ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Կարմրավորի «Սուրբ Սարգիս» սրբապատկերի հնարավոր «երկվորյակը» Երուսաղեմում է․ դա կօգնի պարզել հայ հեղինակի անունը

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ արդեն 2-րդ անգամ Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում ցուցադրվում է անհայտ հայ հեղինակի համանուն կտավը։ Սրբապատկերը եկեղեցապատկան գույքի պետականացման տարիներին է հասել պատկերասրահ։ «Ռադիոլուրը» փորձել է պարզել, թե ում վրձնին կարող էր պատկանել հայտնի կտավը և հետաքրքիր փաստեր է բացահայտել։

Սուրբ Սարգիսը՝ որդու հետ, նախշազարդ թամբով ձիուն նստած․ անհայտ հեղինակի 1800-ականների սկզբի կտավը թվում է հենց Աշտարակի Կարմրավորի համար է ստեղծել․ փոքրիկ եկեղեցու կարմիր կղմինդրե տանիքի նման կլորավուն են նաև սրբապատկերի հերոսների աչքերը։

Կտավը Սուրբ Սարգսի տոնի առթիվ փետրվարի 12-ից 16-ը կցուցադրվի Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում։ Տեր Շահե քահանա Հայրապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է՝ համանման ոճի սրբապատկեր կարելի է տեսնել Երուսաղեմի գլխավոր հայկական կրոնական կառույցում։

«Երուսաղեմի Սրբոց Հրեշտակապետաց տաճարում կարծես կա նկարի 2-րդ օրինակը։ Այնտեղ և՛ Սուրբ Գևորգը կա, և՛ Սուրբ Սարգիսը նույն պատկերով, նույն լուսապսակով, նույն նիզակով ու ձիով։ Այսինքն հավանական է, որ նույն «նկարչի ձեռքը» պիտի լինի։ Հատուկ հետազոտություն պիտի արվի, մասնագիտական մոտեցում է պետք, որպեսզի այդ նկարները համեմատեն»։

Երուսաղեմի սրբապատկերին էլ կոնկրետ արձանագրություն կա՝ տառեր են, որոնք թվում է, թե ոչինչ չեն ասում, բայց հուշում են տարեթվի մասին՝ ասում է Տեր Շահե քահանա Հայրապետյանը։

«Նույն ժամանակաշրջանն է գրեթե։ Արձանագրությունը հայկական է, նույն շագանակագույն ֆոնի վրա ճերմակով գրված արձանագրություն է։ Կախված հենց Հայկական Հրեշտակապետած վանքում, որը ժամանակին եղել է կուսանոց»։

Տեր հայրը մեկնաբանում է՝ Երուսաղեմը միշտ սնվել է Հայաստանից՝ այստեղից են ուղարկվել եկեղեցական տարբեր պարագաները։ Հավանական է, որ Կարմրավորի սրբապատկերին խիստ նման նմուշն էլ նույն ճանապարհն է անցել։

«Ե՛վ Պոլսի, և՛ Երուսաղեմի, և՛ Հնդկաստանում, Ավստրալիայում գտնվող մեր համայնքներում, պետք է համադրվի ամենը, որ մենք ունենանք ձեռագրերի, նաև կտավների ցուցակ, կարողանանք համադրել ու տեսնել, ասենք, այսինչ նկարիչը, որը Հովնաթանյանների դպրոցի ներկայացուցիչ է, պատկերել է նաև այսպիսի կտավներ»։

Կարմրավորի «Սուրբ Սարգիսը» տոնին ընդառաջ արդեն 2-րդ անգամ է ցուցադրվում Հայաստանի ազգային պատկերասրահում։ Նախորդ տարի այն դիտել ցանկացողների թիվը զարմացրել է՝ ասում է գիտական գծով տնօրենի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը։

«Ցավոք, չունենք որևիցե ստորագրություն, չնայած աշխատանքի վրա կա հիշատակարանի հատված, որը կարելի է ասել մոտ քառորդ հատվածով վնասված է։ Չի բացառում, որ այդ հատվածում գուցե  եղած լինի հեղինակի անվան հիշատակումը։ Ոճային առումով ուշ միջնադարյան հայկական պատկերագրության տրամաբանության մեջ է։ Նմանատիպ աշխատանքներ կարելի տեսնել Հովնաթանյանների մոտ և տվյալ ժամանակահատվածում աշխատած մեր հայ այլ վարպետների մոտ»։

Կտավի ստեղծման ժամանակշրջանում Հայաստանում տնտեսական ակտիվություն էր նկատվում, ակտիվացել էին կապերը Եվրոպայի հետ։ Ինչպես վաճառականները, այնպես էլ  արվեստագետներն առնչվում էին աշխարհամասի հետ, ուստի կտավում զգացվում է նաև եվրոպական դպրոցի ազդեցությունը՝ նկատում է Ազգային պատկերասրահի գիտական գծով պատասխանատուն։

«Բայց ազգային կերպարը, տիպաժը թե՛ սրբի, թե՛ նրա որդու` Մարտիրոսի, վկայում են, որ հայ վարպետի աշխատանք է` որոշակի եվրոպական ազդեցությամբ»։

Սրբապատկերի վրական վնասված հատվածներ ու արտաքին միջամտություններ։ Սամվել Հովհաննիսյանը հիշեցնում է՝ եկեղեցական գույքի պետականացման տարիներին նման աշխատանքները տեղափոխման ընթացքում էլ կարող էին տուժել։

«Այս աշխատանքը, hուրախություն մեզ, բավական լավ վիճակում է հասել Հայաստանի ազգային պատկերասրահ։ Մեր մասնագետների ուշադրության ներքո շարունակում է իր, այսպես ասենք, հաղթարշավը, և հետագա սերունդներին իհարկե կփոխանցենք լավ պահպանված ստեղծագործություն»։

Առայժմ անանուն հեղինակի գործը տարվա մյուս օրերին պահվում է  ֆոնդապահոցում։ Այն Աշտարակի Կարմրավոր եկեղեցուց Հայաստանի ազգային պատկերասրահ բերված բացառիկ և միակ արժեքն է։

Կարդացեք նաև

Back to top button