ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Արմաթ»–ների թիվը կավելանա, ֆինանսավորումը՝ ևս

Մեկնարկել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 24-րդ տարեկան համաժողովը։ ԱՏՁՄ նախագահի պաշտոնում վերընտրվել է Ալեքսանդր Եսայանը։ Համաժողովի բացման խոսքում Եսայանն ընդգծել է, որ նոր ձեռքբերումներ են պլանավորում, որոնք կնպաստեն Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին։ Միության նախագահը նշել է, որ շարունակելու են զարգացնել արդեն իսկ գործող նախագծերը, նոր «Արմաթ» լաբորատորիաներ են բացելու, ինչպես նաև վերազինելու են գործողները։ 

«Մենք մտածեցինք, որ մեր ռոբոտը կարող է լինել փրկարար ծառայության մեքենայի նման, բայց մենք ունեինք առաջադրանքներ, որ պետք է դեղատուփը և ջուրը հասցնի կարիքավորներին։ Եվ մենք ջրի բաքի փոխարեն դրեցինք բեռնախցիկ, որ կարողանանք ջուրն ու դեղատուփը հասցնենք՝ ում անհրաժեշտ է»։

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արման Բաղդոյանից երկու ամիս է պահանջվել այս ռոբոտը նախագծելու համար։ Այն արտակարգ իրավիճակներում գործելու համար է նախատեսված։ Տավուշի և Լոռու մարզերում անցած տարի տեղի ունեցած ջրհեղեղից հետո Արմանը հասկացել է, որ Հայաստանին նման ռտոբոտներ շատ են պետք։ Դեղորայք ու ջուր տուժածներին հասցնելուց բացի, այդ սարքերը նաև կարող են տարբեր խորչընդոտներ հաղթահարել։

«Մեր ռոբոտը կարող էր բնակչությանը տանել դեղեր, ջրեր այնպիսի ճանապարհներով, որոնք մարդուն հասանելի չէին»։

Այս ռոբոտներով էլ Արման Բաղդոյանը մասնակցել ու առաջին և երկրորդ հորիզոնականներն է զբաղեցրել ռոբոտաշինության «Ռոբոտեքս» միջազգային մրցույթում։ Դրանցով էլ Արմանը ներկայացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համաժողովին, որը մեկ հարկի տակ էր հավաքել ոլորտի շուրջ 300 ներկայացուցչի Հայաստանից ու արտերկրից։ Համաժողովի մասնակիցներն ընդգծում էին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագրի կարևոր դերը Հայաստանում տեխնիկական կրթության ու մասնագետների պատրաստման գործում: Հայաստանից բացի «Արմաթ» լաբորատորիաներն աշխատանոցներ ունեին նաև Արցախում։ Արցախի աշխատանոցներից այսօր միայն բանալիներն են Հայաստան բերվել։

Խմբավարների աշխատանքի հարցը լուծված է, «Ռադիոլուրին» ասում է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ կրթական ծրագրի ղեկավար Մայա Շահումյանը։ Նա նշում է վերջին տարիներին արձանագրվող մի փաստ, այն է՝ համայնքներն իրենք են դառնում «Արմաթ» լաբորատորիա ունենալու նախաձեռնողը։ Տեղում դրամահավաք է կազմակերպվում, աշխատանոց բացվում։

«16.000 աշակերտ ունենք։ Ցուցանիշներից է այն, որ տարբեր մրցույթների են մասնակցում արմաթցիները՝ ռոբոտաշինություն, ծրագրավորման հիմունքներ, ճամբար, եռաչափ մոդելավորում։ Հայտերի քանակը գնալով ավելանում է։ Այս տարի արդեն հայտերը գերազանցում են 1500–ը։ Մտածում ենք մրցույթների թիվն ավելացնելու շուրջ»։

Կարևոր փաստ է նաև այն, որ «Արմաթում» կրթված երեխաները հետագայում կողմնորոշվում են մասնագիտություն ընտրելու հարցում։ Նրանց 50 տոկոսը շարունակում է ուսումը ԲՏՃՄ ուղղությամբ։ Այս տարի «Արմաթում» կշարունակվեն տեխնիկական վերազինման և սպասարկման աշխատանքները, ասում է Մայա Շահումյանը։ 10 տարի առաջ ստեղծված աշխատանոցներն արդեն ունեն տեխնիկական վերազինման անհրաժեշտություն։

 «Անցած տարի ընդհանուր 53– ը վերազինվել են , 11–ում մի քիչ բարելավել ենք պայմանները։ Այս տարի դրել ենք նպատակ՝ 100 աշխատանոցներ, որ մինչև 2019 թվականը դրված աշխատանոցները վերազինենք»։

Հայաստանում գործում է նաև «Արմաթն օդում» 17 աշխատանոց։ Դրանցում աշակերտները փորձում են ԱԹՍ–ներ պատրաստել, սովորում են դրանց կառավարման հմտությունները։ Այսպիսով փորձում են երեխաների առաջարկած հետաքրքիր նախագծերը հետագայում կիրառել ռազմաարդյունաբերության մեջ։ Սյունքիում ու Գյումրիում նման նախագծեր արդեն իրագործել են։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը միավորում է ավելի քան 200 հայաստանյան և արտասահմանյան ընկերությունների՝ նպատակ ունենալով Հայաստանը վերածել առավելագույն արժեք ստեղծող բարձր տեխնոլոգիաների կենտրոնի: 2025 թվականին լրանում է ԱՏՁՄ գործունեության 25 տարին: Հայաստանը բարձր տեխնոլոգիաների կենտրոնի վերածելու տեսլականով ԱՏՁՄ-ն շարունակում է ընդլայնել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները, իր ելույթում խոսքում ասում է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

«Վերջին հինգ տարիներին բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում համախառն շրջանառությունն աճել է ավելի քան 4,5 անգամ, աշխատողների թիվը՝ 2,5 անգամ, իսկ ՀՆԱ-ն 2,6 տոկոսից այժմ արդեն գերազանցել է 7,6 տոկոսը»։

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող: Նա կարևորել է ինտենսիվ ներդրումները կրթության և գիտության ոլորտներում, արձանագրելով, որ վերջին հինգ տարիներին գիտությանն ուղղված ֆինանսավորումն ավելացել է ավելի քան 3,5 անգամ, իսկ ԲՏԱ նախարարության համընդհանուր բյուջեն՝ ավելի քան 5,5 անգամ:

Կարդացեք նաև

Back to top button