
Կրթության ապակենտրոնացումը հնարավոր է ճանապարհային քարտեզի, տեղերում ձևավորվող կարողունակությունների և հստակ պատկերացումների առկայության պարագայում միայն, ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդունել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Ռայան Նոքսի գլխավորությամբ:
ԿԳՄՍ հաղորդագրության մեջ նշված է, որ նախարարը կարևորել է ապակենտրոնացման գործընթացի հնարավոր ազդեցությունը կրթության որակի վրա։
«Պետք է ունենանք բավարար վստահություն, որ բոլոր հանգամանքները հաշվի են առնված և ապակենտրոնացնելով՝ միևնույն ժամանակ որակյալ կրթության պահանջն առաջին հորիզոնականում ենք պահում»,- ասել է նա:

Նախարարը հույս է հայտնել, որ տարբեր համայնքների 34 դպրոցներում իրականացված ծրագիրը բավարար տվյալներ և տեղեկատվություն կապահովի հետագա գործընթացի համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «ԴեաԼոԳ» ծրագրի ընթացքը և ապակենտրոնացման ու հանրակրթության ոլորտում կառավարման բարեփոխումների շուրջ հետագա համագործակցության հնարավորությունները: Ծրագիրը ֆինանսավորվում է շվեդական Sida-ի (Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալություն) և Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (SALAR) դուստր կազմակերպության կողմից։
«Ապակենտրոնացումը ոչ միայն քաղաքականության ուղղություն է, այլև սկզբունքային մոտեցում. համոզված ենք՝ հանրային զարգացումը հնարավոր չէ ապահովել, եթե տեղում չլինի ուժեղ և զարգացած ռեսուրս, որը կարող է յուրաքանչյուր բնակավայրում սեփական խնդիրների ձևակերպման և դրանց լուծման ուղղությամբ աշխատել»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու կարևորել կրթական ծառայությունների ապակենտրոնացմանն ուղղված համատեղ աշխատանքը:
Անդրադարձ է եղել նաև կրթահամալիրների հիմնմանը` նշելով, որ այդ հաստատություններում իրականացվելու են նախադպրոցական, հանրակրթական, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրեր։ Կրթահամալիրները, ըստ նախարարի, վերոնշյալ գործընթացի առաջին թիրախն են և կարող են դիտարկվել նաև որպես համայնքային զարգացման կենտրոններ:
«ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության գործադիր տնօրեն Ռայան Նոքսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի հետ հաջող համագործակցությունը:

«Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագիրը ներգրավել է 10 գործընկեր համայնքների, որոնք իրենց տարածքում գործող 34 դպրոցների հետ հանդես են եկել երկկողմ՝ դպրոց-համայնք համագործակցությունը խորացնելու նախաձեռնություններով։ Վերջիններս վերաբերում են 10-ից ավելի ուղղություններով հնարավոր համագործակցությանը՝ ներառյալ բուն դպրոցի կառավարումը, արտադպրոցական կրթությունը, քաղաքացիական կրթությունը, ենթակառուցվածքների համատեղ օգտագործումը, բուլինգը, գենդերային հավասարությունը, հակաճգնաժամային կառավարումը, շրջակա միջավայրի պահպանությունը և այլն։
Հյուրերի խոսքով՝ այս հորիզոնական համագործակցության խթանմամբ մի քանի նպատակ են հետապնդում՝ ապահովել ուղղակի օգուտներ և հավելյալ արժեք համայնքներում կրթության և մարդկային ռեսուրսի զարգացման ուղղությամբ, որակյալ կամ ընդլայնված ծառայությունների շնորհիվ ձևավորել դպրոցի ու համայնքի զարգացման կամ համագործակցության համատեղ օրակարգ, որում երկու կողմն էլ նշանակալի ներդրում կունենան: Այս գործընթացը միաժամանակ կնպաստի ապակենտրոնացման ավելի բարենպաստ միջավայրի ու փաստահեն քաղաքականության ձևավորմանը՝ հաշվի առնելով, որ ապակենտրոնացման հարցերի շուրջ քննարկումները տեղի են ունենում նաև տեղերում՝ համայնքներում և դպրոցներում, որով գործընթացը դառնում է ավելի մասնակցային։
Երևանում տեղի կունենա նաև «ԴեաԼոԳ» ծրագրի կողմից կազմակերպվող ամենամյա Մունիցիպալ ֆորումը, որն այս տարի կիրականացվի «Համայնքների դերը կրթությունում․ ձայներ տեղերից» (Role of Municipalities in Education: Voices from Localities) խորագրի ներքո։




