնողները վստահեցնում են, որ քաղաքացիների անձնական տվյալները պաշտպանված են, մինչդեռ փորձագիտական դաշտում հակառակն են պնդում՝ անձնական տվյալների պաշտպանության հետ կապված խնդրահարույց կետեր կան։ Առանցքային հարցերի մի մասն այս պահին եկամուտների համատարած հայտարարագրման, աշխատանքային պայմանագրերի թվայնացման հետ է կապված։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով ապագայում ներդրվելիք աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին հասանելիություն է տրվելու Ներքին գործերի նախարարությանը: ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը հստակեցնում է՝ դեռ գործատուների համար գործում է կամավորության սկզբունքը․
«2026-ի հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը, բացառությամբ որոշ դեպքերի, կնքվելու են էլեկտրոնային թվային համակարգով, և լինելու է ամեն ինչ էլեկտրոնային եղանակով»։
Անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը կոնկրետ այս նախաձեռնությունը դրական է գնահատում։ Փորձագետը նշում է՝ կան անբարեխիղճ գործատուներ, որոնք պայմանագրեր են կնքում հետին թվով, կամ չեն կնքում ընդհանրապես։ Բայց, Հայրապետյանի կարծիքով, կոնկրետ այս փոփոխությունները կարելի էր այլ կերպ ներկայացնել․
«Առնվազն կարելի էր դա ներկայացնել հանրությանը և սկսել կիրառել՝ որպես օգնություն հարկ վճարողներին կամ իրավաբանական անձանց, ովքեր խնդիրներ ունեն պայմանագրեր ստեղծելու, ձևակերպելու հետ, կարելի էր նրանց տրամադրել պետության կողմից մշակված շաբլոններ, բայց դա տոտալ վերահսկողական մեխանիզմ չպետք է դարձնել»։
Թվայնացման այս փուլումիրավական ակտերով օրակարգ ձևավորելունախաձեռնությունները մասնագիտական դաշտում, մասնավորապես, անձնական տվյալների պաշտպանության հետ կապված, մտահոգություններ են առաջացրել։ ՊԵԿ նախագահի հրամանով մինչև 300 հազար դրամ փոխանցումները չեն հայտարարագրվելու։ Շեմ կլինի, կփոխվի այն, թե ոչ՝ ինչ որ մեկին այդ տվյալը այդուհանդերձ հասանելի է լինելու, կարծում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը․
«Միևնույնն է, տվյալները հասանելի են դառնում, որպեսզի ինչ որ մի մեխանիզմով կամ ֆիլտրով, կամ մեկը որոշի՝ իջնի նայի 299 հազարին, թե ոչ»։
Արդյո՞ք եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը ներդնելիս բանկային գաղտնիքի հարց չի առաջանում։ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հակոբյանն այսպես է բացատրում բանկային գաղտնիքին հասանելիությունը․
«Բանկային գաղտնիքին հասանելիություն, եթե ֆիզիկական անձի մասին ենք խոսում, իր մուտքերի ու ելքերի մասին մեկ թվով պատկերացում ունենալն է՝ առանց գործարքներին հասանելիության հնարավորության։ Չի երևում նաև, թե ում հետ են արվել այդ տվյալները»։
Եթե քաղաքացին տվյալներ չտրամադրի, ապա ՊԵԿ նախագահի հստակեցմամբ, դատարանի որոշումով հարկայինը տվյալների հասանելիություն կստանա․
«ՊԵԿ–ը չունի և չի ունենալու հասանելիություն իր բոլոր գործարքների մասին տեղեկատվություն ստանալու»։
Ընդհանուր առմամբ փորձագիտական դաշտում ընդգծում են՝ թվային օրակարգի ներդրմանն ու ընդլայնմանը զուգահեռ մարդկանց անձնական տվյալներն, իսկապես, պետք է պաշտպանված լինեն։




