Արդեն100 տարի

Սայաթ Նովայի «հուր հոգին» թևածում է Հայաստանի վրա․ «Գրեթե 100 տարի»

«Սայաթ Նովան մոդա չի որ ժամանակի ընթացքում ձանձրացնի և փոխվի… գեղեցիկ ձևի մեջ մի մշտական հուր հոգի է նա, մի ազնիվ և լիքը սիրտ, մի հարազատ հզոր շունչ, որ մեր աշխարհի հարազատ շնչի նման միշտ խաղալու է Կովկասի ժողովուրդների վրա…»: Հովհ. Թումանյան

Խաղաղության համաշխարհային խորհրդի որոշմամբ 1963թ. հոկտեմբեր ամսին նշվեց Սայաթ Նովայի ծննդյան 250 ամյակը:

Կառավարության հովանու տակ  կազմվեց հոբելյանական հանձնաժողով  և որոշվեցին ամփոփիչ հանդիսությունների օրերը՝ հոկտեմբեր 20-22, 1963թ.: Բայց, մեծ աշուղին նվիրված մշակութային և գիտական աշխատանքները սկսվել էին 1963 թվականից էլ առաջ և շարունակվեցին հոբելյանից հետո էլ:

Օրինակ՝ ռեժիսոր Կիմ Արզումանյանը 1960 թվականին «Երևան» հեռուստաստուդիայում  նկարահանեց «Սայաթ-Նովա» ֆիլմը՝ Բաբկեն Ներսիսյանի գլխավոր դերակատարմամբ,  իսկ երգերը կատարեց Նորայր Մնացականյանը:

1963 թվականին արդեն Պարույր Սևակը, որ ուսումնասիրել էր Սայաթ Նովայի կյանքը, ռեժիսոր Գուրգեն Բալասանյանի հետ ստեղծեց «Սայաթ-Նովա»  վավերաֆիլմը։

Վերջապես 1967-1968  Սերգեյ Փարաջանովը նկարահանեց  «Սայաթ-Նովա» կինոնկարը: Ուրիշ հարց է, որ սովետական կենտրոնական իշխանությունները պահանջ դրեցին ֆիլմը  վերամոնտաժելու, և միայն 1970-ին այն էկրան բարձրացավ «Նռան գույնը» անունով։  

2006-ին Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում տեղ չգտած հատվածներից ռեժիսոր Լևոն Գրիգորյանը պատրաստեց «Հիշողություններ Սայաթ-Նովայի մասին» փաստագրական ֆիլմը:

Ինչևէ՝ Հանրային ռադիոյի պահոցում մի շատ հետաքրքիր ժապավեն կա. տոնական տարվա անելիքների մասին ռադիոունկնդրին պատմում է Սայաթ Նովայի երգերի հրաշալի կատարողներից և հոբելյանական ձեռնարկների համակարգողներից մեկը՝ Շարա Տալյանը:

 

Կարդացեք նաև

Back to top button