ԿարևորՀասարակություն

Առաջին անգամ անցկացվել է ընթերցանության օլիմպիադա

Առաջին անգամ 5-րդ և 6-րդ դասարանցիների շրջանում կազմակերպվել է ընթերցանության օլիմպիադա «Մայրենի» առարկայի շրջանակում. այսօր Երևանի և մարզերի շարք դպրոցներում անցկացվել է օլիմպիադայի մարզային փուլը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց՝ հետևելու օլիմպիադայի ընթացքին, դիտարկելու ընդհանուր մասնակցությանը, լսելու աշակերտների և ուսուցիչների կարծիքները:

«Կարծում եմ՝ ընթերցանության օլիմպիադայի անցկացումը նպաստելու է երեխաների՝ ընթերցելու կարողությունների զարգացմանը: Հատկանշական է, որ այս օլիմպիադան հանրապետական փուլ չի ունենալու, քանի որ նպատակը մեծ թվով աշակերտների մասնակցությունը և ընթերցանության խթանումն է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում օլիմպիադայի հաղթողներին հնարավորություն կտրվի այցելելու Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարան և մասնակցելու ընթերցանության միջոցառմանը: 

«Մայրենի» առարկայի օլիմպիադան անցկացվում է երկու՝ դպրոցական և մարզային փուլերով՝ տեքստի լուռ ընթերցանության և վերարտադրության ձևաչափով։  Օլիմպիադային մասնակցում են 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները: 

Երևանի և մարզերի դպրոցներից օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել 9849 աշակերտ, որոնցից 8687-ը փաստացի մասնակցել է առաջին փուլին: Ըստ դպրոցական փուլում ցուցաբերած արդյունքների՝  փետրվարի 12-ին կայացած մարզային փուլին մասնակցել է  632 աշակերտ։ 

Համաձայն սահմանված ընթացակարգի՝  օլիմպիադայի դպրոցական փուլի մասնակիցների կատարած աշխատանքները ստուգել են դպրոցի տնօրենի հրամանով «Մայրենի» և «Հայոց լեզու և գրականություն» առարկաների ուսուցիչներից ձևավորված հանձնաժողովները։

Մարզային փուլի մասնակիցների կատարած աշխատանքները ստուգում են մարզի  կամ Երևանի քաղաքապետարանի կողմից ձևավորված «Հայոց լեզու և գրականություն» առարկայի հանձնաժողովները։

Առաջադրանքները գնահատվում է 100 միավորանոց սանդղակով։ Առավելագույն միավորը տրվում է, եթե աշակերտի կողմից ներկայացվում է տրամաբանված, հարուստ բառապաշարով պատասխան՝ հարազատ մնալով գրվածքի բովանդակությանը՝   կատարելով բառերի ճիշտ ընտրություն, նախադասությունների համոզիչ ձևակերպում, օգտագործելով  ինքնատիպ բառապաշար։

Կարդացեք նաև

Back to top button