
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է գրեթե 1,5 ժամ, այսօր՝ փետրվարի 12-ին, հայտնել է Միացյալ Նահանգների նախագահն ու Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Deutsche Welle-ն։
Դոնալդ Թրամփը Պուտինի հետ զրույցը համարել է «շատ արդյունավետ» և ասել, որ առաջնորդները քննարկել են Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, էներգետիկայի և արհեստական բանականությանը վերաբերող թեմաներ։
«Մենք երկուսս էլ անդրադարձանք մեր ազգերի մեծ պատմությանը և այն մասին, թե ինչպես ենք միասին այդքան հաջող կռվել Երկրորդ համաշխարհային պատերազմում»,- գրել է նա։
Բացի այդ, Թրամփի խոսքով, նախագահները «ցանկություն են հայտնել դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի պատճառով միլիոնավոր զոհերը»։
Քաղաքական գործիչները համաձայնել են «անհապաղ բանակցություններ սկսել»։
ԱՄՆ նախագահը խոստացել է անմիջապես զանգահարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և տեղյակ պահել զրույցի մասին։
«Ես խնդրել եմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆին, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վալցին և դեսպան և հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆին ղեկավարել բանակցությունները, որոնք վստահ եմ, որ հաջողությամբ կանցնեն»,- հավելել է նա։
Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա․ Պեսկով
Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ զրույցի ընթացքում ՌԴ նախագահը Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել Մոսկվա։ Նրա խոսքով, առաջնորդները պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել։
Բացի այդ, Պեսկովն ասել է, որ Պուտինը համաձայնել է Թրամփի հետ, որ Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորմանը կարելի է հասնել բանակցությունների միջոցով, ինչպես նաև պաշտպանել է իր ամերիկացի գործընկերոջ թեզը, որ եկել է միասին աշխատելու ժամանակը։




