ԿարևորՄիջազգային

Էր–Ռիադում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կքննարկեն նաև երկկողմ հարաբերությունների վերականգնման հարցը․ Յուրի Ուշակով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն Էր–Ռիադում կհանդիպեն՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների վերականգնմանը, բանակցությունների կազմակերպմանը և Ուկրաինայում կարգավորման գործընթացի մեկնարկին վերաբերող հարցեր, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ով կներկայացնի Մոսկվան հանդիպմանը։

«Պետք է քննարկել նորմալ հարաբերությունների վերականգնման հարցը, Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր բանակցությունների սկիզբը, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով շփումների հեռանկարները», -հանդիպման օրակարգը ներկայացնելով՝ ասել է նա։

Յուրի Ուշակովը նաև հայտնել է, որ արդեն հեռախոսով խոսել է ԱՄՆ պատվիրակության հետ, որը Սաուդյան Արաբիայում կներկայացնի ամերիկյան կողմը։

Էր-Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններին Ուշակովից բացի կմասնակցի նաեւ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Տնտեսական հարցերի շուրջ երկխոսությանը կարող է միանալ նաեւ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավարը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում երեքշաբթի օրը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլտցը եւ Մերձավոր Արեւելքի հարցով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։

Կարդացեք նաև

Back to top button