ԿարևորՄիջազգային

Եվրոպան պետք է իր վրա վերցնի սեփական անվտանգության պատասխանատվությունը․ Փիթ Հեգսեթ

Եվրոպայի առաջնորդները պետք է իրենք ստանձնեն մայրցամաքի անվտանգության գլխավոր պատասխանատվությունը, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով Բրյուսելում կայացած ասուլիսում։

«Մեր եվրոպացի դաշնակիցները պետք է իրենց վրա վերցնեն մայրցամաքի պաշտպանության գլխավոր պատասխանատվությունը»,- ասել է նա։

«Սա անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով մեր առջև ծառացած ռազմավարական իրողությունները: Եվ սա սկսվում է պաշտպանական ծախսերի ավելացումից»,- հավելել է Պենտագոնի ղեկավարը: «2%-ը սկիզբն է, ինչպես նախագահ Թրամփն է ասել, բայց բավարար չէ: Ոչ 3%, ոչ 4%, ավելի շուտ 5%»,- ասել է Հեգսեթը:

Հեգսեթը Եվրոպայում չորեքշաբթի խիստ քննադատության էր արժանացել, հայտարարելով, որ Ուկրաինայի՝ մինչև 2014 թվականը եղած սահմաններին վերադարձն անիրատեսական է, և Թրամփի վարչակազմը չի տեսնում Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը որպես 2022թ․-ին հրահրված պատերազմի լուծման մաս:

Ըստ Հեգսեթի քննադատների՝ այդ արտահայտությունները նշանակում են, որ Միացյալ Նահանգները հրաժարվում է Ռուսաստանի հետ բանակցություններում իր լծակներից, և կարծում են, որ դա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակն է:

Ինչպես Reuters-ն է գրում, Պուտինին ուղղված Թրամփի առաջարկը, որն ուղեկցվում է Ուկրաինայի պահանջների հարցում ակնհայտ զիջումներով, տագնապ է առաջացրել ինչպես Կիևում, այնպես էլ ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցների շրջանում, ովքեր վախենում են, որ Սպիտակ տունը կարող է գործարք կնքել՝ անտեսելով իրենց:

Եվրոպացի պաշտոնյաները հաստատակամ են իրենց դիրքորոշման մեջ, որ ցանկացած համաձայնագիր անհնար կլինի իրականացնել, քանի դեռ իրենք և ուկրաինացիները ներգրավված չեն դրա շուրջ բանակցություններում:

«Ցանկացած արագ լուծում կեղտոտ գործարք է», — ավելի վաղ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում լրագրողներին ասել էր Եվրոպայի արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը:

Կարդացեք նաև

Back to top button