
Հայաստանյան թանգարանները տարատեսակ միջոցառումներով միացել են Սուրբ Սարգսի տոնի տոնակատարություններին։
Մասնավորապես, փետրվարի 15-ին, ժամը 13։00 10 հաջողակ զույգեր կայցելեն Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ամենասիրված զույգերից մեկը` դերասան Ներսես Ավետիսյանը և լուսանկարիչ Լիլիթ Յունի Ղազարյանը, հատուկ շրջայց կանցկացնեն «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային բացառիկ ցուցադրության սրահում։
Փետրվարի 15-ին, ժամը 14:00 Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ևս կնշեն Սուրբ Սարգսի տոնը սիրո և արվեստի մթնոլորտում։ Միջոցառման ընթացքում կներկայացվի Մարտիրոս Սարյանի և նրա կնոջ՝ Լուսիկի ջերմ ու հուզիչ սիրո պատմությունը, կընթերցվեն նրանց սիրային նամակները։
Փետրվարի 15-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի «Սուրբ Սարգսի պատկերները հայ միջնադարյան արվեստում» թեմայով դասախոսություն։ Բանախոսն արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյանն է։

Մինչև փետրվարի 16-ը Հայաստանի ազգային պատկերասրահի Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը: Կտավում պատկերված են հայոց եկեղեցու ամենասիրելի սրբերից մեկը` Սարգիս զորավարը, և նրա որդին` Մարտիրոսը, որոնք 14 զինվորների հետ նահատակվել են հանուն քրիստոնեության: Նկարը Ազգային պատկերասրահ է բերվել Աշտարակի Կարմրավոր եկեղեցուց, որտեղ պահպանվել է նաև Սուրբ Սարգսին պատկերող 7-րդ դարի որմնանկար:
Բացի այդ, Հայաստանի փայտարվեստի թանգարանում նույնպես կանցկացվեն միջոցառումներ՝ վարպետաց դասեր՝ թելից ճակատնոցի կամ թևնոցի պատրաստման թեմատիկայով։ Կգործի նաև սիրային ֆոտոզոնա։
Փետրվարի 15-ին Գրականության և արվեստի թանգարանն ի նշանավորումն մեծանուն քնարերգու Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակի՝ գեղեցիկ անակնկալ է պատրաստել սիրահարների համար։ Թանգարանում դրված տուփից հանելով բացիկը՝ այցելուները հնարավորություն կունենան տերյանական բառերով սիրային խոստովանություն կարդալու ձեր սիրելիի համար։




