ԿարևորՀասարակություն

Հայաստանն ու ԱՄԷ-ն կհամագործակցեն տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում

Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները կշարունակեն համագործակցությունը «Արտեմիսի» համաձայնագրի սկզբունքներին համահունչ՝ ուղղված տիեզերքի խաղաղ օգտագործմանը և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների նորարարական լուծումների մշակմանը։

Երկկողմ համագործակցության հարցերը քննարկվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների Տիեզերական գործակալության գլխավոր տնօրեն Սալեմ Ալ Քուբայիսիի Աբու Դաբիում կայացած հանդիպման ժամանակ։

Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը տիեզերական ոլորտի զարգացման ուղղությամբ, ինչպես նաև այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Սալեմ Ալ Քուբայիսին, իր հերթին, ներկայացրել է ԱՄԷ Տիեզերական գործակալության ձևավորման և զարգացման փորձը՝ ընդգծելով ձեռքբերումներն ու իրականացվելիք խոշոր նախագծերը։

Կողմերը քննարկել են փոխգործակցության հեռանկարները և համաձայնություն ձեռք բերել համատեղ ծրագրերի իրականացման շուրջ՝ նպատակ ունենալով զարգացնել տիեզերական տեխնոլոգիաները և նպաստել գիտական ու տեխնոլոգիական առաջընթացին՝ ի շահ երկու պետությունների։

Առանձնահատուկ ընդգծվել է գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների, ոլորտային ստարտափների ուղղությամբ հնարավոր համագործակցության կարևորությունը։

Կարդացեք նաև

Back to top button