ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, Ուկրաինայի նախագահը գրել է Telegram-ի իր ալիքում։
«Հենց նոր խոսեցի Դոնալդ Թրամփի հետ։ Երկար զրույց։ Խաղաղության հասնելու հնարավորությունների մասին։ Թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության մասին»,- ասվում է Զելենսկու գրառման մեջ։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Թրամփն իրեն տեղեկացրել է նաև Պուտինի հետ զրույցի մանրամասների մասին։
«Ուկրաինան բոլորից շատ է խաղաղության ձգտնում: Մենք Ամերիկայի հետ որոշում ենք մեր համատեղ քայլերը՝ կասեցնելու ռուսական ագրեսիան և երաշխավորելու հուսալի, երկարաժամկետ խաղաղություն»,-գրել է Ուկրաինայի ղեկավարը՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահի հետ պայմանավորվել է հետագա շփումների և հանդիպումների մասին։
Ինչպես RBC-Ukraine գործակալությանը հայտնել է Ուկրաինայի նախագահի հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը, պետությունների ղեկավարների զրույցը տևել է մոտ մեկ ժամ։
Վոլոդիմիր Զելենսկու հետ զրույցը շատ լավ է անցել․ Թրամփ
Դոնալդ Թրամփն իր հերթին Truth սոցիալական ցանցում գրել է, որ իր զրույցը Վոլոդիմիր Զելենսկու հետ «շատ լավ է անցել»։
«Մենք քննարկել ենք պատերազմին առնչվող բազմաթիվ թեմաներ։ Հիմնականում հանդիպումը, տեղի կունենա ուրբաթ օրը Մյունխենում (Մյունխենի անվտանգության կոնֆերանսում) ամերիկյան պատվիրակությունը կգլխավորեն փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն»,-ասվում է Թրամփի գրառման մեջ։
«Հուսով եմ, որ այս հանդիպման արդյունքները դրական կլինեն: Ժամանակն է դադարեցնել այս անհեթեթ պատերազմը, որի ընթացքում մարդիկ ենք զոհվում։ Թող Աստված օրհնի Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդին»,- գրել է ԱՄՆ նախագահը։




